Թարգը տվեք

Թարգը տվեք

Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուր» պանթեոնում վերջապես «քաղաքացիական պայմանագիր» կնքեց։ Ճիշտ է՝ ընդամենը մի լրագրողի հետ, ճիշտ է՝ անհեթեթ բովանդակությամբ, բայց գոհանանք, որ, այնուամենայնիվ, կնքվեց։ Նիկոլը հրաժարվեց, թե ինքը երբեւէ Շուշին ադրբեջանական քաղաք է հայտարարել։ Փաստորեն, ազգովին թյուրըմբռնման մեջ ենք եղել․ Նիկոլն այդպիսի բան չի ասել։

Խիստ հիասթափեցուցիչ էր նրա հարձակողական արձագանքը լրագրողի՝ Շուշիին վերաբերող հարցին․ տպավորություն էր, թե մարդը բացարձակապես  տեղյակ չէ այն բացասական արձագանքներից, որ հարուցել է ԱԺ-ում օրեր առաջ իր հնչեցրած հայտարարությունը, եւ նրան թվում է, թե միայն մեկ լրագրող է այդ մասին բարձրաձայնում։ Ամբողջ հայ ազգն է զարմացած ու հիասթափված բարձրաձայնում, պարոն վարչապետ, ավելին՝ ազգը մի բերան դարձած՝ հայհոյում է, իսկ Դուք վրա եք քշում մի լրագրողի։ Լավ չէ։ Բայց ավելի վատ է, որ Դուք պատրաստվում եք ուղիղ եթերում պատասխանել հարցին՝ Շուշին ադրբեջանակա՞ն քաղաք է։

Բոլորը, անշուշտ, տպավորված են ամեն ինչ փոխակերպելու Ձեր աննախադեպ շնորհից, եւ որեւէ կասկած չկա՝ Դուք կատարյալ հայանպաստ լույսի ներքո կներկայացնեք Շուշիի «դժբախտ ու դժգույն քաղաք» լինելու վերաբերյալ Ձեր պնդումը նույնպես, բայց սխալվում եք, եթե կարծում եք, թե մարդիկ մի դերասանով Ձեր թատրոնի սիրտն ու հավեսն անվերջ ունեն։ Չունեն․ թարգը տվեք։