«Ուրախ» կետ՝ վարչապետական փաստաբանությունից

«Ուրախ» կետ՝ վարչապետական փաստաբանությունից

ՀՀ վարչապետի հեղափոխական ներդրումը, ինչպես բոլոր բնագավառներում, ակնհայտորեն մեծ եւ նկատելի է նաեւ հայոց լեզվի զարգացման «գործում»։ 

Ամենեւին նկատի չունենք այն ներդրումը, որ ի հաշիվ գրական լեզվի նա ներդնում է բարբառի եւ խոսակցական հայերենի հաղթարշավի ապահովման «ուղղությամբ», ընդ որում՝ դա անելով ամենօրյա ռեժիմով եւ ամենաբարձր մակարդակներում։ Նախկին լրագրողը անուրանալի ներդրում ունի նաեւ բուն լեզվաբանության բնագավառում․ նա, ահավասիկ, արձանագրել է «փաստ» բառի նոր հոմանիշների գոյությունը մեր լեզվում․ դրանք «ձեռքբերում»-ն ու «նվաճում»-ն են։ Այսօր, վարչապետական բառարանով, «100 փաստ» բառակապակցությունը պիտի հասկանալ «100 ձեռքբերում» կամ «100 նվաճում» իմաստներով։

Իր հերթական տեսաուղերձում վարչապետը որպես փաստ-ձեռքբերում է ներկայացնում, ոչ ավելի ոչ պակաս, կորոնավիրուսի «գծով» Հայաստան եկող ֆինանսական հոսքերը։ Զարմանալի գոհունակությամբ նշվում է, որ ԵՄ-ն ՀՀ-ին հատկացրել է 96 միլիոն եվրո, մյուս միջազգային կազմակերպություններն ու առանձին երկրներ՝ այսքան-այսքան գումար։ Ամենաուշագրավն այս «նվաճման» մեջ այն է, որ, ըստ վարչապետի, այդ հոսքերը դեռ ավելանալու են (տե՛ս վարչապետական փաստաբանության 26-րդ կետը)։ Վարչապետի մտքով անգամ չի անցնում, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իսկապես հպարտ կլիներ, եթե օգնություն ստացող երկրների ցանկում Հայաստանը գրավեր վերջին «անպատվաբեր» տեղը՝ այնքա՛ն կարիք չունենար այդօրինակ օգնությունների։

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ֆինանսական այդպիսի օգնություններ երկրները ստանում են ոչ միայն համավարակի կանխարգելիչ միջոցառումների համար, այլեւ (եւ առավելապես) արձանագրված վատ իրավիճակը հաղթահարելու նպատակով, հետեւաբար դրական շեշտադրումներով խոսել ապագա ֆինանսական հոսքերի մասին, նշանակում է «հպարտ» փաստերով ընդառաջ գնալ իրավիճակի հետագա վատթարացմանը։

Լեւոն ՍԱՐԳՍՅԱՆ