Տիգրան Ավինյանն ԱԱԾ-ով չի վախեցնում չինացիներին, նա լեզու է գտել «Շանսի-Նաիրիտի» հետ

Տիգրան Ավինյանն ԱԱԾ-ով չի վախեցնում չինացիներին, նա լեզու է գտել «Շանսի-Նաիրիտի» հետ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հունիսի 11-ին մանրամասներ էր հայտնել հունիսի 4-ին Չինաստանի Շանսի նահանգի Դատոնգ քաղաքում տեղի ունեցած «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության խորհրդի արտահերթ նիստի վերաբերյալ։ Այդ նիստի ժամանակ հաստատվել է խորհրդի կազմում հայկական կողմի նոր անդամների նշանակումը, կանոնադրության մեջ են որոշ փոփոխություններ արվել, չինական կողմն ընդունել է հայկական կողմի առաջարկը՝ ձեռնարկության երկկողմ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։ Կողմերը մինչեւ աշուն բանակցելու են երկարաձգման ժամկետի շուրջ։ 

Հայկական կողմը ձեռնարկությունում այսուհետ կունենա երկու փոխտնօրեն, գլխավոր ինժեներ եւ գլխավոր հաշվապահի տեղակալ։ 

«Որոշվել է ձեռք բերել ձեռնարկության հարեւանությամբ գտնվող ջերմաէլեկտրակայանը եւ այն ընդգրկել ձեռնարկության կազմում, որը ներկայումս կազմում է արտադրական ցիկլի բաղկացուցիչ մասը: Նշված գործարքը հնարավորություն կստեղծի նվազեցնել ձեռնարկության արտադրանքի ինքնարժեքը եւ բարձրացնել արդյունավետությունը։ Առաջին երեք տարին լինելու է grace period, այսինքն՝ վճարում չի արվելու։ Մարումներն իրականացվելու են 3 տարի հետո եւ իրականացվելու են երեք տարվա ընթացքում»,- ասվում է գրասենյակի հաղորդման մեջ։ 

Հարգելի Տիգրան Ավինյանին հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Չինաստանի քաղաքացիները մտան «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տարածք։ Ավինյանի գրասենյակն այն ժամանակ աղմուկ բարձրացրեց, թե չինացիները մուտք են գործել գործարանի նախկին տնօրեն, հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության (ՀՁ) տնօրենների խորհրդի անդամ Ռուբեն Սաղաթելյանի միջնորդությամբ: Գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը հայտարարեց, որ Ռուբեն Սաղաթելյանն իր այս գործողությունները չի համաձայնեցրել ՀՀ կառավարության հետ ու փաստացի զբաղվել է ինքնագործունեությամբ: «Լրացուցիչ քննարկումներից հետո հնարավոր է, որ սահմանված կարգով նախաձեռնվի ՀՁ-ի տնօրենների խորհրդի կազմից Ռուբեն Սաղաթելյանին հանելու գործընթաց: Բացի այդ՝ այս միջադեպի հետ կապված տեղեկատվությունը հանձնվելու է պատկան մարմիններին, որպեսզի պարզեն՝ արդյոք այս գործողություններում առկա՞ է հանցակազմ»: 

Այս հայտարարությունից հետո՝ 2019 թվականի փետրվարի 26-ին, «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի անդամ Ռուբեն Սաղաթելյանը հեռացվեց աշխատանքից։ Շշուկներ կային, որ նրա գլխին են կոտրել չթույլատրված այցելության համար պատասխանատվությունը։ Հիմա ի՞նչ, ԱԱԾ-ն զբաղվե՞ց չինացիներով, թե՞ չինացիները լեզու գտան Ավինյանի հետ։ 

«Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկությունը, որը քլորոպրենային կաուչուկ է արտադրում, բացվել է 2010 թվականի մայիսին։ Այն ստեղծվել է «Շանսիի սինթետիկ կաուչուկների խմբային բաժնետիրական ընկերության» (ՉԺՀ) եւ «Նաիրիտ» ՓԲԸ (ՀՀ) միջեւ 2003թ. կնքված պայմանագրի հիման վրա: Հայկական կողմի բաժնեմասը ձեռնարկությունում 40 % տոկոս է։ 
Անցած 9 տարիներին հայկական կողմը եկամուտ չի ունեցել «Շանսի-Նաիրիտից»։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի օրոք այս մասին հայտարարվել է պաշտոնապես։ 
2015 թվականի հուլիսի 28-ին, երբ ՀՀ կառավարությունը դեռ հույսեր էր տալիս, որ «Նաիրիտը» կվերագործարկվի, ԱԺ-ում քննարկում էր կազմակերպվել այդ թեմայով։ Քննարկման ժամանակ պատգամավորները հետաքրքրվել էին, թե հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» գործարանն ինչ եկամտաբերություն է ապահովում Հայաստանի համար: Գործարանի համանախագահ Իոսիֆ Իսայանն ասել էր, որ այն վնասով է աշխատում, 2010-ից ոչ մի տարի շահույթով չի աշխատել, մոտ 150 մլն դոլարի վնաս է կուտակել: Պարտքը, ըստ նրա, ձեւավորվել է կաուչուկի ինքնարժեքի եւ շուկայում եղած գնի պատճառով:

«Ես 2009-ից «Շանսի-Նաիրիտ» ընկերության համանախագահն եմ: Գործարանն աշխատում է 2010-ից: Ամենամեծ արտադրությունն իրականացրել է 2014թ., արտադրել է 20 հազար տոննա կաուչուկ: ՀԲ-ի ուսումնասիրության մեջ նշված է 40 հազար տոննա, բայց «Շանսի-Նաիրիտն» այդքան չի կարող արտադրել, նրա ամբողջ հզորությունը 30 հազար տոննա է»,- ասել էր Իոսիֆ Իսայանը։  

Փակվե՞ց վնասը, թե ոչ՝ այս մասին այլեւս որեւէ հայտարարություն չի եղել։ Մեր տեղեկություններով՝ այսօր էլ հայկական կողմը եկամուտ չունի։ Այդ դեպքում չինացիների հետ մեծ հույսեր կապելու իմաստը ո՞րն է։ 
Փաստորեն, 2003 թվականից, երբ կնքվեց հայ-չինական ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ պայմանագիրը, մենք աճեցնում ենք «Նաիրիտի» մրցակցի, նրան ենք տալիս կադրերը, տեխնոլոգիան, 2015 թվականին Չինաստան ենք ուղարկել քլորոպրենային կաուչուկի հոսքագիծը, հիմա՝ կադրերը, իսկ մեր ձեռնարկությունը մեթոդաբար ոչնչացրել ենք ու շարունակում ենք ոչնչացնել։ 

Արդեն 1 տարի է՝ «Նաիրիտի» համակարգող խումբն իրավական մեթոդներով պայքարում է, որ գործարանի առավել արժեքավոր հոսքագծերն ու սարքավորումները չվաճառվեն։ Նույնիսկ համաձայնություն էին ձեռք բերել դրա վերաբերյալ, բայց հուսալի ներդրող բերել չհաջողվեց, եւ կառավարությունը որոշեց խախտել պայմանավորվածությունն ու վաճառել նաեւ այդ ունիկալ հզորությունները։ Հունիսի վերջին դրանք հանվելու են աճուրդի։ Սպասվում է, որ սրանով ավարտվելու է քիմիական գործարանի դանդաղ մահվան գործընթացը։ 

Փոխվարչապետ Ավինյանի գրասենյակի ղեկավար Սիսեռյանը հրաժարվեց մեզ պատասխանել, թե գոյության 10 տարում ինչ եկամուտ է բերել Հայաստանին հայ-չինական ձեռնարկությունը, եւ ինչու է հայկական կողմը կրկին երեք տարվա «grace period» սահմանում անեկամտաբեր ձեռնարկության համար։ Նա հորդորեց հարցերն ուղարկել տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն, չնայած հենց ինքն էր հայտարարության հեղինակը, ենթադրաբար՝ այս հարցերում խորամուխ եղած պաշտոնյաներից, որին փոխվարչապետն իր հետ տարել էր Դատոնգ, եւ որը լուսանկարվել էր չինացիների կողքին՝ նրանց նման ժպտալով։ Այնուհետեւ Ավինյանի գրասենյակի ղեկավարը խոստացավ զանգել եւ պատասխանել մեր հարցերին։ Անցել է երեք օր։