Սրմաքեշն է փոշմանե՞լ, թե՞ կառավարությունն է երաշխիք տվել

Սրմաքեշն է փոշմանե՞լ, թե՞ կառավարությունն է երաշխիք տվել

Այսօր Գյումրու ավագանին անվավեր ճանաչեց մեկ տարի առաջ կայացրած որոշումը: Այդ որոշման համաձայն՝ քաղաքի սեփականություն հանդիսացող  ռադիոգործարանի հանրակացարանի նախկին խարխուլ շենքը, որտեղ դեռևս 11 ընտանիք է բնակեցված, տրամադրվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ բնակարանաշինություն իրականացնելու նպատակով: Այն ժամանակ շենքը ավագանին ետ վերցրեց շվեյցարահայ հայտնի գործարար Վարդան Սրմաքեշից եւ հանձնեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Նշենք, որ մեր ունեցած տեղեկություններով՝ Սրմաքեշն ինքն էր ժամանակին հրաժարվել շենքից՝ պատճառաբանելով, որ տարածքը փոքր է եւ արհեստի կենտրոն հիմնելու համար գործարանային շենքի երկու մասնաշենք էր ցանկանում վերցնել, բայց քանի որ շենքերից միայն մեկն է գտնվում համայնքային հաշվեկշռում, ստիպված էր մտադրությունից ետ կանգնել:

Մեկ տարի անց պարզվեց՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը նախընտրում է հողատարածք ձեռք բերել Գյումրիում եւ նոր շենք կառուցել, ինչն առավել շահավետ է,  քան գործարանի հին շենքը վերանորոգելը:
Գյումրու ավագանին այսօր որոշում կայացրեց՝ շենքը կրկին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Վարդան Սրմաքեշին պատկանող շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությանը։ Ավագանու որոշման հիմքում՝ Սրմաքեշի նոր նամակն է՝ ուղղված Գյումրու քաղաքապետին: Շվեյցարահայ գործարարը այս անգամ պատրաստ է երկու շենքերից յուրաքանչյուրի ուղղությամբ  ներդնել առնվազն 2 միլիոն դոլար եւ լուծել ներկայումս այնտեղ ապրող 11 ընտանիքների վերաբնակեցման հարցը: Իսկ ահա մյուս շենքի համար, որը համայնքապատկան չէ, ընկերությունը պատրաստվում է նամակ ուղարկել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն՝ խնդրելով պետության աջակցությունը, քանի որ իրենց ծրագրի իրականացումը հնարավոր է միայն երկու շենքերը անհատույց տրամադրվելու պարագայում : 

Նշենք, որ նախկինում Սրմաքեշը  շենքի համար մեկ միլիոն դոլարի ներդրում էր պատրաստվում անել՝ համալիր արհեստի կենտրոն հիմնելու նպատակով: Նկատենք, որ այժմ գործարարը գումարը քառապատկել է եւ քայլեր է ձեռնարկում՝ դիմելով կառավարությանը, երկրորդ մասնաշենքը ձեռք բերելու համար: Ուշագրավ է, որ ավագանու անդամներից ոմանք տարակուսանք հայտնեցին ծրագրի իրագործման հետ կապված՝ իսկ եթե նախարարությունը երկրորդ շենքը չտա՞:  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը լեզվից թռցրեց.  «Կտան, որովհետև պայմանավորվածություն կա»: Քաղաքի գլխավոր ճարտարապետ  Հենրիկ Գասպարյանն էլ վստահեցրեց, որ արդեն իսկ կա հստակ նախագիծ, նշված է  աշխատանքների փուլի ավարտը, եւ 2-րդ մասնաշենքը ստանալուց անմիջապես հետո մեկնարկելու  են շինարարական աշխատանքները:    

Հիշեցնենք, որ նախորդ  անգամ էլ, երբ որոշում կայացվեց շենքը տրամադրել «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությանը, ավագանու որոշ անդամներ իրենց անվստահությունը հայտնեցին՝ ասելով, որ նույն ընկերությանն է հանձնվել մարզային հիվանդանոցի շենքը, որտեղ «Սաստեքս» կարի գործարանը հիմնելու նպատակով  ընկերությունը շինանյութերի խանութներին հսկայական պարտքեր է կուտակել։ Իսկ ահա  «Սաստեքս»-ի բացումից ընդամենը 6 ամիս անց գործարանը հայտնվեց սկանդալի մեջ: Աշխատողները բողոքում էին՝ պատճառաբանելով, որ վարձատրվում են թերի, կամ ընհանրապես չեն վճարվում: