Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի մրցույթում մրցակցության սկզբունքը խախտվում է 

Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի մրցույթում մրցակցության սկզբունքը խախտվում է 

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի հավակնորդների ցանկը հրապարակելով՝ երեկ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն անակնկալներ մատուցեց հանրությանը։ Մրցույթը կազմակերպող ու անցկացնող մարմնի՝ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի երեք  անդամներ՝ նախագահ Տիգրան Հակոբյանը, Արմեն Մկրտչյանը, Գագիկ Բունիաթյանը, թեկնածուների թվում են։ Նրանք, անշուշտ, իրավունք ունեին առաջադրվելու, սակայն նրանց առաջադրմամբ մյուսներն ավտոմատ կերպով անհավասար մրցակցության պայմաններում հայտնվեցին։ Ստացվում է, որ թեկնածուների թվում են անձինք, որոնք հաստատելու են մրցույթի հաղթողին կամ հաղթողներին և ներկայացնելու են վարչապետին, որն էլ կատարելու է խորհրդի նախագահի նշանակումը։ Պաշտոնյան ունի ազդեցության լծակներ, և առնվազն ավելի բարոյական կլիներ հրաժարվել պաշտոնից, ապա նոր մասնակցել մրցույթին։ Խորհրդի նախագահի ՀՌԱՀ անդամ թեկնածուները մյուս թեկնածուներից խորհրդի աշխատանքի ծրագիր են պահանջել։

Հասկանալի է, որ, լինելով հեռարձակվող լրատվամիջոցների գործունեությունը վերահսկող, անկախությունն ու բազմակողմանիությունն ապահովող անկախ պետական մարմնի աշխատակիցներ, ՀՌԱՀ անդամներն ու նախագահ Տիգրան Հակոբյանը, որը մինչև վերջին օրը թաքցնում էր մրցույթին մասնակցելու իր մտադրությունը, ավելի տեղյակ են այս ոլորտների խնդիրներից, նորություններից։ Հետևապես, նրանք ավելի արագ և որակով կկազմեն հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի գործունեության հայեցակարգը, ծրագիրը, քան մյուսները, կրկին առավելություն ստեղծելով իրենց համար։ Մասնակիցների թվում կան մարդիկ, որոնք երկար ժամանակ դուրս են մնացել հանրային եթերի կառավարման ոլորտից, և նրանց համար ծրագիր ներկայացնելն ավելի դժվար է, քան ՀՌԱՀ անդամների համար, որոնք հանձնաժողովի գլխին են և տիրապետում են առնվազն հանրային ռադիոյի և հեռուստատեսության հաշվետվություններին։ Իսկ դրանք հանրության համար հիմնականում փակ են եղել, բայց բաց՝ վերահսկող մարմնի համար։

Թեկնածուների ցանկին ծանոթանալով՝ ակնհայտ է, որ նրանց մի մասը պարզապես շփոթում է հեռուստառադիոընկերության խորհրդի և հանրային հեռուստատեսության ղեկավարների պաշտոնները։ Նրանք հարցազրույցների ժամանակ պատմելու են իրենց պատկերացրած ռադիոյի և հեռուստատեսության մասին՝ մոռանալով, որ խորհուրդը կառավարման յուրահատուկ մարմին է, որի ղեկավարը երկու տնօրենների հետ համատեղ ու նրանց հետ հավասար պետք է աշխատի՝ ոչ թե ուղղակի, այլ միջնորդավորված ձևով ազդելով եթերի բովանդակության, ծրագրերի վրա՝ ընդունելով կամ չընդունելով դրանք։ Մեզանում խորհրդի նախագահը պոլիտբյուրոյի ղեկավար է եղել, նա է որոշել ծրագրերը, թե ինչ սերիալ պետք է նկարվի, ով պետք է կատարի գլխավոր դերը, որ ծրագիրը պետք է մտնի, ինչ ցանց պետք է կազմվի, ինչ գումարներ և ինչի համար պետք է հատկացվեն, իսկ մյուսները եղել են կողմ քվեարկողներ, նրա ենթակաները՝ արատավոր մոդել, որը պետք է փոխվի։ 

 Թեկնածուների թվում կան զարմանալի անուններ՝ 80-ականների վերջից «Մայրաքաղաք» ծրագրից հայտնի լրագրող Տիգրան Ռշտունին, որը վերջին տարիներին ֆիզիկապես առողջ չէ,  դժվարությամբ է քայլում ու տեսողական խնդիրներ ունի։ Անսպասելի է Հովհաննես Թովմասյանի թեկնածությունը։ Նա «Արմենիա» հեռուստաընկերության կոմերցիոն տնօրեններից է եղել, աշխատել է «Զինուժ» ծրագրում։ Կան ռեժիսորներ՝ Արա Շիրինյան, Նունե Էլմասյան, սցենարիստ Հարություն Բերբերյանը, որոնք հեռուստատեսության մասնագետներ են, բայց հազիվ թե ունենան կառավարչական հմտություններ՝ խորհրդի աշխատանքը կազմակերպելու համար։

Մասնակիցներից երեքը՝ հաղորդավար, մեկնաբան Վարդգես Ավետիսյանը, լեզվի պետական տեսչության նախկին պետ, մոտ 70 տարեկան Լավրենտի Միրզոյանը, ազատամարտիկ Թաթուլ Կրպեյանի կինը՝ Իրինա Բարսեղյանը այս տարի որոշել են անպայման եթերին առնչվող պաշտոն ստանալ։ Նրանք և՛ ռադիոյի տնօրենի թեկնածուների ցանկում են, և՛ Ռուբեն Ջաղինյանի տեղն են երազում զբաղեցնել, ու եթե վաղը Հ1-ի տնօրենի մրցույթ լինի, կրկին փորձելու են։