3500 ԱՄՆ դոլար, ևս 340 հազար դրամ կար չհրկիզվող պահարանում. տուժող

3500 ԱՄՆ դոլար, ևս 340 հազար դրամ կար չհրկիզվող պահարանում. տուժող

Այսօր «Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով դատարանում հարցաքննվեցին երկու տուժողներ` Սարգիս Գրիգորյանը և Գեղամ Խաչատրյանը:

Գրիգորյանը դատարանին հայտնեց, որ ամբաստանյալներին չի ճանաչում, գործից իրեն հայտնի է այնքանը, որքան բոլորին: Նա ասաց, որ պետության կողմից տուժող է ճանաչվել, բայց ինքն իրեն տուժող չի համարում. «Մեքենաս մնացել էր գնդի տարածքում, և այդ տասնհինգ օրերի ընթացքում ընդամենը մեկ կրակոց է եղել մեքենայիս ուղղությամբ, որի համար ես ինձ տուժող չեմ ճանաչում»:

Հաջորդը հարցաքննվեց Գեղամ Խաչատրյանը, որն ասաց, թե եղել է ՊՊԾ գնդի հրամանատարը, սակայն հիմա չի աշխատում:

Խաչատրյանը դատարանին հայտնեց նաեւ, որ գնդի գրավման ժամանակ տարածքում չի եղել, իրեն զանգահարել-հայտնել են դեպքի մասին, եկել է և սկսել ծառայությունը. «3500 ԱՄՆ դոլար, ևս 340 հազար դրամ կար չհրկիզվող պահարանում, որը գոյացել էր մեքենայի վաճառքից, երբ եկա գնդի տարածք, այդ գումարը չկար»:

Նա հայտնեց, որ հետագայում այդ գումարները հայտնաբերվել են գնդի տարածքից:

Տուժողը նաև հայտնեց, որ տեսել է վիրավոր ոստիկան Գագիկ Մկրտչյանին, որն արնահոսում էր: