Ա՜խ այդ աղանդները

Ա՜խ այդ աղանդները

«Այդպես էլ սպանում են նորամուծությունը, ինքնատիպությունը, արարումը, ըմբոստությունը: Հետևանքներն էլ համապատասխանաբար՝ մեր կլոնացված գոյությունը…լուսնոտի մեր ապշությունը…մարդկային էակների մեկուսացումը…անզգայացումը համընդհանուր տգեղության հանդեպ…Ո՛չ, սա ընթացիկ նիստ չէ: Սա աշխարհի վերջն է քայլերթով: Անհնար է ենթարկվել աշխարհին և այն ձևափոխել»:                                                                                                    

Ֆրեդերիկ Բեգբեդեր  «99 ֆրանկ»

Համայնատիրական կամ ավելի պարզ ասած՝ կոմունիստական կարգերից հետո Հայաստան աշխարհում մի արտահայտություն է շրջանառվում՝ աղանդ: Սա ներկայացվում է իհարկե որպես վտանգավոր մի երևույթ: Համարյա ինչպես մարդասպանությունը, գողությունը, խաբեբայությունը, կաշառակերությունը և ցանկացած այլ բացասական երևույթ: Իսկ որպեսզի պատկերն ավելի հասկանալի և թափանցիկ, ավելի ճշգրիտ լինի, օգտագործում են աղանդ և համասեռամոլություն արտահայտությունը: Այսպես ավելի հրահրող է և մարտաշունչ:                                                          

 Այդ մարդկանց այնպես են ներկայացնում, որպես թե նրանք քայքայում են երկիրն ու ազգը: Եվ այդ թեմայով գրում են համարյա բոլորը: Դրա համար առանձնակի գրագիտություն պետք չէ: Բավական է ուղղակի աղանդ բառը հոլովել և ընթացքում մի քանի վիրավորական արտահայտություն ավելացնել: Ցանկալի է իհարկե  գրաճանաչ լինելը, այբենարանից զատ մեկ երկու գրքի վերնագիր հաղթահարած լինելը, բայց դա էլ այնքան պարտադիր չէ: Իսկ ահա աստվածաբանություն իմանալը բացարձակապես պարտադիր չէ: Մի քիչ ավելի պարտադիր է կարողանալ արտաբերել հայ և ինքնություն բառերը, իսկ գեն բառի ներկայությունը նյութի մեջ արդեն գիտական տեսք ու իմաստ է հաղորդում այդ ամենին: Եվ որ ամենաուշագրավն է այդ մասին գրում են նույնիսկ աթեիստները: Մարդիկ, ովքեր ընդհանրապես աչք չունեն Աստծո հետ:                   

Ընդ որում հետաքրքիր է, որ վերոհիշյալ համայնատիրական կարգերի ժամանակ աղանդ բառը բոլորովին չէր օգտագործվում: Ոչ թե ավելի խելացի էին կամ ավելի մարդասեր թե հանդուրժողական, այլ պարզապես նրանց համար բոլոր եկեղեցիներն էին աղանդ կամ ուղղակի օպիում. այդպես էր նրանց պատգամել Լենին պապիկը: Բայց կա մի ավելի ուշագրավ պահ՝ աղանդ բառն ընդհանրապես չի օգտագործել Հիսուս Քրիստոսը: Նա՝ Ով արարել է աշխարհներն ու մարդուն, Ում առջև բաց են այս աշխարհի բոլոր խորհուրդներն ու գաղտնիքները, երբեք չօգտագործեց աղանդ բառը, հրաշալի իմանալով, թե ինչ տարաձայնությունների առիթ կարող է հանդիսանալ այդ արտահայտությունը: Բայց ստացվում է, որ որոշները շատ ավելի խելացի են և գիտեն թե ովքեր են այդ խորհրդավոր աղանդները կամ կրոնական շեղված ուղղությունները:             

Ահա այստեղից  էլ սկսվում է ողջ պատմությունը: Շեղված ինչի՞ց կամ ումի՞ց: Պետությունի՞ց, թե՞ մարդկային բարոյականությունից: Իսկ միգուցե մեկ այլ ուղղությունի՞ց կամ ասենք Աստվածաշնչից: 

 Եթե մենք ընդունում ենք, որ աղանդ երևույթը կրոնական է և վերաբերվում է տարբեր եկեղեցիների միջև եղած տարաձայնություններին, ապա արդյո՞ք բնական չէ, որ շեղումը պետք է լինի Աստվածաշնչային գաղափարախոսությունից կամ դավանաբանությունից: Եվ որ հարցը պետք է լուծվի եկեղեցիների դավանաբանական մակարդակում, հիմք ընդունելով միայն և միայն Աստվածաշունչը այլ ոչ թե որևէ եկեղեցու դավանաբանություն: Երբ հիմք է ընդունվում որևէ եկեղեցու ուսմունքը, դա բերում է նրան, ինչի օրինակը մեր աշխարհն արդեն ունի՝ ինկվիզիցիա կամ հավատաքննություն: Իսկ հավատաքննության զոհերի քանակը միջնադարում, ըստ պատմաբանների, տատանվում է 50 – 100 միլիոնի սահմաններում:                                                       

 Եվ վերջապես, ովքե՞ր են այդ խորհրդավոր աղանդավորները, որոնց վերագրում են աշխարհակործան դեր ամբողջ աշխարհով: Ովքեր քայքայում են ազգն ու ինքնությունը: Գաղտնիք չկա. դրանք բողոքական եկեղեցիներն են: Ընդ որում այդ բոլոր եկեղեցիները այլ երկրներում ունեն միանգամայն բնականոն գործունեության դաշտ, ընդունված պետական կամ հասարակական մակարդակում: Եվ երբեք չի օգտագործվում աղանդ արտահայտությունը:                                     

 Իսկ ահա մեզ մոտ այդ հարցը լուծվում է լրագրողական մակարդակում: Կամ փորձում են լուծել: Իսկ միգուցե դա անձնակա՞ն կարծիք է, որ ամեն մեկն իրավունք ունի արտահայտել: Եվ այդ արտահայտվելու արդյունքում ստացվում է, որ խաղից դուրս է համարվում հավատավորների մի հսկայական քանակություն. Առաջանում է այսպես կոչված սևերի և սպիտակների ֆենոմենը:           

Ուշագրավ է հետևյալ փաստը. Հիսուսը չէր օգտագործում աղանդ բառը: Իսկ ահա Նրա հետևորդներն օգտագործում են: Բայց չէ որ երբ լրագրողը կամ որևէ այլ մեկը օգտագործում է աղանդ բառը, նա իրեն թույլ է տալիս մուտք գործել մարդու սրբության սրբոցը՝ մարդ – Աստված փոխհարաբերության ոլորտը: Ոլորտ, որ կարգավորում է միայն և միայն Աստված: Այստեղ անհրաժեշտ է մի փոքր պարզաբանել, թե ինչ է նշանակում ընդհանրապես հավատք: Հավատքը դա մարդու դաստիարակության, կրթության, աշխարհայացքի այն համադրումն է, որ միայն Աստծուն է հայտնի: Եվ միայն Նա գիտի մարդու հավատքի ճիշտը կամ սխալը, անկեղծությունը կամ կեղծավորությունը:                                                                                                          

Աստված – մարդ ուղին եզակի և միայն Աստծուն հայտնի փորձառություն է, փակ կողմնակի աչքերի ու մտքի համար: Իսկ երբ փորձում են որևէ հավատք պարտադրել նրան այս կամ այն ուղիներով, հասարակական թե քաղաքական, կրոնական դիվիդենտներ շահելու համար, ապա նվազագույնը, որին նրանք հասնում են, անհանդուրժողականությունն է և այն պառակտումը, որի դեմ որպես թե իրենք պայքարում են: Սա քայքայում է հասարակության հոգեբանության ու մտածողության նուրբ հյուսվածքը: Եվ դա անում են մարդիկ, ովքեր խոսում են ազգի միաբանությունից: Եթե մարդկային մի հսկայական զանգվածի պիտակավորում են բացասական երանգավորում ունեցող արտահայտությամբ, դա անկասկած ազգի միաբանությանը չի նպաստում:                                                                                          

Միաբանությու՞ն. իսկ արդյո՞ք դա այն չէ, ինչ միայն Աստված կարող է անել: Այն Աստվածը, Ում հետ իրենց եզակի  հավատքով հենց փորձում են փոխհարաբերության գնալ այն մարդիկ, որոնց անվանում են աղանդավոր: Ովքեր մեր հասարակության լիրավ անդամներն են և որոնց հանդեպ բացակայում է մի պարզ ու գեղեցիկ, և միևնույն ժամանակ հասարակական նուրբ հյուսվածքն ու կապերը ցեմենտելու համար այնքան անհրաժեշտ հանդուրժողականությունը…    

Հովիկ Մխիթարյան