Տղամարդ ես՝ գնա Բակո Սահակյանի գլուխը ցխիր

 Տղամարդ ես՝ գնա Բակո Սահակյանի գլուխը ցխիր

Տարբեր քաղաքական ուժեր Արցախից, Հայաստանից, սփյուռքից այս օրերին Հայաստանի ու Արցախի միավորման կոչեր են հնչեցնում։ Կոչերի ու հայտարարությունների նման ալիք վերջին անգամ հնչել էր 2016-ի ապրիլյան քառօրյայից անմիջապես հետո, երբ հայտնի էր, որ Հայաստանի ԱԳՆ-ն կազմ-պատրաստ պահում է Արցախ պետության ճանաչման մասին փաստաթուղթը՝ այն յուրաքանչյուր պահի շրջանառության մեջ դնելու համար։ Այն ժամանակ բավականաչափ թեժ բանավեճ ծավալվեց, փորձագետների մի մասը պնդում էր, որ 91-ին՝ անկախություն ստանալուց անմիջապես հետո, պահը բաց թողնվեց, մի մասն ասում էր, որ 2016-ի ապրիլը դրա 2-րդ լավագույն հնարավորությունն է, եւ անգամ կոնկրետ մեխանիզմներ էին նշվում՝ ԼՂՀ անկախության ճանաչում եւ հանրաքվե՝ դե յուրե միացում: Նախօրեին Արցախում 2 տասնյակից ավելի քաղաքական եւ հասարակական ուժեր հանդես եկան «Միացում» միավորում ստեղծելու մասին հայտարարությամբ։

Շարժման համակարգող Հրաչյա Արզումանյանը մեզ հայտնել է, որ իրենց առաջարկած տարբերակը երկար պրոցես ու աշխատանք է, ոչ թե լոզունգ ու մի ստորագրության պատմություն։ Իսկ սկզբի համար պետք է ամրագրել, որ Հայաստանն ու Արցախը վերադառնում են 89-90-ականների գաղափարներին։ Մենք զրուցեցինք նաեւ ՀՅԴ նորընտիր ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանի հետ։

- Պարոն Խաչատրյան, ՀՅԴ-ն ե՞ւս կողմ է միավորմանը։ Դա սոսկ հռչակագրայի՞ն միավորում է, թե՞ արդեն ինստիտուցիոնալ, կազմակերպչական գործողություններ են ենթադրվում։

- Մենք նախաձեռնեցինք Արցախ-Հայասատան ռազմավարական դաշինքի հետ կապված ֆորումը, տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ կազմկոմիտեում են եւ համապատասխան աշխատանքներ են իրականացնում այդ տեքստը պատրաստելու ուղղությամբ։ Էն հայտարարությունները, որ հնչում են, որ դավադիրներ կան, ովքեր ցանկանում են պատերազմ հրահրել, մեզ համար շատ մտահոգիչ է։ Մեզ համար շատ մտահոգիչ է  «հայաստանցի-արցախցի» արտահայտությունը, Արցախում նույն հայերն են ապրում։ Կամ, չգիտեմ, Արցախի իշխանությունների հասցեին հնչած էդ վիրավորական արտահայտություններն ու սպառնալիքները։ Կամ՝ մտեք Ֆեյսբուք, տեսեք ինչ արտահայտություններ են հնչում։ Ինչ-որ մարդիկ Երեւանում ասում են՝ կգնանք, Ղարաբաղի նախագահի գլուխը կջարդենք․․․ տղամարդ ես․․․ գնա ջարդի։ Ինչ վերաբերում է հարցի մյուս մասին, այո, ասել ենք, որ Հայաստան-Արցախ միավորումը միացյալ Հայաստանի ճանապարհն է։ Եվ որպես մարտավարություն՝ որդեգրել ենք Արցախի անկախության հռչակումը։ Բնականաբար, Արցախը, ի վերջո, պետք է միանա Հայաստանին, եւ Արցախ ասելով՝ նկատի ունեմ Արցախի Սահմանադրությամբ ամրագրված տարածքները, նաեւ այն տարածքը, որոնք զավթված են Ադրբեջանի կողմից։ 

- Մայիսի 23-ին դեղին քարտ ցույց տվեցիք իշխանություններին՝ ասելով, որ դրանք կվերածվեն կարմիրի, լրջանալո՛ւ պահն է։ Դրանից հետո իշխանությունից ինչ-որ ազդակներ ստացե՞լ եք։

- Հինգշաբթի ներկայացրինք մեր մտահոգությունները, դժգոհությունները կառավարության կողմից իրականացվող քաղաքականության վերաբերյալ։ Բնականաբար, չենք ակնկալում, որ 3 օր հետո ինչ-որ փոփոխություններ պետք է լինեն, որ 2 օր հետո ինչ-որ մեկը կառավարությունից վեր կենա-ասի՝ սա ընդունում ենք, սա չենք ընդունում․ կներեք, այդքան նաիվ չենք։ Մենք նաեւ ցույց ենք տվել, որ ժողովրդի մի հատված կա, որը համաձայն չէ։ Մենք, կրկնում եմ, ներկայացրել ենք մտահոգությունները, որ ունենք, եւ այն ռիսկերը, որոնք կան երկրի զարգացման ճանապարհին։ Եվ դրանից հետո մի քանի տասնյակ մարդ Օպերայի հրապարակում հավաք է կազմակերպել, ինչ-որ բաներ ասել։ 

- Կուսակցությունն այստեղ դեղին քարտ է ցույց տալիս Նիկոլ Փաշինյանին, բայց արտասահմանում, մասնավորապես ԱՄՆ-ում, ինչպես փոխանցում են համայնքից, դաշնակցականները գերջերմ ընդունելություն են ցույց տալիս իշխանության ներկայացուցիչներին։ Հայաստանի եւ դրսի կառույցների միջեւ քաղաքականության համաձայնեցման խնդիր տեսնո՞ւմ եք։

- Նախ, ցանկացած վարչապետ, ով այցելել է, անկախ նրանից՝ դրական ենք վերաբերվել, թե ոչ, Հայաստանի Հանրապետության պատվիրակն է, եթե հանդիպման անհրաժեշտություն է լինում, հանդիպում են։ Բայց որ ջերմ՝ մի քիչ չափազանցնում են։ Եվ առհասարակ, էդ փորձերը՝ շերտեր գտնել Դաշնակցությունում, ի վերուստ դատապարտված են ձախողման։ 91-ից ՀՅԴ-ում եմ, էն գլխից ասում էին՝ դրսի դաշնակցական, ներսի։

- Երեկ ՀՅԴ-ն պատվիրակությամբ եղել է Սարդարապատում, սակայն ոչ պաշտոնական արարողությունների՞ ժամանակ։ Այնուամենայնիվ, այս տարի  եւս Սարդարապատից հետո նախատեսված էր համերգ․ հրավեր ՀՅԴ-ին եղե՞լ է, թե՞ արտախորհրդարանականները չեն հրավիրվում։

- Կարծեմ թե այս տարի հրավեր չի եղել, մենք որեւէ հրավեր չենք ստացել։ Իսկ Սարդարապատ գնացել ենք ժողովրդի հետ՝ Բյուրոյի ներկայացուցիչը, ԳՄ անդամներ, մարզային կոմիտեի անդամներ։