Դրանք, ընդհանրապես, որպես ի՞նչ են պետք

Դրանք, ընդհանրապես, որպես ի՞նչ են պետք

Դրանք սև լճի համար հո չէի՞ն կռվելու: Թե՞ կռվելու էին Գեղարքունիքի կամ հարավային մարզերի անբնակ տարածքների համար: Նրանց գործառույթը ՀՀ քաղաքացիների պաշտպանությունն էր՝ ինչպես իրենք էին բարձրաձայնում: Ու իրենց ասածից գոհ՝ խոսքն ավարտված համարում: Իրականում դրանք եկել էին վայելելու իշխանության բարիքները՝ նախկիններից ինչո՞վ էին պակաս: Հո միամիտ չէի՞ն այն զանգվածների նման, որոնց ուսերի վրայով քայլելով՝ գրավեցին իշխանությունը: Ուրիշ հարց, որ միամիտ չլինելու հետ միասին չունեին նաև երկիր կառավարելու համար անհրաժեշտ ունակություններ: Այն էլ այնպիսի տարածաշրջանում գտնվող երկիր, ինչպիսին Հարավային Կովկասն է: Եվ արդյունքում դրանց վայելքը մեր երկրի քաղաքացիների համար վերածվեց շարունակական ողբերգության: Եվ այն ընդհատվելու միտում չի ցուցաբերում: Դրանք, ընդհանրապես, որպես ի՞նչ են պետք…

Բնությունը (կամ Աստված՝ ում ինչպես հարմար է) զարմանալի արարիչ է. շատ հազվադեպ է մարդկանց օժտում բազմաթիվ դրական հատկանիշներով: Սովորաբար դրականն ու բացասականը հաջորդում կամ լրացնում են միմյանց: (Եթե, իհարկե, մարդը դժբախտություն չի ունեցել ծնվելու մի շարք բացասական հատկանիշներով՝ ցածր հասակ, քաշի ավելցուկ, խելքի բացակայություն, գրագիտության պակաս և այլն): Բայց լրացվելու առումով կարևորվում է առանցքային հատկանիշը. եթե այն բացասական է, ապա դրականն էլ է ծառայում չարին: Եվ ինչպես Մեծն Լոռեցին է ասել՝ «Անե՜ծք նըրա չար գործին»: Ասենք, մարդը չունի կառավարման ունակություն, սակայն ունի ստելու և այն ճշմարտության տեղն անցկացնելու, այսինքն՝ դիմացինին հիմարացնելու ունակություն: Կամ, ասենք, մարդը չունի համապատասխան գիտելիքներ, սակայն քչից-շատից անգլերենի իմացություն ունի ու դրա շնորհիվ մարդկային զանգվածների վրա ազդելու տեխնոլոգիաներ է ուսումնասիրում և կիրառում: Եվ այդ տեխնոլոգիաների ու արտաքին ուժերի ազդեցության շնորհիվ իշխանություն ձեռք բերելով՝ իրեն իրավունք է վերապահում մի ողջ երկրի ճակատագիր որոշելու: 

Սակայն, չգիտես ինչպես, մեկ-մեկ հիշում է, որ ինքը թիվ մեկ պատասխանատուն է երկրի, որն ինքը ստացել էր անվտանգային առումով ծաղկուն վիճակում՝ որքան էլ այն ներքին խնդիրներ ունենար: Երկիրն ուներ տարածաշրջանում լավագույն բանակը, որն ապահովում էր թե՛ Արցախի Հանրապետության և թե՛ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը: Եվ այդ հանգամանքի շնորհիվ հեղինակություն էր վայելում ողջ աշխարհում: Իսկ Իլհամը, որն այսօր և ընդհանրապես 2020 թ.-ի նոյեմբերի 9-ից այս կողմ հոխորտում ու սպառնալիքներ է ուղղում ողջ մեր ազգին՝ նախկինների օրոք ծեծված շան ձագի պես էր պահում իրեն: Ու եթե, ինչպես երեկ, հազարից մեկ պատասխան է տալիս (կարծես «Օզվերին» դեղահաբն օգտագործած լինի) Իլհամին, դա դեռ չի նշանակում, թե ինքն ունակ է իսկապես պատասխան տալու նրան: Այն էլ ոչ թե ՀՀ կառավարության նիստերի դահլիճի բազկաթոռին բազմած, այլ Իլհամի հետ դեմ առ դեմ խոսակցության ժամանակ: 

Լավ, հասկացանք, Նիկոլը բանի պետք չէ, բանի պետք չէ նաև այն բազմությունը, որ շրջապատում է Նիկոլին և օգտվում իշխանական կերակրատաշտից: Խնդրի էությունը հասկանալը, որքան էլ անհրաժեշտ, սակայն բավարար պայման չէ Նիկոլից ազատվելու համար: Որոնք են այն քայլերը, որոնց շնորհիվ կարող է լուծվել մեր հիմար խելքից չորս ու կես տարի առաջ մեր գլխին մեր կողմից բերված փորձանքից: Բանալին աշխարհահռչակ ֆիզիկոս Ալբերտ Էյնշթեյնի թևավոր խոսքի մեջ է, որ անընդհատ շրջանառվում է թե՛ տեղեկատվական կայքերում է թե՛ սոցիալական ցանցերում: Ահա այն`«Ուղղակի խելագարություն է՝ անել նույն բանը և սպասել ուրիշ արդյունքների»: Արդեն երկու տարի է, ինչ ընդդիմությունը մարդ է դուրս բերում փողոց՝ ավել կամ պակաս, ստորացնում Նիկոլին կամ առանց դրա, բախվում է ոստիկանությանը կամ առաց դրա: Եվ վերջնարդյունքում Նիկոլը չի զրկվում պաշտոնից: Կարծում եմ, որ վաղուց պետք է կազմակերպվեր այսպես կոչված «ստվերային կառավարություն»՝ վարչապետով հանդերձ: Եվ տրվեր նրան գործելու ազատություն՝ ապահովելով խորհրդատվությամբ:

Իհարկե, թե՛ այդ «վարչապետը» և թե նրա «նախարարները» կարող են խնդիրներ ունենալ: Բայց Նիկոլը Սերժ չէ, և այն, ինչ աշխատեց ընդդեմ Սերժի, չի աշխատում ընդդեմ Նիկոլի: Հատկապես, որ Նիկոլը թե՛ այն ժամանակ, երբ փողոց էր փակում, և թե՛ այսօր ունի արտաքին աշխարհի հովանավորությունը: Ինչն այսօր չունի ընդդիմությունը: Իսկ սպասել այնքան, որ դանակը հասնի ոսկորին և այսպես կոչված կրիտիկական զանգված հավաքվի փողոցում, մենք չենք կարող: Որովհետև այդ զանգվածը կարող է հավաքվել և վաղը, բայց կարող է նաև 10 տարի անց և կամ չհավաքվել` ընդհանրապես: