Մտորումներ Հայ եկեղեցու պատմություն առարկայի մասին

Մտորումներ Հայ եկեղեցու պատմություն առարկայի մասին

Վերջին օրերին հանրային միջավայրում քննարկման լայն առարկա է դարձել դպրոցներում Հայ եկեղեցու պատմության առարկայի դասավանդման հարցը։ Մի կողմը պնդում է, թե առարկայի դասավանդումն անթույլատրելի է, քանի որ դա դիտարկվում է որպես կրոնական քարոզչություն հանրակրթական դպրոցներում, իսկ մյուս կողմն էլ կարևորում է առարկայի գոյությունն ու առաջնային պլան մղում երեխաների քրիստոնեական դաստիարակության անհրաժեշտությունը։ Մինչ բուն նյութի մասին խոսելը, նշեմ, որ ես արդեն տարիներ շարունակ պնդում եմ, որ Հայ եկեղեցու պատմություն առարկան պետք է հեռացվի դպրոցներից ու այդ պնդման համար կան կոնկրետ հիմնավորումներ։ 

Բանն այն է, որ Հայ եկեղեցու պատմություն դպրոցական առարկան չափազանց խնդրահարույց է ու դրանից ելնելով դրա դասավանադումն էլ լուրջ խնդիրների պատճառ է դառնում։ Պարզապես շատերը չեն փորձում տեսնել այդ խնդիրները կամ էլ չտեսնելու են տալիս՝ պնդելով, թե ինչ-ինչ խմբեր փորձում են հարվածել Հայ առաքելական եկեղեցուն։ Դավադրությունների տեսությունները դնենք մի կողմ, քանի որ ոչ ոք չի փորձում վնասել եկեղեցուն, խնդիրը մեկն է՝ որակյալ ու կենսունակ հանրակրթության կազմակերպումը։ Փորձենք ըստ հերթականության թվարկել առարկայի հետ կապված խնդիրները:

Հայ եկեղեցու պատմություն առարկան կրթական համակարգ է ներմուծվել չափազանց անկազմակերպ ու անմշակ ձևով։ Խնդիրն այն է, որ հենց ամենասկզբից շրջանառության մեջ է մտել մի առարկա, որը չունի մասնագետներ։ Այդ իսկ պատճառով դրա դասավանդումը վստահվել է պատմության, քիմիայի, ֆիզկուլտուրայի, հայոց լեզվի և գրականության, ուսուցիչներին։ Չի կարելի կարծել, թե կրոնագիտությունն ու եկեղեցագիտությունն այնքան պարզունակ ոլորտներ են, որ դրանք կարելի է վստահել ոչ մասնագետների։ Դրանք գիտության առանձին ճյուղեր են, որոնք ունեն իրենց գիտական առանձնահատկություններն ու դասավանդման յուրահատուկ մեթոդիկան։ Պատմաբանն ու աշխարհագրագետը հնարավոր է որոշակի տեղեկություններ ունենան եկեղեցու պատմությունից, բայց նրանք չգիտեն, չեն տիրապետում առարկայի մեթոդաբանությանը, լավ չեն պատկերացնում, թե ինչ է կրոնական անվտանգությունը, քարոզչությունը, կրոնի սոցիոլոգիան, կրոնի հոգեբանությունը և այսպես շարունակ։ Բացի այդ գրեթե ամեն դասի ընթացքում դասավանդողը բախվում է հոգեբանական ու փիլիսոփայական մի շարք հարցադրումների, որոնք ծարավ են մասնագիտական որոնումների։ Մի անգամ ես ականատես եմ եղել, թե ինչպես է պատմության ուսուցիչը փորձում աշակերտներին բացատրել քրիստոնեական Սուրբ երրորդության դավանաբանական էությունը, բայց, ճիշտն ասած, հազիվ էի զսպում ծիծաղս, քանի որ պատմաբան-ուսուցիչը, պարզապես խճճվելով, հասել էր 4-րդ դարի հերձվածներին։ Այսինքն, նա երրորդությունը հասկացել ու երեխաներին բացատրում էր եկեղեցու վարդապետությանը լռիվ հակառակ ուղղությամբ։ Արիոսականություն էր բացատրում։ Իհարկե իրավիճակն այս զավեշտալի է, բայց ուսուցչին էլ չի կարելի մեղադրել․ Խորհրդային տարիներին պատմական մատերիալիզմի հիմքի վրա կրթություն ստացած պատմաբանից ավելին հնարավոր չէ պահանջել։ Ճիշտ է ընդդիմախոսները կպնդեն, թե Աստվածավբանության ֆակուլտետն արդեն կարողանում է մասնագետներ տրամադրել դպրոցներին, բայց ստիպված եմ հիասթափեցնել․ այդ մասնագետների ներգրավվածությունը չի գերազանցում երեք տասնյակի թիվը։ Այն էլ ոչ բոլոր մասնագետներն են ըստ պատշաճի պատրաստված։ 

Ասվածի համատեքստում նշենք նաև, որ նույնսիկ մասնագետների որոշակի քանակության ներկայացվածությունը չի արդարացնում այդ առարկայի գոյությունը։ Առաջին հերթին հենց այն պատճառով, քանի որ այն քարոզչական է ու հակասում է սահմանադրության խղճի ու դավանանքի ազատության համապատասխան հոդվածին։ Դասագրքերն ամբողջությամբ ողողված են Հայ առաքելական եկեղեցու միակողմանի քարոզչությամբ։ Իսկ այդ դեպքում ի՞նչ անեն աթեիստ, կաթոլիկ, բողոքական և այլ դավանանքների պատկանող ընտանիքների երեխաները։ Ի՞նչ անեն ազգային փոքրամասնությունները՝ հույները, եզդիներն ու ասորիները։ Բոլոր թվարկվածները ՀՀ քաղաքացիներ են և եթե Առաքելական եկեղեցու հետևորդներին դասավանդվում է Հայ առաքելական եկեղեցու պատմություն, ապա այդ տրամաբանությամբ աթեիստին պետք է դասավանդեն գիտական աթեիզմի դրույթները, բողոքականներին՝ Ռեֆորմացիայի պատմությունը, իսկ ասորի աշակերտներին էլ՝ Ասորական եկեղեցիների պատմությունը։ Ինչպես տեսնում ենք այս պարագայում կրոնական և ազգային փոքրամասնությունների իրավունքներն ակնհայտորեն ոնտնահարվում են։ Արձանագրված են բազմաթիվ դեպքեր, թե ինչպես են այլ դավանանքի աշակերտները ենթարկվում խտրականության` պիտակվելով ուսուցիչների և դասընկերների կողմից: 

ՀՀ-ն աշխարհիկ պետություն է, եկեղեցին անջատ է պետությունից։ Սրանք սահմանդրությունում ամրագրված հստակ նորմեր են և, եթե մենք ընդունել ենք այդ սահմանադրությունը, ապա ի՞նչ իմաստ կա խախտել այն՝ մտցնելով պարտադիր կրոնական կրթություն։ Դպրոցը կրոնական ծիսակարգերի ու քարոզչության վայր չէ, եթե ինչ-որ մեկը համոզված քրիստոնյա է, ապա դրա համար անհրաժեշտ բոլոր քայլերը թող կյանքի կոչի տանը կամ էլ եկեղեցի գնա։ Դպրոցը բացառապես աշխարհիկ կրթության համար նախատեսված հաստատություն է, որի հիմքում պետք է լինեն գիտականությունն ու ռացիոնալ մտածողությունը։ 

Պարտադիր կրոնական և ինչու չէ նաև իդեոլոգիական կրթությունը բնորոշ է ավտորիտար ու տոտալիտար համակարգերին։ Օրինակ, երբ Բենիտո Մուսոլինին բռնազավթեց իշխանությունը կրոնական կրթությունը դարձրեց պարտադիր։ ԽՍՀՄ-ում Մարքսիզմ-Լենինիզմն ու գիտական աթեիզմը չունեին այլընտրանքներ։ Սաուդյան Արաբիայում, Պակիստանում, Իրանում, վերջերս նաև Թուրքիայում իսլամական կրթությունը պարտադիր է, իսկ չնչին շեղումը կարող է կյանք արժենալ։ Մարդիկ պետք է ճիշտ հասկանան։ Պնդումն այս Հայ առաքելական եկեղեցու դեմ չէ, այլ, կրկնում եմ` հանուն հանրակրթության որակյալ կազմակերպման։ ՀՀ-ն ժողովրդավարական պետություն է, իսկ դա նշանակում է, որ կյանքի բացառապես բոլոր ոլորտները պետք է կազմակերպվեն արժեքային հենց այդ տիրույթում ու հիմքերի վրա։ Հավատացնում եմ պետությունից անջատ լինելը առաջին հերթին բխում է հենց եկեղեցու շահերից։ Վերջինս, ամփոփվելով իր հոգևոր առանձին տիրույթում, էլ ավելի է արժևորում իր դերն ու նշանակությունը հավատացյալների հոգևոր կյանքում։ 

Ինչ վերաբերում է կրոններին, ապա անշուշտ աշակերտները պետք է տեղեկացված լինեն դրանցից, բայց դա հնարավոր է կյանքի կոչել ոչ թե առանձին առարկայի ստեղծման, այլ արդեն գոյություն ունեցող ու կայացած առարկաների միջոցով։ Մասնավորապես՝ Հայ առաքելական եկեղեցու պատմությունը պետք է ներառվի Հայոց պատմության առարկայի մեջ, իսկ Ընդհանրական եկեղեցու պատմությունը, Իսլամն ու Բուդդայականությունը կարելի է ուսումնասիրել Համաշխարհային պատմության դասերի ընթացքում։ Օրինակ՝ Արաբական խալիֆաթի պատմությունն անցնելիս խոսել Իսլամի, իսկ Արևելքի երկրների պատմության դեպքում՝ արևելյան կրոնների մասին։ Ի դեպ խոսքը զուտ պատմագիտական ու տեսական դասավանդման մասին է, վստահաբար Հայոց ու համաշխարհային պատմության առարկաների կազմում կրոնական քարոզչության հավանականությունը կնվազեցվի զրոյի և առաջնային պլան կմղվի գիտականությունն ու ռացիոնալ մտածողությունը։ Բացի այդ իսկապես անհեթեթ է եկեղեցու և հայ ժողովրդի պատմությունների տարանջատումը, քանի որ եկեղեցու պատմական ընթացքը հայ ժողովրդի պատմության անբաժանելի բաղկացուցիչն է: Հենց այս հանգամանքն է առաջին հերթին ավելորդ դարձնում համանման առարկայի գոյությունը, քանի որ այն ծանր ու կրկնվող բեռ է առանց այն էլ ծանրաբեռնված դասացուցակ ունեցող աշակերտների համար: 

Նշենք նաև, որ ես կարևորում եմ քրիստոնեական էթիկան։ 21-րդ դարում կրոնական դոգմաները մղվել են ետին պլան ու առաջնային է դարձել էթիկան։ Ընդհանրապես եվրոպական իրավական մտքի զարգացման հիմքում կարելի է գտնել քրիստոնեական հետքը, այդ տեսանկյունից աշակերտները պետք է հաղորդակից լինեն նաև արժեքային այդ միջավայրի հետ, բայց սկզբունքորեն աշխարհիկ դիրքերից։ Ինչպես էթիկայի, այնպես էլ կրոնների վերաբերյալ քննարկման արժանի հարցերը կարելի է մտցնել հասարակագիտություն առարկայի մեջ, որտեղ աշակերտները հնարավորություն կունենան քննարկել ու հաղորդակցվել նաև այդ հիմնախնդիրների հետ։ Այսինքն մենք երեխաներին ոչ թե մեխանիկորեն աղոթող, փաստեր անգիր անող, կույր, մոլեռանդ, հանուն կրոնի մարդ այրող հավատցյալ ենք դարձնելու, այլ՝ մտածող, քննական ու քննադատական մտածողություն ունեցող քաղաքացի։ Իմ դասավանդման պրակտիկայում ես միշտ սիրով եմ խոսել քրիստոնեական սիրո գաղափարի մասին, որտեղ ատելություն ու ֆանատիզմ չկար։ Պարտադիր չէ երեխաների հետ խոսել դոգմաների ծանր ու չարքաշ լեզվով։ Այս իմաստով աշակերտների որակյալ կրթության համար ամենևին էլ պետք չէ անգիր սովորել հեռավոր անցյալի այս կամ այն կաթողիկոսի կենսագրությունը: Ընդհակառակը անհրաժեշտ է աշակերտներին պրակտիկ գիտելիքներ տալ 21-րդ դարում մարդու, հասարակության, կրոնի և իրավունքի փոխհարաբերությունների մասին: Այս տեսանկյունից երեխաները պատկերացում կկազմեն աշխարհի, մարդկության և մշակույթների բազմազանության վերաբերյալ: Սրանք պարտադիր գիտելիքներ են, որոնք կօգնեն երեխաներին ճիշտ ընկալել իրենց շրջապատող միջավայրը: Այս հիմքի վրա աշակերտները կդադարեն չընկալել իրենցից տարբերվողներին` բողոքականներին պիտակելով որպես աղանդավոր, իսկ բոլոր մուսուլմաններին` ահաբեկիչ: 

Նշենք նաև, որ ասվածի համատեքստում առաջնային պլան է մղվում Հասարակագիտություն առարկայի որակյալ դասվանդման հարցը։ Անշուշտ դպրոցներում պետք է դրա դասաժամերն ու դասավանդման հնարավորությունները անհամեմատ մեծացվեն, քանի որ այն չափազանց կարևոր առարկա է։ Կարևոր է հենց երեխայի ձևավորման, կայացման, բանական մարդ ու պահանջատեր քաղաքացի դառնալու տեսանկյուններից։ Չգիտես ինչու այդ առարկան դասավանդում են պատմաբանները։ Առաջարկում եմ այն հանձնել փիլիսոփայության ու հոգեբանության ֆակուլտետի շրջանավարտներին, քանի որ առարկան ավելի շատ հենց փիլիսոփայության տիրույթում է, քան՝ պատմագիտության։ Բացի այդ ֆակուլտետի ուսանողները աշխատատեղեր կունենան։