Հավանաբար նախատեսված է ճնշել այնքան, մինչեւ մեղավոր ճանաչի Քոչարյանին, ուրիշ ձեւ չկա․ պաշտպան

Հավանաբար նախատեսված է ճնշել այնքան, մինչեւ մեղավոր ճանաչի Քոչարյանին, ուրիշ ձեւ չկա․ պաշտպան

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու նախաքննական մարմնի միջնորդության նիստն այսօր հետաձգվեց, այն կշարունակվի վաղը, ժամը՝ 10։00-ին։ 
Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստին քննիչը ներկայացրել է  միջնորդությունը, որին միացել են նաեւ դատախազները. «Մի քանի ոչ պարզ դրվագներ կային՝ կապված միջնորդության հետ, որի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ»։

Հարցին, թե բացի ՀՀ վարչապետի խորհրդական, ՊՆ նախկին աշխատակից Արշակ Կարապետյանի ցուցմունքից, այլ ի՞նչ ցուցմունքներ կան Ռոբերտ Քոչարյանի դեմ, պաշտպանը նշեց, որ Կարապետյանի ցուցմունքներն այնպիսին չեն, որի վրա կարելի է կառուցել մեղադրանքը․ «Այս մեղադրանքն ինքն իրենով բացարձակ անհեթեթ է, ոչ մի ընդհանուր բան չունի քրեական օրենսգրքի այդ հոդվածի հետ: Մենք հիմիկվանից ուզում ենք հասկանալ՝ ինչի վրա է հիմնվելու մեղադրանքը, ցանկացած ցուցմունք, որ կարդում ենք, մենք հասկանում ենք, որ այս ցուցմունքը անգամ ամենակողմնակալ ձեւով գնահատելու դեպքում չպետք է որ ծառայի մեղադրանքի նպատակով: Այսպես է հավանաբար նախատեսված, որ ուժային ձեւով լուծել խնդիրը, այսինքն գործը ուղարկել դատարան, հետո ճնշել այնքան մինչեւ դատարանը մեղավոր ճանաչի պարոն Քոչարյանին, ուրիշ ձեւ չկա»։ 

Հարցին՝ կաշառքի դրվագով բացի Սիլվա Համբարձումյանի ցուցմունքից ի՞նչ այլ ապացույցներ են դրվել, նա պատասխանեց․ «Կաշառքի դրվագով Սիլվա Համբարձումյանի ցուցմունքն էլ պարոն Քոչարյանի դեմ որպես այդպիսին ապացույց չի։ Սիլվա Համբարձումյանը հակասական ցուցմունքեր է տվել»։

Լրագրողները Հայկ Ալումյանին հիշեցրին, որ «Հրապարակ» թերթում գրվել էր, որ ինքը հանդիպում է ունեցել ՀՀԿ գրասենյակում, ապա հարցրին՝ Քոչարյանի խնդրանքով հանդիպե՞լ  է Սերժ Սարգսյանի հետ, Ալումյանը նշեց․ «Չէ, ես ինչի՞ պիտի Սերժ Սարգսյանի հետ հանդիպում ունենամ, ինձ Հայաստանում ցանկացած տեղ կարելի  է տեսնել, եթե էդտեղ կան մարդիկ, ովքեր ինձանից իրավաբանական օգնություն են ստանում։ Ճիշտ է՝ սովորաբար իրենք են գալիս իմ գրասենյակ, բայց երբեմն ես եմ գնում այն անձանց մոտ, ում իրավաբանական օգնություն եմ ցույց տալիս։ ՀՀԿ-ի շենքում կա մարդ, ում հետ ես իր  գործը քննարկել եմ, բայց դա Սերժ Սարգսյանը չի»։