Ո՞վ է բացել պատերազմի երկրորդ ճակատը

 Ո՞վ է բացել պատերազմի երկրորդ ճակատը

Լևոն Տեր Պետրոսյանի «Պատերազմի վիճակի թելադրանքով» կոչը իսկը ժամանակին էր։ Դա ահազանգ է․ իրոք, պատերազմական իրավիճակ է, ինչպես նա է ասում․

«․․․հակառակորդի կրակակետերն անբացահայտելի են, խրամատներն ու բլինդաժներն անօգուտ»։

Պատերազմը մղում է իշխանությունը, դա էլ հանրահայտ ճշմարտություն է․

«Հասուն պետություններում պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը, գրված թե չգրված օրենքներով, սառեցվում է․․․»

Ու՞մ կողմից է սառեցվում, այդ մասը միակողմանի է բացատրում Առաջին նախագահը․

6. Հուսալ, որ Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներն իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին կկարգադրեն անմիջապես դադարեցնել իշխանությունների դեմ վերջիններիս ծավալած կատաղի պայքարը եւ այդու չեն կորցնի պետական այրին վայել վարք դրսեւորելու այս պատեհությունը։

Իսկ վարչապետի՞ց ինչ հուսալ, որ այսօր պետության գլուխ է ու նրա վերահսկողության տակ է ֆեյքային ու լրատվական մի ողջ բանակ։ Չհուսա՞լ նրանից, որ ետ քաշի ներքաղաքական գրոհի իր անկազմակերպ ֆեյքային բանակը ու իր ողջ ջանքերը ներդնի համաճարակի դեմն առնելու, ոչ թե նախկինների ու այլախոհների նկատմամբ ատելության ու անհանդուրժողականության երկրորդ ճակատ բացի։ Ո՞վ է բացել պատերազմի երկրորդ ճակատը, այդ հարցը պիտի ճիշտ հնչեղություն ստանար, որը, ցավոք, չստացավ։

Այս ձևակերպումը եթե տրվեր Առաջին նախագահի կողմից, կընկալվեր որպես համախմբվածության կոչ՝ ինձ, գուցե ինձ նման մտածող շատերի համար։ Ավելի զորեղ կլիներ։

Իսկ հիմա այսպես եմ մտածում՝ ներքաղաքական պայքարում կոչ անել կողմերից մեկին վայր դնել իր զենքերը, իսկ մյուս կողմի  զենքերի մասին չհիշել, որ պետական լծակների առկայությամբ ավելի զորեղ ու ահավոր է, դա չի ընկալվի։  Պետական լծակների ահեղ զենքերը պատերազմի, համաճարակի ժամանակ օգտագործել ներքաղաքական պայքարի նպատակով, անթույլատրելի է։ Այդ առումով տեղին եմ համարում Առաջին նախագահի կողմից առաջարկը․

Սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, որն ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում։

Լավ է, բայց քիչ է, կիսատ է ասված։ Տեղին է, բայց ուշացած։ Իսկ պատերազմի ժամանակ ուշացած զենքը չի օգնում։ Ներքաղաքական վիճակը թոթափելու ավելի զորեղ գործիքներ կան, Առաջին նախագահը բոլորից լավ դա գիտի, բայց չի բարձրաձայնում։  Ինչ վերաբերվում է ժողովրդի համախմբվածությանը, զարմանում եմ՝ վարչապետի  «ժողովրդից բացի» այլ ժողովուրդ էլ կա՞․․․