Մենք՝ երիտասարդներս, չենք հանդուրժելու, տրանսպորտը չի՛ թանկանալու

Մենք՝ երիտասարդներս, չենք հանդուրժելու, տրանսպորտը չի՛ թանկանալու

Երևանում հանրային տրանսպորտը չի՛ թանկանալու, որովհետև երիտասարդներս դա թույլ չենք տալու։

Մենք՝ երիտասարդներս, չենք հանդուրժելու ս․թ․ փետրվարի 1-ից սպասվող Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացումը, չենք վճարելու բaարձրացված ուղեվարձը և մերժելու ենք ուսանողներին առաջարկվող 15%-անոց, սակայն իրականում զավեշտալի, զեղչը։

Այս որոշմամբ երիտասարդների վրա դրվում է անարդար ֆինանսական բեռ․ մեզնից շատերը միաժամանակ սովորում և աշխատում են, որպեսզի վճարեն արդեն իսկ թանկ ու անմատչելի կրթության, բնակարանի կամ առողջապահության համար։

• Մեզնից շատերը չեն աշխատում, որովհետև չեն կարողանում արժանապատիվ աշխատանք գտնել։
• Մյուսներս չենք սովորում, քանի որ բարձրագույն կրթությունը մեր երկրում թանկ է և անհասանելի։
• Մեր մի մասը տեղահանվել է Արցախից ու դեռ չի հասցրել ոտքի կանգնել։
• Շատերս էլ ստիպված ենք կրթություն ստանալու փոխարեն աշխատել առանց պայմանագրի ու ծայրահեղ վատ պայմաններով՝ մեր ընտանիքների սոցիալական բեռը թեթևացնելու և սեփական հիմնական կարիքները հոգալու համար։

Այս նոր բեռի ավելացմամբ ստիպված ենք լինելու ընտրություն կատարել մեր հիմնական պահանջների՝ սննդի, կրթության, առողջապահության, բնակարանի վարձի և տրանսպորտի միջև:

Հանրային տրանսպորտը երիտասարդների համար դպրոց, բուհ և աշխատանքի հասնելու հիմնական միջոցն է։ Ուղեվարձի այս անհիմն բարձրացումը կսահմանափակի մեր տեղաշարժի հնարավորությունները։ Հանրային տրանսպորտը շքեղություն չէ, այլ հանրային ծառայություն, որ պետք է հասանելի լինի հասարակության բոլոր խմբերին։

Մեր պահանջն է անհապաղ չեղարկել հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշումը։
Եթե մինչև ս․թ․ փետրվարի 1-ը թանկացման որոշումը չչեղարկվի, երիտասարդներս՝
• բոյկոտելու ենք բարձրացված ուղեվարձը, համընդհանուր բողոքի միջոցով մերժելով այս անարդար որոշումը,
• բարձրացնելու ենք մեր ձայնը բոլոր հնարավոր հարթակներում՝ արշավների, ստորագրահավաքների և խաղաղ անհնազանդության միջոցով,
• համախմբելու ենք մեր համայնքը, կոչ անելով բոլորին միանալ մեր բողոքին՝ հանուն մատչելի և հասանելի հանրային տրանսպորտի։

Միացե՛ք մեզ և տարածեք այս տեղեկատվությունը։ Միասին մենք տեղ կհասցնենք մեր ձայնը և կտապալենք այս անարդար որոշումը։ 

«Երիտասարդներն ընդդեմ տրանսպորտի թանկացման» նախաձեռնություն