Ես չեմ ասում լրիվ անմեղ է, բայց իրեն հասանելիք պատիժը ինքը վաղուց կրել է․ կինը՝ ցմահ դատապարտված ամուսնու մասին

Ես չեմ ասում լրիվ անմեղ է, բայց իրեն հասանելիք պատիժը ինքը վաղուց կրել է․ կինը՝ ցմահ դատապարտված ամուսնու մասին

Արդարադատության նախարարությունը բացասական եզրակացություն էր տվել Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք չտալու և հանցագործությանն օժանդակելու  համար մահապատժի, այնուհետև ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի վաղաժամկետ ազատման վերաբերյալ։ Տեր-Սահակյանը շուրջ 22 տարի գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Հարազատների պնդմամբ՝ նա մի քանի անգամ խրախուսանք է ստացել, որևէ տույժ չունի, նախկինում էլ դրական եզրակացություններ են եղել, և իրենց համար անակնկալ էր արդարադատության նախարարության նման որոշումը՝ նրան «ռիսկային» համարելու մասով։

Տեր- սահակյանի կինը՝ Լուսինե Սավադյանը, «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ամուսնու հետ վերջին հանդիպման ժամանակ նա հույս ուներ, ինքն էլ էր նրան հույս տալիս․
«Գիտե՞ք՝ ինձ համար ինչն է զարմանալի․ տարիներ շարունակ՝ մինչ իշխանությանը գալը, պարոն Զեյնալյանը միշտ մեղադրել է նախկին կառավարությանը, որ 42 հոգուն մահապատժից ցմահ տալը սխալ է, ամբողջ կյանքում նրանք պայքարել են այդ սխալ դատավարության դեմ։ Ի՞նչը փոխվեց հիմա, որ պարոն Զեյնալյանը նման որոշում ընդունեց։ Իմ ամուսինը 3 հատ խրախուսանք ունի, մենք այցելել ենք իր մոտ, պրոբացիան հարցազրույց է վարել, նույնիսկ զարմացել են, որ ընտանիքը նույնիսկ 22 տարի հետո պատրաստ է ընդունել իրեն։ Ես իր մոտ ոչ մի ռիսկայնություն չտեսա, որ ասեմ վտանգավոր է։ Հազարից ավել ստորագրություն ունենք, վարձով չենք բնակվում, մեր տունն ունենք, իրեն ընդունում ենք ընտանիք, ոչ մի բացասական հիմունք չկա։ Չգիտեմ, ինձ էլ է շատ հետաքրքիր, թե ի՞նչ հիմունքների վրա վաղաժամկետը մերժեցին։ Նա բացարձակ ոչ մի ռիսկայնություն չունի, ոչ մի։ Մեր վարչապետն էլ, չէ՞, ռիսկայնության միջոցով․․․ տեսաք, չէ՞, փշալարերի վրա ձեռքերը ճղելով, արյունոտվելով եկանք իշխանության, ռիսկայնությունը որտե՞ղ է, ես իր մոտ չեմ նկատել։ Իր ռիսկայնությունը եղել է այն, որ հացադուլ է հայտարարել, պահաջել է Ցոլակյանի հետ հանդիպում, ոչ մեկը այցելության չի գնացել»։

- Զուգահեռաբար նաև ակտիվորեն քննարկվում է Մհեր Ենոքյանին ներում շնորհելու գործընթացը։ Ձեր դիտարկմամբ՝ արդարադատության նախարարությունը ինչպիսի՞ մոտեցում է ցուցաբերում ներման գործընթացի մասով։

- Ինձ համար շատ անհասկանալի է Արդարադատության նախարարության մոտեցումը։ Չեմ ուզում խորանալ Մհեր Ենոքյանի մասին, բոլորի գործերը պետք է վերանայվեն, ինչ էլ որ արել են, 22-23 տարի արդեն պատժվել են՝ զրկվելով իրենց ընտանիքներից, իրենց երեխաներից։ Արդեն Իսկ պատժվել են։

- Վերջին անգամ ե՞րբ եք Ձեր ամուսնու հետ անմիջական շփում ունեցել։

- Տեսակցության եմ գնացել դեկտեմբերի 24-ին։ Ինքը շատ հույսով էր, շատ հույսով սպասում էր, որովհետև այդ խրախուսանքներն ու պատվոգրերը, պրոբացիոն ծառայության կողմից ինձ հետ հարցազրույց վարելը, իրենց այդ վստահությունը․․․ Ես էլ իրեն ասեցի, որ վստահ լինի, ընտանիքին կանչել են, զրուցել են, մեզանից իրենք շատ ուրախացան էդ խրախուսանքների համար։

- Ի՞նչ հարցեր Ձեզ տվեց պրոբացիոն ծառայությունը։

- Ասացին՝ Դուք պատրա՞ստ եք Արմեն  Տեր-Սահակյանին ընդունել, ասացի՝ իհարկե, պատրաստ եմ 21 տարի հետ։ Հարցրին՝ վարձո՞վ եք ապրում, ասացի՝ ոչ, ունեմ իմ բնակարանը։ Հետո հարցրին, թե երեխաները քանի՞ տարեկան են եղել, ասացի՝ մեկը 4 տարեկան, մյուսը՝ 5, հաճախ գնո՞ւմ եք տեսակցելու և այլն։ Ինքը արդեն իր պատիժը կրել է, ես չեմ ասում լիովին անմեղ է եղել, դրսում նստած՝ իրեն բերել մահապատիժ են տվել, հետո ցմահ, իրեն հասանելիք պատիժը ինքը արդեն կրել է ։