Մեր դպրոցում ամեն ինչ իդեալական է, նոր տնօրեն չենք ուզում. ակցիա՝ ԿԳՄՍ շենքի դիմաց

Մեր դպրոցում ամեն ինչ իդեալական է, նոր տնօրեն չենք ուզում. ակցիա՝ ԿԳՄՍ շենքի դիմաց

Ես այժմ խոսում եմ դպրոցի բոլոր աշակերտների անունից։ Մենք այստեղ ենք եկել մեկ նպատակով, այդ նպատակն է՝ մեր դպրոցի տնօրենը չպետք է փոխվի։ Այս մասին քիչ առաջ ԿԳՄՍ շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասաց Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահը։

Հիշեցնենք՝ վերոնշյալ դպրոցի  կոլեկտիվը, աշակերտներն ու ծնոնղերն այս պահին գտնվում են ԿԳՄՍ շենքի դիմաց և բողոքի ակցիա են իրականացնում, նրանք եկել են ավտոբուսներով։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ դպրոցում տեղի է ունեցել տնօրենի ընտրություն, գործող տնօրեն Մետաքսյա Բաբայանն ու մյուս թեկնածուն, որը Աբովյանի 10-րդ դպրոցում հայոց լեզվի ուսուցչուհի է եղել, հավասար ձայեր են հավաքել՝ 4/4։ Ակցիայի մասնակիցները պնդում են՝ իրենք ցանկանում են, որ գործող տնօրեն Բաբայանը շարունակի պաշտոնավարել, քանի որ, իրենց խոսքով, հոյակապ տնօրեն է, իսկ մյուս թեկնածուն, որի օգտին 4 հոգի կողմ է քվեարկել, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի մտերիմն է, ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ այդ չորսը ուղղորդված են ընտրություն կատարել։

«Երբ որ մենք 9-րդ դասարանը ավարտեցինք ու եկանք ավագ դպրոց, մտածում էինք՝ շատ դժվար է լինելու ընտելանալ նոր միջավայրին, բայց ընկեր Բաբայանի շնորհիվ այդ դպրոցում ամեն ինչ շատ արագ մեզ հարազատ դարձավ։ Դուք անգամ նկարներով կարող եք նայել՝ ինչքան բան է փոխել ընկեր Բաբայանը տնօրինության իր 5 տարիների ընթացքում, կարող եք զուտ դպրոցի նկարները նայել ու ամեն ինչ պարզ կլինի։ Նա շատ հոգատար է, անձամբ իր բոլոր աշակերտների անունները գիտի , այսօր նման քիչ տնօրեններ կան, իմաստը որն է տնօրեն փոխելու։ Յուրաքանչյուրին Բաբայանը անհատական մոտեցում է ցույց տալիս, հետաքրքրվում յուրաքանչյուրով, այնպես է անում, որ մեզ լավ զգանք։ Մեր դպրոցում ամեն ինչ իդեալական է , չենք ուզում նոր տնօրեն»,- ասաց դպրոցի աշակերտական խորհրդի նախագահը։

Նշենք, որ այս պահին ակցիայի մասնակիցներից 6 հոգի բարձրացել են վերև՝ հանդիպման։