Հալածվում են մարդիկ, որոնք չեն կարող կոտրվել, այդ թվում՝ գնդապետ Ասլանյանը

Նախօրեին «Մոսկվա» կինոթատրոնում կայացել է արցախյան պատերազմի մասնակից, կինոռեժիսոր Սամվել Թադեւոսյանի «Արդարության մարտիկներ» ֆիլմաշարի հերթական՝ «Պատվո արահետ» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը ներկայացնում է Արցախի պաշտպանության բանակի գնդապետ Նորայր Ասլանյանի մարտական ուղին եւ մարտական ընկերների ներկայացրած կենսագրական տվյալները Նորայրի մասին:
Նորայր Ասլանյանը բարձրագույն ռազմական կրթությամբ զինվորական հրամանատար է, ով հայոց բանակում ծառայել է 1991-2022 թթ․։ Ռազմական գործում գրանցած զգալի հաջողությունների համար պարգեւատրվել է Մարտական խաչ երկրորդ եւ առաջին աստիճանի, ինչպես նաեւ ՀՀ եւ ԱՀ Մարտական ծառայության բազմաթիվ շքանշաններով։
«Պատվո արահետ» փաստավավերագրական ժապավենն «Արդարության մարտիկներ» ֆիլմաշարի 10-րդ ֆիլմն է։ Ռեժիսորը նկատում է՝ մեր օրերում մարտական ուղի անցած շատ գեներալներ ու զինվորականներ են հալածանքների ենթարկվում, «Պատվո արահետ» ֆիլմի հերոսն էլ հերթական զոհն է, որ այսօր ճաղերի հետեւում է հայտնվել։ Այս առումով ֆիլմը նպատակ ունի հանրայնացնել հերոսական կերպարներին ու դրանով դաստիարակել նաեւ ապագա սերունդներին:
«Գնդապետ Նորայր Ասլանյանի մասին, անկասկած, կարելի է երկար խոսել, բայց այս դեպքում ես երկու բան ընդամենը կարող եմ ասել․ Նորայր Ասլանյանն այլեւս տեսակ է։ Այդ տեսակն այսօր մի քիչ նահանջել է, որովհետեւ կա հայրենի իշխանությունների բիրտ քաղաքականությունը՝ հալածել եկեղեցուն, քանդել դպրոցը, բանակը, թատրոնները, Օղակաձեւ զբոսայգու անվան տակ՝ նորակոթող Նեմեսիսի հուշարձանը․․․, այսինքն՝ մեր ականջը սովորեցնում են ապագա ողբերգությանն ու հետո կանգնեցնում փաստի առաջ։ Տոտալ արշավանք կա մեզ վրա, եւ ամենացավալին այն է, որ դրանք անում են հայ մարդիկ։ Եվ հալածանքի առարկա են դարձրել մարդկանց, որոնք չեն կարող կոտրվել, այդ թվում՝ գնդապետ Ասլանյանը։ Ֆիլմում փորձել ենք ներկայացնել մի մարդու, ով պարզապես լեգենդար հրամանատար է, հերոս, ով իր երկարամյա զինվորական ծառայության ընթացքում ամբողջովին նվիրվել է Արցախի պաշտպանությանը»։
Կարծիքներ