Պետությունն է վարկաբեկվում

Պետությունն է վարկաբեկվում

Ես դեմ չեմ, որ երիտասարդները բարձր պաշտոնների նշանակվեն եւ սրընթաց կարիերա անեն: Բայց դա կարող է տեղի ունենալ միայն նրանցից ամենաշնորհալիների եւ ամենատաղանդավորների հետ: Ես չեմ սիրում, որ ինչ որ պաշտոնյայի մասին ասում են` 5 տարի առաջ այսինչ հիմնարկում շարքային գիտաշխատող էր, կամ` առաքիչ, կամ` ուսուցիչ: Մարդիկ, ի վերջո, մի տեղից սկսում են իրենց աշխատանքային կարիերան եւ ոչ մի աշխատանք անպատվաբեր չէ: Բայց արագորեն պետք վեր է բարձրանան ամենից աշխատասերներն ու շնորհալիները, իսկ ծույլերն ու միջակները պետք է մնան ներքեւում:

Սրընթաց կարիերայի պատճառը չի կարող լինել մարդու` ինչ որ մեկի հետ ունեցած ազգակցական կամ ընկերական կապը, պատահաբար ճիշտ պահին, ճիշտ տեղում հայտնվելը, կամ` ստրկորեն ինչ որ մեկին ծառայելը:

 

Ես նաեւ դեմ եմ, երբ մարդու նախկինում արված լուսանկարներն ու գրառումները դառնում են նրա խելքի ու արժանիքների միակ չափման միջոցը: Այո, մարդը կարող է ընկերական միջավայրում լեզու հանել, հիմար մակագրությամբ գուլպաներ հագնել, ծամածռվել ու զվարճանալ եւ դա կարող է պատահաբար նաեւ լուսանկարված լինել: Բայց այդ անլրջությունը չպետք է լինի տվյալ մարդու բուն էությունը եւ նրա վարքն ու բարքը չպետք է ծաղրածուի վարքագիծ լինեն` եթե նա երկիր է ներկայացնելու եւ մարդկանց է ղեկավարելու: Ցավն այն է, որ Վահան Կոստանյանի նշանակումը նշանային է եւ բնութագրում է մեր ողջ պետական ապարատի անլրջությունը, պետական ապարատը հեղինակազրկելու` այս իշխանությունների վարքագիծը: Ցուցադրում է, թե նրանք ինչ անլրջությամբ են վերաբերվում պետությանն ու պետական կառույցներին, իրենց իշխանության ստանձնած պատասխանատվությանը: Եւ ինչպես են հետեւողականորեն վարկաբեկում ու հեղինակազրկում պետական ծառայողի դերն ու նշանակությունը` բարձր պաշտոնների նշանակելով իրենցից ոչինչ չներկայացնող եւ ինքնուրույնաբար ոչնչի չհասած անձանց: