Ընդդիմության կողմնակիցները պետք է հպարտանան

Ընդդիմության կողմնակիցները պետք է հպարտանան

Ինչպեսեւ սպասելի էր՝ չեն դադարում քննարկումներն Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձությունների շուրջ։ Կողմերը միմյանց մեղադրում են ոչպառլամենտական պահվածքի համար, ԶԼՄ-ները քննադատական խոսքեր են հնչեցնում, մտավորականներն են սկսել դաստիարակչական բնույթի խրատական քոմենթներ անել, հակամարտող կողմերի կողմնակիցներն էլ հետեւում են դեպքերի ընթացքին։ 

Զարմանալի է, որ ընդդիմության կողմնակիցները կարծես թե այնքան էլ գոհ չեն կատարվածից, եւ նրանցից շատերը կարծում են, որ ընդդիմադիր պատգամավորները լավ չեն պայքարում՝ քիչ են հարվածում, քիչ են հայհոյում, ծեծվում են եւ իրենց պատիվը գետնով են տալիս։ Իհարկե, ընդդիմության կողմնակիցներն իրավունք ունեն իրենց պատգամավորներից պահանջել առավել ակտիվություն, բայց թույլ տվեք նկատել, որ խորհրդարանում տեղի ունեցածը չի կարելի գնահատել սպորտային մրցավեճերի չափանիշներով։

Ընդդիմադիրներին հաջողվեց հայաստանյան գլխավոր թատերաբեմում բեմականացնել սեփական ներկայացումը, եւ նրանք կարողացան լուծել իրենց առջեւ դրված բոլոր խնդիրները։ Նախ, հաջողվեց ցույց տալ, որ իրենք կարող են օրակարգ թելադրել, որ իրենք միասնական են եւ հավատարիմ Բաղրամյանում ձեւավորված գաղափարներին եւ նպատակներին։ Ընդդիմության կողմնակիցներն իրոք կարող են հպարտանալ իրենց պատգամավորներով, որովհետեւ, չնայած սարսափելի սահմանափակումներին եւ ճնշումներին, նրանք կարողացան Բաղրամյանում այրած ջահը մտցնել Ազգային ժողովի անհյուրընկալ պատերից ներս։ 

Ընտրություններից հետո վարչապետի առաջին այցին պատրաստվելիս, հասկանալի է, որ կողմերից յուրաքանչյուրը լուրջ տնային աշխատանք էր կատարել։ Ընդդիմությունը, կարծում եմ, հաշվարկել էր, որ ՔՊ-ականները չեն կարողանալու գործել անկաշկանդ, որովհետեւ իրենց առաջնորդը կանգնած է լինելու ամբիոնի մոտ՝ առանց թիկնազորի, հետեւաբար, իշխանական թեւի պատգամավորները պետք է թիկնազորի դեր կատարեն եւ արձագանքեն ընդդիմության ելույթներին՝ մանր-մունր ռեպլիկներով, բայց սրացումների չեն կարող գնալ, որովհետեւ քաշքշուկի մեջ կարող է վնասվել կամ անհարմար դրության մեջ հայտնվել նաեւ իրենց առաջնորդը։ Ամենայն հավանականությամբ, որոշված էր չգնալ սրացումների հատկապես Փաշինյանի՝ ամբիոնի մոտ կանգնած ժամանակ։

Բացի այդ, իշխանությունները չէին կարող թույլ տալ, որ կառավարության ծրագրի քննարկումը տապալվի, հետեւաբար՝ ընդդիմության համար գործելու ռեալ հնարավորություններ էին բացվում։ Ընդդիմության սկզբնական սցենարը, կարծում եմ, հետեւյալն էր՝ հնչեցնել վիրավորականին մոտ արտահայտություններ, քաղաքական կոշտ գնահատականներ, թեեւ Ալեն Սիմոնյանը կարող է նկատողություն հայտարարել կամ ձայնի իրավունքից զրկել ըմբոստ պատգամավորին, ոչինչ, որ կրքերը կթեժանան, եւ դահլիճից ոմանց կհեռացնեն, կամ ներս կգան ՊՊԾ աշխատակիցները։ Ամեն դեպքում, ընդդիմադիրներին կհաջողվեր ասել իրենց ասելիքը, նաեւ պաշտպանել հեռացվող պատգամավորի իրավունքները, բայց բավականին տպավորիչ տեսարան կստացվեր։ Հաշվարկը ճիշտ էր, եւ տպավորիչ տեսարանի փոխարեն ստացվեց իսկական շեդեւր։ Մինչեւ վարչապետի ամբիոն բարձրանալը, վարման կարգով ձայն են խնդրում ընդդիմադիր պատգամավորները, Սեյրան Օհանյանը քաղբանտարկյալների հարցն է բարձրացնում, Արծվիկ Մինասյանն ու Գեղամ Մանուկյանը հնչեցնում են Բաղրամյանի կախարդական խոսքերը՝ «դավադիր», «դավաճան» եւ «հողատու», ինչին Ալեն Սիմոնյանը բավականին զուսպ է արձագանքում, ինչն էլ իր հերթին վկայում է այն մասին, որ վերը հիշատակված սահմանափակումներն իրոք դրված են ՔՊ-ականների առջեւ։

Վարչապետի ելույթից հետո սկսվում է հարցուպատասխանը, եւ հենց երկրորդ հարցի ժամանակ իշխանական թեւի նյարդերը սկսում են տեղի տալ, ու Ալեն Սիմոնյանը, միանգամայն անհիմն կերպով, կովկասյան Կխալիսիին զրկում է ձայնի իրավունքից, ՔՊ-ականները թեթեւ բանավեճ են ծավալում կովկասյան գեղեցկուհու շուրջ, իսկ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է պատասխանել նրա հարցին։ Պարզ երեւում է, որ կուլմինացիան մոտ է՝ եւս մեկ-երկու սուր ելույթ, եւ ՊՊԾ-ն կներխուժի՝ հեռացնելու որեւէ ընդդիմադիր պատգամավորի, բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Տիգրան Աբրահամյանն առաջարկում է վարչապետին գնահատական տալ իշխանական թեւի պատգամավորների պահվածքին՝ ենթադրվում է, որ նա գոնե ֆորմալ առումով կսաստի իշխանական պատգամավորներին։

Հենց այստեղ է սկսվում այն, ինչը հնարավոր չէր ո՛չ հաշվարկել, ո՛չ կանխատեսել․ Նիկոլ Փաշինյանը հանկարծ հիշում է, որ ինքը մի ինչ-որ բյուրոկրատ պաշտոնյա չէ՝ ծովահենների անպարտելի նավապետն է, եւ չնայած որ հիմա ստիպված է բրենդային կոստյում հագնել, ինչ-որ ծրագրեր գրել, անիմաստ բառակապակցություններ արտասանել, ինքը ծովահենների անպարտելի նավապետն է, որը հասկանում է, որ իրենց նավի վրա գրոհ է իրականացվում՝ փորձում են իրենից խլել դաժան մարտերում ձեռք բերված ավարը, իսկ ինքը հակագրոհ կազմակերպելու փոխարեն զբաղված է ինչ-որ արարողակարգային կանոնների պահպանմամբ, ժողովրդավարություն խաղալով, եւ անմիջապես հակագրոհի հրաման է արձակում։

ՔՊ-ականներն ամեն ինչ հասկանում են եւ միանգամից սկսում են գրոհել ընդդիմության վրա։ Ալեն Սիմոնյանն էլ արագ ընկալում է հրահանգը, եւ Կխալիսիին՝ կովկասյան արքայադստերն աքսորելու հրաման է արձակում։ Այստեղ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ ամեն ինչ գնում է սխալ հունով, անգամ փորձում է կանգնեցնել Ալեն Սիմոնյանին, բայց արդեն ուշ էր՝ պրոցեսի մեկնարկը տրված էր։ Եվ սկսվում է ընդդիմության պարտիան՝ հոլիվուդյան խորհրդավոր եւ բազմաբովանդակ պերսոնաժներով։ Հատկանշական է, որ ընդդիմությանը հաջողվեց ոչ միայն փայլուն ներկայացում բեմականացնել, այլ նաեւ այդ ներկայացման մեջ ամբողջությամբ արտահայտել իր աշխարհընկալումներն ու մոտեցումները։ Եթե հանճարեղ Լոռեցին ողջ լիներ, ապա կարելի էր ենթադրել, որ հենց նա է գրել այս ներկայացման սցենարը, որովհետեւ այն լի էր կովկասյան տրադիցիաներն արտահայտող վառ տեսարաններով, հայկական մենթալիտետին հատուկ համուհոտով, հայ ազգի պատմության ամենավառ դրվագները հիշեցնող խորհուրդներով։ 

Դաժան շահի կամայական հրամանով ըմբոստ հայուհուն փորձում են դավանափոխ անել, եւ անօգնական գեղեցկուհուն պատժելու են նետվում շահի անթիվ-անհամար զինվորները, բայց նրանց ճամփեն կտրում են քաջ կտրիճները՝ խիզախ փահլեւանները, անվախ իգիթները եւ լուրջ դիմադրություն են ցույց տալիս շահի զորքին։ Տեսարանն ուղեկցվում է գյուղի կանանց աղմուկ-աղաղակով, եւ այդ ամենը բարեխղճորեն արձանագրում են գուսաններն ու աշուղները, չնայած նրանց նկատմամբ եւս ոտնձգություններ են կատարվում թշնամական զորքի կողմից։ Աննա Մկրտչյանին օգնության են նետվում գրեթե բոլոր ընդդիմադիր պատգամավորները՝ Արծվիկ Մինասյանն անգամ վնասվածքներ է ստանում, ԱԱԾ գեներալ Արթուր Վանեցյանն անձամբ ձեռնամարտի է բռնվում շարքային ՊՊԾ-ականների հետ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը կայծակնային արագությամբ հասնում է մարտի դաշտ, օրինապաշտ Վարդեւանյանն է սկսում դիմադրել օրենքի պաշտպաններին, իսկ ընդդիմության կին պատգամավորներն իրենց չեն կորցնում եւ սկսում են բղավել Բաղրամյանի լոզունգները։

Ընդդիմությանը հաջողվում է այնպիսի դիմադրություն կազմակերպել, որ Աննա Մկրտչյանին կարողանում են դահլիճից դուրս բերել միայն ՊՊԾ պետի միջամտության արդյունքում, այսինքն՝ շահի ամենափորձառու հրամանատարն է միայն ի կատար ածում նրա հրամանը։ Իհարկե, սա ընդդիմության տրիումֆն է, եւ նրանց կողմնակիցները պետք է հպարտանան իրենց հերոսներով, որովհետեւ այդ օրը ընդդիմությունը կարողացավ միասնական հանդես գալ, ինչ-որ տեղ օրակարգ թելադրել, իսկ ընդդիմության պատգամավորները, մեր պատմական հերոսների նման, անձնազոհություն ցուցաբերեցին։

Այլ բան է, որ հաջորդ օրը բոլոր քաջերն «ընկան», ինչպես կասեր հանճարեղ պոետը՝ այդպես է բանն աշխարհի, որովհետեւ շահի զորքը շատ ավելի մեծ էր, ինքն էլ՝ դաժան եւ խորամանկ, բայց ընդդիմությանը հաջողվեց Ավարայր բեմադրել՝ բարոյական հաղթանակով հանդերձ։ Վերջում անգամ Անցվոր ախպերը հայտնվեց, երբ նախկին դաշնակցական Հովիկ Աղազարյանը, փորձելով նկարագրել Աննա Մկրտչյանի վիշտը՝ կապված Արցախի կորստի հետ, ելույթի փոխարեն Անցվորի խոսքերն արտասանեց․ «Սիրուն աղջիկ, ինչ ես լալիս․․․»։ Մնում է միայն հուսալ, որ հեռու չէ նաեւ այն օրը, երբ համերաշխություն կլինի մեզանում, ու երիտասարդ գեղեցկուհին կկարողանա Աղազարյանին պատասխանել նույն՝ թումանյանական բարի ոճով․ «Շնորհակալ եմ, անցվոր ախպեր, Աստված պահի քու յարին․․․»։ Կարծես թե լայն հանրությունն էլ դեմ չէ այդ հաշտությանը, պարզապես մեզ՝ հայերիս համար միշտ դժվար է հակառակորդին հաշտության ձեռք մեկնելը՝ մենք դրա մեջ պարտության էլեմենտներ ենք տեսնում, եւ դա է թերեւս միակ պատճառը, որ մինչ օրս համերաշխություն չկա Հայաստան աշխարհում։


Պողոս Պողոսյան