Գյումրու ընտրություններն արտահերթի փորձարկումն են լինելու
Արտահերթ ընտրությունների ուրվականը դարձյալ շրջում է Հայաստանով։ Դեռեւս ոչ հրապարակային, բայց արդեն քննարկումներ են գնում հաջորդ ամռանն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Մի սցենար, որը Փաշինյանի գահավիժող վարկանիշի պարագայում ՔՊ-ին վերարտադրվելու հնարավորություն կտա։ Իշխանությունը հասկանում է, որ ժամանակն իր օգտին չի աշխատում, ու հնարավոր է՝ 2026 թ. հերթական ընտրությունները լուրջ փորձաքար դառնան։ Արտահերթը, ըստ այդմ, անակնկալի կբերի ընդդիմությանը, որը լայն համախմբման խնդիր ունի, ինչը կհեշտացնի ՔՊ-ի վերարտադրությունը:
Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի քաղաքական հետագիծը, ի դեպ, հուշում է, որ արտահերթ ընտրությունների գործիքը նա օգտագործում է իր իշխանությանը սպառնացող իրավիճակներում։ Այդ սցենարը գործեց 2018-ին, երբ որոշված էր, որ ընտրության են գնալու 2019-ին, սակայն Փաշինյանն արագացրեց գործընթացը եւ 18-ի դեկտեմբերին հապճեպ ընտրություն կազմակերպեց: Նույնն արեց 44-օրյա պատերազմում խայտառակ պարտությունից հետո` արտահերթով վերարտադրվելով եւ նոր խոստումներ շռայլելով։
Մեզ հետ զրույցում քաղաքագետ Երվանդ Բոզոյանը հավանական համարեց արտահերթը՝ մանավանդ նկատի ունենալով արտաքին պատվերը, որը դրված է Փաշինյանի առաջ՝ գնալ Ադրբեջանին նոր զիջումներ անելու ճանապարհով եւ փաստաթուղթ ստորագրել։ Ըստ նրա՝ իշխանության վրա ԱՄՆ-ի կողմից լուրջ ճնշում կա՝ գնալ արագ լուծումների։ «ԱՄՆ-ն սպասում է, որ Փաշինյանը սահմանադրությունը փոխի, Ադրբեջանի հետ պայմանագիրը կնքի, որից հետո արդեն Փաշինյանը պետք է պաշտոնապես հրաժարվի նոյեմբերի 9-ի համաձայնագրից, դուրս գա ՀԱՊԿ-ից, ռուսական ռազմաբազան դուրս բերի Հայաստանից։ Նպատակը դա է, որին Փաշինյանը դեմ չէ, բայց դանդաղում է, քանի որ հասկանում է՝ ռիսկեր կան։ Նախ, իր վարկանիշը բավականին անկում է ապրել, երկրորդ՝ ՌԴ-ն հնարավոր է Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառի։ Պատժամիջոցների հետ կապված՝ ԱՄՆ-ն ասում է, որ Հայաստանը պետք է դիմակայի՝ հրաժարվի ռուսական գազից ու մտնի ադրբեջանական գազի տիրույթ, ինչու ոչ՝ համաձայնի, որ ադրբեջանական «փախստականներ» գան Հայաստան։ Իրենց շահը դա է պահանջում»,- ասում է Երվանդ Բոզոյանը։
Ըստ նրա՝ քանի որ Փաշինյանը գիտի, որ վարկանիշ չունի, սպասեց, որ Սրբազան շարժումն անկում ապրի։ «Հիմա ամերիկացիները պարտադրում են, որ գնա արագ լուծումների։ Դա կլինի հաջորդ գարնանը, թե ամռանը, այդ հարցի պատասխանը ես չունեմ, բայց ակնհայտ է, որ այդ օրակարգը կա։ Իրենք այն պահին են գնալու դրան, երբ տեսնեն, որ իրենց դեմ խաղ չկա»,-բացատրում է Բոզոյանը՝ Գյումրիում ընթացող պրոցեսները համարելով այս սցենարի փորձարկումը։ Հիշեցնենք, որ Գյումրիում, որը փաստացի մնացել է առանց համայնքային իշխանության, ՔՊ-ն գնում է ավագանու արտահերթ ընտրությունների։ Նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու նրա մերձավորների նկատմամբ քրեական գործի հարուցումից հետո իշխող Բալասանյան դաշինքն ամբողջ կազմով հրաժարական տվեց, եւ 1-2 ամսից այնտեղ ընտրություններ կլինեն։
«Քանի որ Հայաստանի քաղաքական դաշտում այս պահին անապատ է, իշխանությունը կարծում է, որ ունի մեծ հնարավորություն՝ օգտագործել իր վարչական լծակները։ Գյումրու ընտրություններն էքսպերիմենտ են լինելու, իշխանությունը դրա միջոցով կփորձի հասկանալ, թե իր վարկանիշը մարզերում ինչ վիճակում է, որից հետո կգնահատեն ռիսկը։ Սրանով են պայմանավորված նաեւ ԸՕ փոփոխությունները, որոնք կերաշխավորեն, որ պարտության դեպքում հնարավոր լինի չեղյալ հայտարարել ընտրությունները։ Այսինքն՝ բոլոր ուղղություններով պատրաստվում են ընտրություններին»։
Բոզոյանի խոսքով՝ ԱՄՆ-ն հասկանում է, որ ուկրաինական ճգնաժամը մոտ է ավարտին, որից հետո Ռուսաստանի ձեռքերն ազատվելու են։ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության վերջին հաղորդագրությունը, ըստ նրա, պատահական չէր, որտեղ զգուշացնում էին, թե ԱՄՆ-ն Հայաստանին մղում է «ազգային ինքնասպանության»։ «Այս սցենարը կործանարար է լինելու Հայաստանի համար։ Եթե ռուսները տեսնեն, որ Փաշինյանը հանգիստ ճանապարհով կարող է վերարտադրվել, ի՞նչն է խանգարում նրանց ասելու, որ մենք այլեւս Հայաստանի անվտանգությունը չենք երաշխավորում, իսկ ԱՄՆ-ն դա անելու լծակներ չունի։ Ադրբեջանն ու Թուրքիան 5 րոպեում Հայաստանի հարցերը կլուծեն, եւ հույս ունենալ, որ ԱՄՆ-ն մեզ կաջակցի, միամտություն է, 100 տարվա փորձը դրա վառ օրինակն է»։
Բոզոյանը ներքաղաքական գործընթացների ու ընդդիմության համախմբման մասին խոսելիս լավատեսություն չի հայտնում։ Ըստ նրա՝ որպեսզի ընդդիմությունը կարողանա համախմբվել, պետք է դա անի գաղափարի շուրջ, որը, ցավոք, չունի, քանի որ ճիշտ չի գնահատում աշխարհաքաղաքական պրոցեսները։ «Միայն Փաշինյանին քննադատելը հիմք չէ, որ հասարակությունը քեզ վստահի։ Ցավոք, Հայաստանի քաղաքական դաշտում գավառական մթնոլորտ է, եւ գիտակցումը, թե ինչ սպառնալիքների առաջ ենք, շատերի մոտ չկա։ Հայաստանի քաղաքական դաշտն ապրում է հին՝ մինչեւ 2018 թվականի մտածողությամբ, թե ով է ավելի շատ ընդդիմադիր»,- կարծում է Երվանդ Բոզոյանը։
Սրանով հանդերձ, մեր զրուցակիցը չի բացառում համախմբման հնարավորությունը, որը կարող է փրկել իրավիճակը։ Ըստ նրա՝ նոր ուժի հայտ է ներկայացրել, օրինակ, «Մայր Հայաստան»-ը, որի անդամ է նաեւ ինքը` Բոզոյանը։ Նա հնարավոր է համարում այլ՝ նոր ուժերի ի հայտ գալը եւս, որոնք եթե կարողանան համախմբվել ու իրենց շուրջ գեներացնել նաեւ որոշ անհատների` պայմանական հին ուժերից, իրավիճակը կարող է փոխվել։ Հակառակ դեպքում, երբ հասարակության բնազդները չեն գործում, ցավալիորեն կարող է կրկնվել Արցախի սցենարը։ «Պատմությունը շատ դաժան է այն ժողովուրդների նկատմամբ, որոնք քաղաքականությամբ չեն զբաղվում։ Եթե դու քաղաքականությամբ չես զբաղվում, քաղաքականությունն է քեզնով զբաղվում»,- եզրափակում է Երվանդ Բոզոյանը։
Կարծիքներ