Ողջույն… ընտրակեղծարարներ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում
Ողջույն… ընտրակեղծարարներ

Փաշինյանն ակնհայտ ստում է, երբ խոսում է արդար ընտրությունների մասին, այդ ընտրությունը համարում է ժողովրդի ընտրություն եւ խոստանում ընդունել ընտրության արդյունքները: Խնդրում եմ սա չհամարել տողերիս հեղինակի սուբյեկտիվ կարծիք, քանզի ասվածն ապացուցող փաստեր՝ ինչքան ուզեք: Մի քանիսը կներկայացնեմ ստորեւ, իսկ մինչ այդ նշեմ, որ ազատ, արդար, թափանցիկ ընտրությունը խիստ հարաբերական հասկացություն է: Ում համար տվյալ ընտրությունը «ազատ, արդար ու թափանցիկ է», ում համար՝ ոչ այնքան: Այսինքն՝ կարեւորն այս հարցում ընտրության մաքրությունը չէ, այլ այն գնահատող սուբյեկտը՝ անհատը, քաղաքական ուժը, միջազգային հանրությունը, դաշնակից կամ ոչ այնքան դաշնակից պետության ղեկավարը:
Վերցնենք Նիկոլ Փաշինյան սուբյեկտը եւ նրա օրինակով փորձենք տեսնել, թե Հայաստանի Հանրապետությունում քանի ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություն է տեղի ունեցել մինչեւ 2018թ. դեկտեմբերի ընտրությունները:

Անմիջապես կասեք՝ ոչ մի: Փաշինյանն այս մասին նույնիսկ հայտարարություններ ունի արած եւ ինձ թույլ չի տա ստել: Նա կեղծված է հայտարարել անգամ 1996թ. նախագահական ընտրությունները, մյուս ընտրությունների մասին էլ չասեմ: Իսկ իմ կարծիքով՝ Հայաստանում երբեք էլ բյուրեղյա մաքրությամբ ընտրություններ տեղի չեն ունեցել, իսկ այն, ինչ կատարվել է 1996 եւ 2018 թթ․, մեղմ ասած, շատ հեռու է ընտրություն ասվածից: Այ, սա արդեն իմ՝ այդ ընտրությունների ակտիվ մասնակցիս, սուբյեկտիվ կարծիքն է, եւ կարող եք հանգիստ վիճել: Դիցուք՝ 2018-ի դեկտեմբերին Փաշինյանի գլխավորած ուժը հաղթել է ոչ թե իր կամանդիրի խելքի շնորհիվ, այլ հանգամանքների բերումով, այսինքն՝ պատահաբար:

Այդ հաղթանակին, խոսք չունեմ, նպաստել են հայ հասարակության քաղաքական անգրագիտությունն ու կեղծ հեղափոխության առաջացրած էյֆորիան, 2017 թվականի իշխանությունների «թեթեւ ձեռքը» եւ բազմաթիվ այլ գործոններ: Բայց եթե հավատալու լինենք Փաշինյանին, ապա պետք է ընդունենք, որ 2018թ. ԱԺ ընտրություններն իրենց մաքրությամբ ու թափանցիկությամբ գերազանցել են նույնիսկ Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններին: Մինչդեռ Հայաստանում նման բան լինել պարզապես չէր կարող: Որ 2018թ. արտահերթ ընտրությունները կեղծված են, իսկ հասարակությունը՝ խաբված, կարելի է հեշտությամբ ապացուցել Մուկուչյանին հարցաքննության կանչելով եւ ՀՀԿ-ի՝ իմ կողմից շատ հարգված գործընկերներին «խոսացնելով»: Պարոնայք Արմեն Աշոտյան եւ Էդուարդ Շարմազանով, դուք արդեն սկսել էիք խոսել այդ մասին, իսկ թե ինչու մինչեւ վերջ չտարաք խոսակցությունը՝ ինձ համար մնաց անհասկանալի:

Իսկ հիմա՝ առաջիկա ընտրությունների մասին: Փաշինյանը տարբեր առիթներով բազմիցս ասել է, որ ինքը պարտված չէ, որովհետեւ կարողացել է ՀՀ քաղաքացուն պարգեւել մի շատ մեծ բան՝ սեփական ընտրությամբ իշխանություն ձեւավորելու բերկրանքը: ՀՀ քաղաքացին, պատկերացնո՞ւմ եք, Նիկոլ Փաշինյանի շնորհիվ 2018թ. առաջին անգամ ձեռք է բերել իր իշխանությունը ձեւավորելու հնարավորություն: Եվ հիմա, այս ընտրություններից հետո Փաշինյանը պետք է սուսուփուս ենթարկվի ժողովրդի որոշմանը: Ինքն է այդպես ասում: Կարող եմ գրազ գալ, որ ստում է:

Նա ՀՀ քաղաքացու որոշմանը «կենթարկվի» միայն այն դեպքում, երբ Մուկուչյանը հայտարարի, որ հաղթել է «Քաղպայմանագիրը»: Մի փոքրիկ անհաջողություն կամ այլ ուժի հաղթանակ, եւ Փաշինյանը կընկնի հիստերիայի մեջ: Այս մասին էլ է նա անձամբ հայտարարել եւ արդեն իսկ պատրաստվում է իր կողմնակիցների հետ Հանրապետության հրապարակում դիմավորել Մուկուչյանի պաշտոնական հայտարարությունը: Այս ամենն արդեն հուշում է, որ նա պատրաստվում է կեղծել ընտրությունները: Ես կասեի՝ արդեն իսկ սկսել է կեղծել: Եթե ամուր նյարդեր ունեք, փորձեք հետեւել նրա քարոզարշավին ու կտեսնեք, թե մանիպուլյացիան, սուտն ու գյուղացի ինտելիգենտին հատուկ պոպուլիզմը որքան մեծ տեղ ունեն նրա խոսքում: Իսկ եթե քարոզչությունդ կառուցված է մանիպուլյացիայի, ստի եւ գեղջկական պոպուլիզմի վրա, դա նշանակում է, որ էս գլխից արդեն խաբում ես ընտրողին, մոլորեցնում, փորձում նրանից քվե գողանալ:

Դու, ընտրությունը դեռ չկայացած, ընտրակեղծարարություն ես անում, երբ նախընտրական հանդիպումների ժամանակ հրապարակ ու դահլիճ ես լցնում քո կորտեժի հետեւից աշխատավարձով քարշ եկող ինչ-որ «էլեկտորատով», թե տեսեք-տեսեք՝ ինչքան մարդ ա հավաքվել ինձ թամաշա անելու: Ի վերջո, հիմա փողոցում 2018 թիվը չէ, երբ լայվ մտնելու մենաշնորհ ուներ Նիկոլը: Ով չի ալարում, մի գեղեցիկ լուսանկար կամ տեսանյութ է դնում ՖԲ-ում, եւ, խնդրեմ՝ կեղծիքը բացահայտված է: Իսկ ե՞րբ է խաբեբա քաղաքական ուժը դիմում նման հնարքների… Երբ գիտի, զգում է, տեսնում է, որ հանրության շրջանում վարկանիշ, որպես այդպիսին, գրեթե չունի, երբ տեսնում է, որ իր կողքին մնացել են 3 տարի շարունակ հիմարացված էլեկտորատի փշրանքները:

Վերն ասվածի միտք բանին համառոտ հետեւյալն է՝ Փաշինյանը կեղծում է ընտրություններն արդեն այսօր, փորձելու է կեղծել ընտրության օրը եւ, որ ամենակարեւորն է՝ ընտրության հաջորդ օրերին, երբ իմանա, որ պարտություն է կրել: Այնպես որ, սիրելի հայրենակիցներ, հունիսի 21-ին աշխատեք փողոց չիջնել, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում իջեք բրոնեժիլետներով եւ սաղավարտներով: