«Յունիոր Սևանը» կմասնակցի՞ Բարձրագույն խմբի առաջնությանը

«Յունիոր Սևանը» կմասնակցի՞ Բարձրագույն խմբի առաջնությանը

Հայտնի է, որ «Յունիոր Սևան» Ֆուտբոլային ակումբը ավարտված՝ 2018-19 մրցաշրջանում հանդես գալով ՀՀ ֆուտբոլի Առաջին խմբի առաջանությունում՝ կարողացավ չեմպիոն հռչակվել։ Ըստ կանոնակարգի՝ նորաստեղծ ակումբը սպասվող մրցաշրջանում պետք է հանդես գա Հայաստանի Բարձրագույն  խմբի առաջնությունում։ Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, ի հայտ են եկել որոշ հանգամանքներ, որոնցով պայմանավորված, կարող է ստացվել այնպես, որ «Յունիոր Սևանը» այդպես էլ չկարողանա տեղափոխվել Հայաստանի Բարձրագույն  խմբի առաջնություն։

«Հրապարակի» հետ զրույցում «Յունիոր Սևան» ֆուտբոլային ակումբի նախագահ Հայկ Գրիգորյանը, նշում է, որ իրենք նամակ են ուղարկել ֆուտբոլի ֆեդերացիա և խնդրել, որպեսզի վարենայեն գործընթացը․ «Նամակում խնդրել ենք, որպեսզի բացառության կարգով ակումբին հնարավորություն տրվի հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Բարձրագույն խմբի առաջնությում։»

Հայկ Գրիգորյանը նշում է, որ նորաստեղծ ակումբի համար իրոք դժվար է համապատասխանել սահմանված պահանջներին․ «Այո, մենք իրոք փաստաթղթերը պակաս ենք լրացրել, բայց միևնույն ժամանակ խնդրում ենք ֆեդերացիայից, որպեսզի հնարավորություն տրվի մեզ լրացնելու ունեցած բացթողումները»։

Մեր այն հարցին, թե ի վերջո ո՞րն է խնդիրը, ի՞նչ են ասում ՀՖՖ-ից, ակումբի նախագահը պատասխանեց, որ մերժման հանգամանքներից մեկը տարիքային տարբեր ակումբներ(թվով 7) չունենալն է։

«Յունիոր Սևանի» նախագահը հավելեց, որ  մեկ շաբաթից իրենք կունենան ուղարկված նամակի պատասխանը և նշեց, որ այն կարևոր է այն տեսանկյունից, որ ակումբն արդեն կիմանա՝ ինչ կերպով են պատրաստվելու սպասվող մրցաշրջանին․ «Առաջին խմբին նախապատրաստվելը այլ բան է, Բարձրագույն խմբին պատրաստվելը՝ այլ»։

Մեզ հետ զրույցում ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ 
Հայկ Կարապետյանը նշեց, որ վաղը նոր կարող են պատասխանել մեր հարցերին։