Հայաստանը մեր դաշնակիցն է. ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ ԱՀԾ հայտարարությանը

Հայաստանը մեր դաշնակիցն է. ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ ԱՀԾ հայտարարությանը

Չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը` ՀԱՊԿ-ը ՀՀ–ին համարում է իր դաշնակիցը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության աղբյուրը։

Ավելի վաղ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը զեկույց էր հրապարակել և նշել` քիչ հավանական են գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան։

«Այո՛, կազմակերպության քարտուղարությունը տեղյակ է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության այս հայտարարության մասին։ Սակայն մենք Հայաստանին նախկինի պես համարում ենք դաշնակից և շարունակում ենք գործակցել Երևանի հետ աշխատանքային ռեժիմով», - նշել է գործակալության զրուցակիցը։

Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ-ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ-ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը:

Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։

Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։