Հայաստանի եվրոպականացման հեռացող հորիզոնը
«Ի՞նչ է ուզում, ի վերջո, Հայաստանը: Մենք Հայաստանին առաջարկել ենք միանալ Եվրամիությանը: Եթե Հայաստանը խորացնում է հարաբերությունները ԵՏՄ-ի հետ, նշանակում է գնում է դեպի Արևելք: Ձեր երկիրն Արևմուտքի մաս դարձնելու համար վստահություն չկա Արևմուտքում: Քանի դեռ Հայաստանը համարվում է Ռուսաստանի սատելիտը, շատ դժվար է ասել, որ ձեր երկիրը կմտնի Եվրոպա»,-այսպես արձագանքեց ՀՀ-ում Լեհաստանի նախկին դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին (2015-2017) ի պատասխան իմ այն հարցադրումների, թե ի՞նչն է խանգարում Հայաստանի եվրոպականացմանը, մեր երկիրը եվրոպական մեծ ընտանիքի անդամ դառնալուն: «Հայաստանն Արևմուտքին մերձենալու համար պետք է մաքրվի կոռուպցիայից և օլիգարխիայից»,- ավելացնում է մյուս նախկին դեսպանը՝ Տոմաշ Կնոտեն (2004-2009):
Ես հարցնում եմ ՀՀ-ում Լեհաստանի նախկին դեսպաններին, թե ինչու՞ այդ դիրքորոշումները չէին հայտնում իրենց պաշտոնավարման ժամանակ՝ ՀՀ նախկին իշխանություններին: Դեսպան Նովակովսկին, որն այժմ Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի Հր. Կովկասի և Թուրքիայի համակարգողն է, նշում է, որ ամենատարբեր առիթներով խոսել են այդ մասին: Նա խոսում է հայկական հեղափոխությունից հետո ստեղծված իրավիճակի, ներդրումների անհուսության, Հայաստանի՝ արևմտյան չափանիշներին չհամապատասխանելու, Երևանի անփոփոխ արտաքին քաղաքականության մասին: Ես ավելացնում եմ Հայաստանում Եվրոպայի ձախողման այլ պատճառներ ևս, որոնց մեջ հենց Եվրոպայի մեղքի բաժինը փոքր չէ:
Ավելի քան 1.5 ժամ տևած մեր հանդիպումն ընթանում է Վարշավայի համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնում, ուր մեր՝ Հայաստանից Լեհաստանի մայրաքաղաքում գտնվող վեց լրագրողներիս համար նախատեսված ուսումնական այցին փոխարինելու եկավ քաղաքական սուր բանավեճը իմ և նախկին դեսպանների հետ:
Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատում՝ Սեյմում, Լեհաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար, «Իրավունք և արդարություն» կուսակցության պատգամավոր Տադեուշ Վոժնիակն անդրադառնում է նույն մտահոգություններին. «Հայաստանը կանգնած է երկընտրանքի առջև. ընտրել Ռուսաստա՞նը, թե՞ Եվրոպան: Հայաստանը պետք է ընտրություն կատարի, գիտակցելով, որ ցանկացած ընտրություն ունի իր հետևանքները»:
Մեր այցից մի քանի օր հետո խմբի հետ պետք է հանդիպեին նաև ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է նաև Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Թե՛ Տ. Վոժնիակին, թե՛ Վարշավայում թե՛ այլ հանդիպումների ընթացքում առաջարկում եմ իրենց մտահոգություններն անպայման ներկայացնել ՀՀ ԱԺ պատվիրակությանը:
Ես հիշում եմ անցյալ տարվա նոյեմբերը, ՔՊ-ական հավատաքննության ընթացքում, ՀՀ նախկին փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանի՝ ինձ ուղղված մեղադրանք-հարցադրումը՝ «Դուք Ձեզ եվրոպամետ համարո՞ւմ եք» և իմ պատասխանը՝ «Ես ուզում եմ, որ Հայաստանն ընթանա եվրոպական քաղաքական համակարգի, քաղաքակրթության և արժեհամակարգի ճանապարհով, ստորագրի Ասոցացման համաձայնագիրը, ի վերջո, անդամակցի ԵՄ-ին: Եթե դա եվրոպամետություն է, ապա, այո, ես եվրոպամետ եմ»: Ես վերհիշում եմ «Հրապարակում» տպագրված հոդվածս. «Եվ Դուք պատրաստվում եք բարձրաձա՞յն ասել, որ Հայաստանը պետք է անդամակցի Եվրամիությանը»,-սարսափած նետեց Ռուբինյանը: «Ոչ, իհարկե, որովհետև ԵՄ-ում անդամի կարգավիճակով մեզ ոչ ոք չի սպասում»,-նկատեցի»:
ԵՄ-ում անդամակցության կարգավիճակով Հայաստանին, իհարկե, չեն սպասում, մանավանդ՝ ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից Երևանի հրաժարումից հետո, նաև՝ նոր Հայաստանի ռուսական քաղաքական կողմնորոշման ներկա պայմաններում: Այնուամենայնիվ, ի սարսափ Ռուբինյանի, ես արդեն Լեհաստանի խորհրդարանի վերին պալատում՝ Սենատում, ութ սենատորների հետ հանդիպման ընթացքում բարձրաձայն հարցնում եմ. ե՞րբ կարող է Հայաստանը դառնալ ԵՄ անդամ պետություն: Մշակույթի և մամուլի հարցերով հանձնաժողովի նախագահ, Սենատի ամեանամեծ ընդդիամադիր կուսացության՝ «Քաղաքացիական պլատֆորմի» ներկայացուցիչ, սենատոր Եժի Ֆեոդորովիչն նրբանկատորեն հիշեցնում է՝ Լեհաստանի անդամակցությունը ԵՄ-ին տևել է 15 տարի:
Քննարկումը դառնում է ավելի հետաքրքիր, և ես համառում եմ. ավելի քան քսան տարի Եվրոպայում անվերջ այդ հարցն են տալիս, թե որտեղո՞վ են անցնում Եվրոպայի սահմանները, ի վերջո՝ Եվրոպայի սահմանները աշխարհագրակա՞ն են, թե՞ քաղաքական. իմ այսևայլ հարցադրումներին, դիտարակումներին ի պատասխան «Քաղաքացիական պլատֆորմ»-ի (հիմնադիր՝ Դոնալդ Տուսկ) ներկայացուցիչ, Արտաքին և ԵՄ գործերի հանձնաժողովի անդամ Թոմաժ Գրոդցկին նկատում է. «Եվրոպայի սահմաններն աշխարհաքաղաքական են: Միասնական Եվրոպան եվրոպական արժեքներն են, ժողովրդավարության, իրավունքների ապահովումը, խոսքի և մտքի ազատությունը, ազատ տեղաշարժը, պայքարը կոռուպցիայի դեմ, Եվրոպայի ներքին և արտաքին անվտանգության ապահովումը»: «Եվրոպան բաց է նրանց համար, ովքեր կիսում են այդ արժեքները»,-նշում է Գրոդցկին՝ ավելացնելով՝ «Հայաստանի ճանապարհը երկար կտևի, թեպետ իրականում, եթե Հայաստանում նման ձգտում կա, դա կախված ոչ թե մեզնից, այլ Հայաստանից»: Նույն կուսակցության և նույն հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ սենատոր Պյոտր Վոտչը, համաձայն չէ, որ Հայաստանի ճանապարհը երկար է. «Հայաստանի չունի ՌԴ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներ», իսկ «Լեհաստանն աջակցում է այն պետություններին որոնք ձգտում են գնալ դեպի Եվրոպա»: Հանդիպմանը մասնակցում էին նաև «Իրավունք և արդարություն» կուսակցությունից (հիմնադիրը Լեհաստանի նախկին նախագահ, օդային աղետից զոհված Լեխ Կաչինսկին է) սենատորներ Ռ. Մայերը, Դ. Չուդովսկան, Բ. Օժեխոսվկան, անկախ սենատորներ Յ. Օբերմսկին և Մ. Բորովսկին:
Լրագրողական մեր այցը Վարշավա, մեր հանդիպումները Լեհաստանի հասարակական, քաղաքական, վերլուծական, պաշտոնական շրջանակների հետ հնարավոր դարձան Լեհաստանի ԱԳՆ-ի և ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության համատեղ կազմակերպած ուսումնական-ճանաչողական ուշագրավ, հագեցած և բացառիկ հետաքրքիր ծրագրի շնորհիվ, ինչն ինձ համար ավելին էր, քան պարզապես լրագրողական ճանաչողական այցը: Մանավանդ որ, Լեհաստանն ինձ համար հին բարեկամ է, որին ես լավ և վաղուց գիտեմ: Այցն ինձ հնարավորություն ընձեռեց պարզել Լեհաստանի տարբեր շրջանակների դիրքորոշումները Եվրոպայի ապագայի, ԵՄ-ում Լեհաստանի դերի, նշանակության, և ի վերջո և նախևառաջ՝ Հայաստանի եվրոպական հեռանկարների բացահայտման շուրջ:
Լեհաստանի ԱԳՆ-ում մեր հանդիպման ընթացքում Արևելքի վարչության պետի տեղակալ Ռաֆալ Պոբորսկին մեր տարածարշրջանում և Հայաստանում Լեհաստանի քաղաքական հետաքրքրություններին իմ հարցին ի պատասխան նշում է. «Դիվանագիատական հարաբերությունները մի բան են, աշխարհաքաղաքական հետաքրքրությունները՝ այլ բան»: Պոբորսկին կարևորում է ՀՀ կողմից ԵՄ Շրջանակային համաձայնագրի ստորագրումը և «ճանապարհային քարտեզի» իրականացումը:
Քրիշտոֆ Ստրախոտան՝ Արևելյան ուսումնասիրությունների կենտրոնի Կովկասի, Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի վարչության ղեկավարը, վերլուծում է Հր. Կովկասի աշխարհաքաղաքականությունը Լեհաստանի համար. Ադրբեջանից՝ էներգակիրներ, Վրաստանից՝ եվրոպականացում, Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը պայմանավորված է Ղարաբաղի խնդրով: Ստրախոտան թեպետ քաջատեղյակ է Հայաստանից, սակայն ինքն էլ է հարցադրումներ է անում: «Ի՞նչր կարող է անել Լեհաստանի Հայաստանի համար»,-հանդիպման ավարտից հետո հարցնում է նա ինձ, և մենք խոսում ենք Հայաստանի նշանակության մասին:
«Հայաստանը չդարձավ կենտրոնական երկիր Եվրոպայի համար ՌԴ-ի հետ տարվող քաղաքականության պատճառով, թեպետ դա պայմանավորված է Ղարաբաղի խնդրով»,-ընդգծում են Միջազգային գործերի լեհական ինստիտուտի փորձագետները, միաժամանակ գնահատելով հայկական ոչ բռնի, խաղաղ հեղափոխությունը:
Վարշավյան հանդիպումներից պարզ դարձավ, որ հեղափոխությունը ջերմորեն ընդունած Եվրոպայում Հայաստանի հնարավորությունների հանդեպ հավատ կա, սակայն վստահությունը չկա Հայաստանի եվրոպականացման հեռանկարների շուրջ:
«Հայաստանը մեր սրտում մեծ տեղ ունի»,-մեր հետ հանդիպմանն ընդգծեց սենատոր Եժի Ֆեոդորովիչը: Հայ-լեհական բարեկամությունը ավելի քան 650 տարվա պատմություն ունի: 2017թ. Լեհաստանի խորհրդարանի երկու պալատները միաձայն հաստատեցին Լեհաստանում հայերին որպես պաշտոնական համայնք ճանաչելու 650-ամյակի միջոցառումների ծրագիրը, ինչը Լեհաստանում կարևորում են:
«Մեր նախնիները հայ-լեհական հարաբերությունների պատմական ամուր հիմքեր են դրել: Մենք եկել ենք հավաստելու, որ 65Օ տարի առաջ պաշտոնակացված հայ-լեհական բարեկամության ժառանգականությունը պահպանվում է»,-ասում եմ ես սենատորների հետ հանդիպմանը:
Վարշավյան մեր տարաբնույթ հանդիպումները վկայում են, որ չնայած Հայաստանի եվրասիական ընտրությանը, Ասոցացման պայմանագրից հրաժարմանը, անփոփոխ ռուսական քաղաքական օրակարգին, Եվրոպան դուռը դեռ բաց է պահում Հայաստանի համար:
Ես ինձ հետ Եվրոպա էի բերել նաև իմ ճամպրուկի պես փոքր Հայաստանը և ուզում եմ հենց Վարշավայի կետրոնում բացել իմ ճամպրուկն ու այնտեղից դուրս թողնել Ռուսաստանից կաշկանդված, կրկնակի շրջափակված, մահմեդական հարևանությամբ կողպված, քրիստոնեական այս փոքրիկ կղզյակը՝ Հայաստանը: Ես ուզում եմ իմ երկրի համար բացել Եվրոպայի դուռը, թեպետ իրականում այն Եվրոպան չի փակել, այլ փակվել է հայկական կողմից: Ես ուզում եմ Հայաստանի համար եվրոպական հեռացող հորիզոնը դարձնել տեսանելի ու հասանելի:
Ես քայլում եմ Վարշավայի փողոցներում և փնտրում եմ Եվրոպայի ապագան, Լեհաստանի աննախադեպ առաջընթացի խորքային պատճառները և Հայաստանի եվրոպականացման հորիզոնը, որը շարունակում է անվերջ հեռանալ, անգամ՝ հայկական թավշյա հեղափոխությունից հետո:
Կարծիքներ