Եթե հաղթի, Ռուբեն Ջաղինյանին կհրավիրի իրեն խորհրդական 

Եթե հաղթի, Ռուբեն Ջաղինյանին կհրավիրի իրեն խորհրդական 
Համլետ Ղուշչյան

Հայտնի հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանը, որն իր կարիերան սկսել է որպես մարզիկ, Ռուբեն Ջաղինյանի տեղը զբաղեցնելու հավակնություն ունի։ Նա հեռուստառադիոխորհրդի նախագահի թեկնածուների թվում է։ Մեզ հետ զրույցում նա տեղեկացրեց, որ եթե հաղթի, անպայման Ջաղինյանին կհրավիրի իր մոտ խորհրդական աշխատելու, քանի որ հանրայինը Ռուբեն Ջաղինյանի շնորհիվ մի քանի քայլ առաջ է գնացել նախորդ ժամանակներից։ Ջաղինյանից էլ սկսվեց մեր զրույցը։ 

- Ես նրան կհրավիրեմ, որովհետև մարդը հասկացավ հեռուստատեսության էությունը, կարողացավ հեռուստատեսությունը մոտեցնել մեր ժողովրդին, ճիշտ է, շատերը չհասկացան դա։ Բայց այն, որ հանրային հեռուստատեսությունը 20 տարի ծառայել է նախկին հանցագործ ռեժիմին փաստ է։

- Ռուբեն Ջաղինյանը նոր բան բերեց, բայց նա էլ շատ էր ժամանցային հաղորդումներին զարկ տալիս։

- Ջաղինյանը «Շարմից» է, իսկ «Շարմը» ստեղծված էր զվարճալի հաղորդումների համար։  

- Բայց դրանով չի կարելի սահմանափակվել։ Հանրայինը պետք է սոցիալական ծրագրերի հզոր բլոկ ունենա, տեղեկատվական, վերլուծական։

- Այո, դրա համար ես ուշադրություն եմ դարձնելու սոցիալական ծրագրերին, երիտասարդական, մանկապատանեկան, մի խոսքով, ամեն ինչ պետք է փորձեմ անել, եթե, իհարկե, իմ ծրագիրը հավանության արժանանա։ Բայց ես գիտեմ, թե ովքեր են այնտեղ հավաքվել, ինչ դժվար է լիենելու ընտրությունը։  

-Ինչո՞ւ որոշեցիք վերադառնալ Հանրային հեռուստատեսություն։  

- Ես այդքան տարի աշխատել եմ հեռուստատեսության ոլորտում, հիմա տեսնում եմ, թե ովքեր են իրենց թեկնածություններն առաջադրում ու մտածում եմ՝ Տեր Աստված, եթե այս աշխարհում արդարություն կա, թող հաղթի նա, ով արժանի է։ Անպայման հաղթելու նպատակ չունեմ։ Ես հիմա էլ եմ իմ սիրած գործն անում։ 

- Հեռուստառադիոակադեմիա՞ն նկատի ունեք։

- Ոչ, ակադեմիայից բացի ես նաև bac tv հեռուստատեսությունն եմ հիմնել՝ ինտերնետային։ Այնտեղ ասում եմ այն  ամենը, ինչ մտածում եմ, հրավիրում նրան, ում ուզում եմ, հրավիրում և դիմություն, և ընդդիմություն, մարդկանց, որոնց ուզում եմ՝ սովորական, շարքային, խեղճ ու կրակ անձնավորությունների, հրավիրում եմ նաև նախարարներին, բոլորին։ Ինձ համար բոլորը հավասար են։

- Այսինքն, առաջվա պես եք աշխատում։

- Միշտ այդ սկզբունքով եմ աշխատել, 45 տարի երբեք իմ խղճին դեմ չեմ գնացել։

- Մոսկվայում էլ էիք Թի-Վի աշխատացնում, չէ՞, ի՞նչ եղավ։

- Այո, Մոսկվայում ես «Արմ Թիվի»-ն վերականգնեցի, միակ ռուսալեզու հայկական ալիքն էր։ Երեք տարի աշխատեցի, բայց սեփականատերը դուրս եկավ շարքային սրիկա, մեկ տարվա աշխատավարձը չմուծեց, կոլեկտիվի 8 ամսվա աշխատավարձը։

- Ժամանակին դուք մարդ-հեռուստատեսություն էիք։ Ստուդիայում խոսում էիք, միաժամանակ REC-ի կոճակը սեղմելով, ինքներդ Ձեզ նկարում էիք, կարող էիք միաժամանակ նաև եթեր տալ։
- Խորհրդային տարիների բան ես ասում։ Իհարկե, այդպիսի բան եղել է, որովհետև այն ժամանակ շատերը զարմանում էին, թե ինչպես կարող է արտահաստիքային թղթակիցը ամսական ստանալ 2-3 հազար ռուբլի։ Հեռուստատեսության ղեկավարությունն այն տարիներին Ստեփան Պողոսյանի գլխավորությամբ ինձ առաջարկեցին անցնել հաստիքային աշխատանքի։ Ես այն ժամանակ և նկարում էի, և մոնտաժում էի, և ռեժիսորն էի, և հաղորդավարն էի՝ մարդ օրկեստր։

- Քանի՞ տարի էր պետք, որ արտահաստիքային թղթակիցը հասներ, ասենք, մեկնաբանի կարգավիճակի։

- Ինձանից պահանջվեց երեք տարի, որ ես կատարելագործվեմ, որ ես արտահաստիքային թղթակցից դառնամ սպորտային մեկնաբան, հետո բաժնի վարիչ, հետո էլ սպորտային հաղորդումների գլխավոր խմբագիր։ Ես այդ բոլորը անցել եմ, և ինձ դրանում ոչ ոք չի օգնել։ Եւ շատ ցավում եմ, որ այսօր նորելուկ ծախու գրչակները մեկնաբանություններ են գրում՝ Ղուշչյանը էս, Ղուշչյանը՝ էն։ Լավ հիշում եմ, երբ 95 թվականին Ալլա Պուգաչյովայի հետ հարցազրույց արեցի Մոսկվայում, մեկ էլ այստեղ մամուլում կարդում եմ՝ Ղուշչյանը ինչ գործ ունի Պուգաչյովայի հետ, հետո նա էդ ի՞նչ էր հագել, կարճ էր, երկար էր, ու պատկերացնում եք, էդ հոգեբանության տեր մարդիկ լրագրող են աշխատում։ Մարդիկ, որոնք ամբողջ կյանքը ոչինչ չեն արել, ամեն ինչից դժգոհ են, ուրիշի արածին փորձում են պիտակներ կպցնել։ Նայեք Բաց tv-ն, կտեսնեք, ինչեր են գրում։  

- Հանրայինում ի՞նչ փոփոխություն կմտցնեք, եթե հաղթեք։

- Այսօրվա հեռուստատեսությունը չի ծառայի իշխանությանը, նա կլինի իսկականից ազատ հեռուստատեսություն։ Հասկանում եմ, որ սրանով գուցե և ինքս իմ վրա խաչ եմ քաշում, որովհետև իշխանությունները չեն սիրում անհնազանդ մեկին, որը չգնա իրենց դուդուկի տակ պարելու, բայց ես այդպիսին եմ, ես չեմ կարող փոխվել։ Ես իմ ծրագիրն եմ ներկայացնելու, եթե հետաքրքրի, կիրագործեմ։

Հ․Գ․Համլետ Ղուշչյանը 1974-99թթ աշխատել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում: 1974-82թթ եղել է սպորտային մեկնաբան, 1983-86թթ` սպորտային հաղորդումների բաժնի վարիչը, 1987-93թթ եղել է  «Արմենիա» հեռուստաընկերության փոխտնօրենը, 2000-13թթ հիմնել է Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիան, իսկ 2013թ-ից Մոսկվայի «ARM-TV» հեռուստաընկերության գլխավոր տնօրենն է եղել։