Երկրի ղեկավարությունը կարծում էր, որ ձերբակալություններն ավելի են բորբոքելու կրքերը

Երկրի ղեկավարությունը կարծում էր, որ ձերբակալություններն ավելի են բորբոքելու կրքերը

2018-ի ապրիլի 23-ին խորհրդավոր տեքստով իշխանությունից հեռացած Սերժ Սարգսյանը հարցազրույց տվեց «Արմնյուզին»՝ երեք տարի անց պատմելով, թե ինչու ինքը հրաժարական տվեց։ Իսկ ի՞նչ տվեցին մեզ երրորդ նախագահի՝ երեք տարի անց տված պարզաբանումները, երբ բանը բանից անցել է․ հարց ուղղեցինք ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանին։

«Ձեր գործընկեր լրագրողն այդ հարցը տալիս է, եւ ․․․նախագահ Սերժ Սարգսյանը, ես կարծում եմ, համապարփակ պատասխանեց այդ հարցին, թե ինչու տեղի ունեցավ հրաժարականը, ինչով էր դա պայմանավորված, եւ շատ ազդեցիկ մեսիջներ տվեց, որ ցանկացած վերլուծող մարդ հասկանում է՝ իրադրությունը ստեղծված էր այնպես 2018-ի ապրիլին՝ տարատեսակ ուժերի կողմից, որ հրաժարական չտալը եւ չհեռանալը հանգեցնելու էր արյունահեղության։ Եվ իր խոսքում էլ նախագահ Սարգսյանը նշեց, որ ցուգցվանգային իրավիճակում էր հայտնվել»։

- Նրա պատասխանները լրացուցիչ հարցեր առաջացրին։ Օրինակ, երբ ասում է՝ որեւէ մեկը չէր կարող կանխատեսել, որ Հայաստանում կարող է այդ շարժումը ստանալ այդպիսի ընթացք, հարց է առաջանում՝ ինչի՞ համար էիք դուք՝ նրա թիմակիցները, կանխատեսեիք, հուշեիք նրան, որ Գյումրիից մեկնարկած մի քանի հոգանոց շարժումն էսկալացիա է ունենում, կամ՝ ԱԱԾ, ոստիկանություն չկա՞ր երկրում, նրան չէի՞ն զեկուցում իրավիճակը։

- Նիկոլ Փաշինյանը Երեւան քաղաք մտել է մինչեւ 20 հոգի մարդով, եւ ակնհայտ էր, որ կանխատեսել, թե նման թափ կարող է ստանալ, ես՝ անձամբ, չէի կարող։ Իսկ անվտանգության, հետախուզական ծառայությունները, իրավապահ համակարգը, չեմ կարծում, թե ինձանից, Ձեզանից ավելի շատ բան կարող էին տեսնել։ Երբ Նիկոլ Փաշինյանը Երեւան էր մտնում 20 հոգով, դրա դինամիկան, աճը կանխատեսել, որ դա կարող է վերածվել 100 հազարների, մի փոքր բարդ խնդիր է։ Չնայած որ մենք՝ բոլորս, երեւի թե հիմա հասկանում ենք, թե դա ինչպես եղավ, ինչ ցանցեր աշխատեցին ներսից եւ դրսից, եւ ինչ էր պլանավորված։

- Իսկ երբ Ռադիոտունն էին գրավում՝ դուռը կոտրելով, այդ ժամանակ ոստիկանությունը լեգիտիմ իրավունք չունե՞ր ուժ կիրառելու, Սերժ Սարգսյանն իրեն չէ՞ր կարող իրավունք վերապահել՝ այդ խնդիրն օրենքի դաշտում լուծելու։

- Ես կարծում եմ, երբ որ պետական ռեժիմային հիմնարկի վրա հարձակում է տեղի ունենում, իրավապահ համակարգը պետք է գործի եւ արձագանքի շատ կտրուկ։

- Տեղեկություն կա, որ փորձել է գործել, Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է Սերժ Սարգսյանին, որ այսպիսի իրավիճակ է, սակայն նա թույլ չի տվել։

- Ես կարող եմ ասել այն, ինչ տեսել եմ, որ ներխուժել են պետական ռեժիմային հիմնարկ, ջարդել են դուռը, եւ դրանից հետո ոչինչ չի ձեռնարկվել։

- Ինչո՞ւ։ Այդ հարցը չե՞ք տվել Սերժ Սարգսյանին։

- Ես ունեմ իմ ենթադրությունը, որ այդ ժամանակ երկրի ղեկավարությունը կարծում էր, որ ձերբակալություններն ավելի են բորբոքելու կրքերը, ավելի լավ է չձերբակալել, թող այդ շարժումն իր հունով գնա մարի։ Այստեղ հստակ աքսիոմ է գործում, որ այն, ինչ տեղի է ունեցել, անօրինականություն է։ Այստեղ հակընդդեմ հարցն է առաջանում՝ իսկ հեղափոխությունն օրինակա՞ն է։ Ցանկացած հեղափոխություն անօրինական է։

- Սերժ Սարգսյանն ասում է՝ ես իշխանությունը հանձնել եմ Կարեն Կարապետյանին, ոչ թե՝ սրանց (Փաշինյանին եւ իր թիմակիցներին)։ Ինչպե՞ս է հանձնել Կարեն Կարապետյանին, եթե այն հետո վերցրին սրանք։

- Ես երեւի առաջին անգամ եմ հրապարակային խոսում այդ մասին, պատմեմ մի փոքրիկ դրվագ, որ 2018 թվականի ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը ես հանդիպել եմ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ունեցել եմ առանձնազրույց, ինքն ինձ հարցրել է․ «Մեր մեջից տարիքով ամենափոքրը դու ես, ի՞նչ ես կարծում, Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է Հայաստանի վարչապետ լինել»։ Ես ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող Հայաստանի վարչապետ լինել, եւ եթե նա լինի վարչապետ, Լեռնային Ղարաբաղը եւ իր՝ Սերժ Սարգսյանի կյանքի գործը վտանգի տակ է դրվելու։ Նախագահն ինձ ասաց՝ շատ լավ, այդ դեպքում կարո՞ղ ես ընդունել Կարեն Կարապետյանին այնպես, ինչպես ինձ ես ընդունել․ Կարեն Կարապետյանը վարչապետի մեր թեկնածուն է։ Ես ասացի՝ պարո՛ն նախագահ, իրավիճակն այնպիսին է, որ Դուք, կոպիտ ասած, մեր հրամանատարն եք, եւ այդ հրամանը, որ Դուք կարծում եք, որ հիմա պետք է կատարվի, ուրեմն պետք է կատարվի։ Եթե մեր վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է, ուրեմն Կարեն Կարապետյանն է։

- Ձեր թիմի ներսում բոլորը չէ, որ ընդունում էին Կարեն Կարապետյանին։

- Ես ասում եմ այն խոսակցությունը, որ ունեցել եմ նախագահ Սարգսյանի հետ․․․ Դրանից հետո անցել են հաշված ժամեր, եւ մեր խմբակցության ներկայությամբ, պարոն Կարապետյանն էլ ներկա է եղել, երբ մենք հանդիպել ենք Սերժ Սարգսյանի հետ, Սերժ Սարգսյանը եւ Կարեն Կարապետյանը մեզ ասել են, որ ՀՀԿ-ն մայիսի 1-ի վարչապետի ընտրության օրը թեկնածու չունի։

- Ինչո՞ւ։ Չէի՞ք վստահում Կարեն Կարապետյանին։

- Չէ, չվստահելու հարցը չէ, ՀՀԿ խմբակցության մեծամասնությունը համաձայնությունը տվել էր․․․ Ես, համենայնդեպս, չգիտեմ մարդ, ով ասում էր՝ ես չեմ ընտրելու Կարեն Կարապետյանին։ Թե ինչ եղավ, երբ որ արդեն փոխվարչապետ Կարեն Կարապետյանին Սերժ Սարգսյանը հանձնել էր իշխանությունը, Սերժ Սարգսյանի՝ հրաժարական տալուց հետո ինքն էր վարչապետի պաշտոնակատարը, եւ ՀՀԿ խմբակցությունն էլ պատրաստ էր նրան ընտրել ՀՀ վարչապետ, թե ինչ եղավ հետո, որ Կարեն Կարապետյանը հրաժարվեց ստանձնել վարչապետի պաշտոնը, դա, երեւի, արդեն պետք է հարցնել Կարեն Կարապետյանին։

- Իսկ իմ տեղեկությամբ՝ ձեր փակ նիստում քննարկվել է ինչպես Կարեն Կարապետյանի, այնպես էլ այլ թեկնածուի, օրինակ՝ Վիգեն Սարգսյանի անունը, բայց ներսում դեմ են եղել։

- Նման քննարկում տեղի չի ունեցել։ Մենք բոլորս՝ անհատապես, առանձնազրույց ենք ունեցել Սերժ Սարգսյանի հետ, ինքը հարցրել է մեր տեսակետները, որի մասին ես պատմեցի, դրանից հետո խմբակցությունում հակակարենկարապետյանական տրամադրություններ ես չեմ հիշում, եւ նման քննարկում՝ որպես այդպիսին, որ եկեք քննարկենք՝ Կարեն Կարապետյա՞նն է, Վիգեն Սարգսյա՞նն է, թե՞ Միհրան Հակոբյանը, չի եղել։

- Այսինքն՝ Ձեզ համար է՞լ էր տարօրինակ, թե ինչու չառաջադրվեց Կարեն Կարապետյանը։

- Անձամբ ինձ համար՝ այո։

- Սերժ Սարգսյանն ասում է՝ ես հրաժարական տվեցի, որ արյուն չթափվեր, քանզի հրապարակում բազմաթիվ կանայք, երեխաներ կային, ու միաժամանակ իշխանությունը փոխանցեց Կարեն Կարապետյանին, ստացվում է՝ Կարեն Կարապետյա՞նը պիտի մտներ արյան տակ եւ ուժ կիրառեր։

- Բայց խնդիրը Սերժ Սարգսյանի հրաժարականն էր, չէ՞, իրենք Սերժին էին մերժում, չէ՞, շարժումն էդպիսին էր, Կարեն Կարապետյանի մասին խոսակցություն չկար։

- Բայց ինչ-որ պահից սկսեցին նաեւ Կարեն Կարապետյանին մերժել, երբ Կարապետյանի ձեռքը բռնած՝ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ մեկուսարանից ու եկավ հրապարակ, այդ ժամանակ սկսեցին նաեւ Կարենին մերժել։

- Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ կա՛մ ես եմ լինելու Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենալու։ Միգուցե հենց այդ հաշվարկով էլ Կարեն Կարապետյանը հրաժարվեց ստանձնել վարչապետի պաշտոնը՝ հասկանալով, որ եթե իրադրությունը Նիկոլ Փաշինյանը բերում մտցնում է փակուղի, ապա, որպես մարդ, ով սովոր է տասը տարին մեկ «մարտի մեկեր» սարքել եւ արյուն թափել, հնարավոր է, որ արյուն հոսի։ Միգուցե դա դեր խաղաց, որ Կարեն Կարապետյանը հրաժարվեց ստանձնել վարչապետի պաշտոնը։