Ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունները թողել ենք դասագիրք կազմողներին եւ ուսուցիչներին

Ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունները թողել ենք դասագիրք կազմողներին եւ ուսուցիչներին

Օրերս՝ կառավարության նիստում, հաստատվեց Հանրակրթության պետական չափորոշիչը, որի հիմքի վրա ԿԳՄՍ նախարարությունը հաջորդաբար կհաստատի առարկայական ծրագրերն ու չափորոշիչները: Մինչ կառավարության հաստատմանը ներկայացվելը, Հանրակրթության պետական չափորոշիչի նախագիծն անցավ քննարկումների տեւական փուլ՝ հիմնականում քննադատվելով հանրության եւ մասնագիտական շրջանակների կողմից։   

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նիստի ժամանակ անդրադառնալով վարչապետի հարցադրմանը՝ կապված «Հայ եկեղեցու պատմություն», «Հայոց պատմություն» եւ «Հայ գրականություն» առարկաների շուրջ բարձրացված հանրային աղմուկի հետ, նշել էր, որ նախնական նախագծում առկա խնդրահարույց դրույթները քննարկվել են ԳԱԱ համապատասխան ինստիտուտների ներկայացուցիչների հետ, կատարվել են շտկումներ, եւ հակասություններն այժմ, ըստ էության, հարթված են:

Այս առիթով առարկայական չափորոշիչների «Հայոց լեզու», «Գրականություն», «Մայրենի»-ի փորձագիտական խմբի ղեկավար Թամար Ալեքսանյանին մի քանի հարց ուղղեցինք․

- Տիկին Ալեքսանյան, կառավարությունը հաստատեց Հանրակրթության պետական չափորոշիչը, իսկ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նիստի ժամանակ անդրադառնալով «Հայ եկեղեցու պատմություն», «Հայոց պատմություն» եւ «Հայ գրականություն» առարկաների շուրջ բարձրացված հանրային աղմուկին, նշեց, որ խնդրահարույց դրույթները քննարկվել են, եւ կատարվել են շտկումներ: Մասնավորապես ի՞նչն է շտկվել:

- Ես իրավասու եմ պատասխանելու Հայոց լեզվի եւ գրականության ծրագրին վերաբերող հարցերին: «Շտկել» բառի հետ այնքան համաձայն չեմ. «վերանայել» բառն ավելի տեղին է: Հանրակրթության պետական չափորոշիչով նախատեսվում է 7-րդ դասարանից նախագծային աշխատանք իրականացնել: Հայ գրականության մի քանի թեմաներ նախագծային տեխնոլոգիայով ներկայացնելու միտում ունեինք, եւ նշված չէին ծրագրի բովանդակային մասում: Վերամշակված տարբերակում այդ թեմաները տեղ են գտել համապատասխան բաժնում:

- Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների եւ օրինակելի ծրագրերի նախագիծն անցած տարի մեծ իրարանցում առաջացրեց հանրության շրջանում, քանի որ հանրակրթական դպրոցի գրականության ուսումնառության հայեցակարգում ներառված չէին 5-րդ դարի հայ պատմագրությունը, առակագրությունը: Քննադատությունների թիրախում հայտնվեցին նաեւ հայ ժամանակակից գրողների գործերը, որոնք շատ դեպքերում առանց հեղինակների գիտության էին ներառվել ցանկում, քննադատվեց նաեւ այն հանգամանքը, որ «Հայ գրականություն» առարկայի անվանումից հանվել էր «հայ» բառը, ինչպես նաեւ առարկաների ժամաքանակների հնարավոր կրճատման հարցը: Բոլոր այս խնդիրների մասով լուծումներ տրվե՞լ են:

- Արդեն նշեցի, որ վերանայվել է ծրագիրը: Հիշյալ թեմաները ծրագրի բովանդակային բաժնում զետեղված են: Ավագ դպրոցում դասընթացը կոչվում է «Հայ գրականություն», սկսվում է 5-րդ դարի մատենագրությունից եւ հասնում է մինչեւ արդի գրականություն:
Ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունները ծրագրում չեն նշվում. սա թողել ենք դասագիրք կազմողներին, նաեւ՝ ուսուցիչներին, որ աշակերտների հետ ընտրեն եւ կարդան արդի գրական երկեր: Ժամաքանակի հարցը, անշուշտ, սուղ է, եթե միայն ավանդական ուսուցման չափումներով մոտենանք, բայց լավ մշակված մեթոդական համակարգը՝ ավանդականի եւ ժամանակակից կրթության մեջ տարածում գտած փոխներգործուն տեխնոլոգիաների ու մեթոդների խելացի համադրումով, ինչպես նաեւ միջառարկայական սերտ առնչություններով, հնարավորություն կտա հաղթահարելու քանակի խնդիրը հօգուտ որակի:

- Գնահատման համակարգում եւս կատարվելու է կտրուկ փոփոխություն. առաջարկվում է կրտսեր դպրոցում հրաժարվել միավորային, «անբավարար» գնահատումից` կիրառելով խրախուսական բնութագրումներ, իսկ միավորային գնահատումը կգործի 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակից: Մեր կրթական համակարգում արդյոք կարդարացնի՞ իրեն այս մոտեցումը:

- Տարրական դպրոցը շատ նուրբ օղակ է, այստեղ հարկ է զգուշությամբ մոտենալ ամեն մի երեխայի. հաճախ միավորային գնահատականը, հատկապես երբ բարձրաձայնվում է դասարանում կամ ծնողական ժողովներին, խոցելի է դարձնում թե՛ աշակերտին, թե՛ ծնողին: Չմոռանանք, որ ներառական կրթության ենք անցել, հետեւաբար, ամեն մի երեխայի կարիքից եւ առանձնահատկությունից պիտի բխեն մեր մոտեցումները: Կարդարանա՞ արդյոք գնահատման այս համակարգը. եթե միայն հարց տանք, բայց լուծումներ չառաջարկենք կամ չգործենք, կարող է եւ հաջողություն չգրանցենք: Ինքս կողմ եմ, որ 6-10 տարեկան երեխաներին զերծ պահենք գնահատականի ճնշումներից եւ վտանգներից: Գնահատման նոր համակարգը ներդնելու համար աշխատել է պետք: Հիմնականում ծնողական համայնքին անհրաժեշտ է լրջորեն նախապատրաստել, բացատրել, փաստերով ապացուցել։

- Անհատականացված դասացուցակն ի՞նչ առավելություններ ունի եւ ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել դպրոցներում: Ուսուցիչներից շատերի կարծիքով՝ անհատական դասացուցակը լավ է, եթե գիտակից աշակերտի հետ գործ ունեն։ Մտավախություն չկա՞, որ եթե ողջ պատասխանատվությունն աշակերտի ուսերին  դրվի, գուցե այս մոտեցումն իրեն չարդարացնի։

- Այնքան էլ համամիտ չեմ մեր աշակերտներին տրվող գնահատականին: Մենք՝ մեծահասակներս, պիտի սովորենք հարգել աշակերտին, նրան վերաբերվել որպես անհատականության, հաշվի առնենք նրա հետաքրքրությունները եւ ցանկությունները: Բայց, սրանով հանդերձ, պիտի փորձենք արմատախիլ անել ծնողի եւ աշակերտի մտայնության մեջ տեղ գտած սպառողի գործոնը: Աշակերտը պիտի սովորի պատասխանատու լինել իր ուսումնառության համար:  Նա դպրոցում ուսուցչից շատ պիտի աշխատի: Դրա համար հարկ է, որ փոխվեն վերաբերմունքը, մոտեցումը կրթության հանդեպ: Այդ նպատակով էլ նախատեսվում է դասավանդման գործընթացում շեշտադրել աշակերտի ինքնուրույն հետազոտական գործունեությունը, որը կընթանա խորհրդատու ուսուցչի նպատակային ուղղորդումով: Աշակերտը դպրոցում պիտի սովորի քննել, վերլուծել իրավիճակները, լուծումներ գտնել եւ պատասխանատվություն կրել իր վճիռների համար: Միջնակարգ ծրագրի շրջանավարտը դպրոցում ձեռք բերած կարողունակությունների եւ ինքնուրույնության շնորհիվ պիտի պատրաստ լինի սովորելու, զարգանալու, ինքնակրթվելու ողջ կյանքի ընթացքում: