Ի՞նչ վնաս է հանցագործությամբ պատճառել Սերժի Վաչոն եւ ի՞նչ Է վերականգնել

Ի՞նչ վնաս է հանցագործությամբ պատճառել Սերժի Վաչոն եւ ի՞նչ Է վերականգնել

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանին՝ Սերժ Վաչոյին, գրավով ազատելու դեմ դատախազության բողոքի քննության ընթացքում մեղադրողը չէր պնդել վերաքննիչ բողոքը, քանի որ, ըստ դատախազության, Վաչագան Ղազարյանը հանցագործությամբ  պատճառված վնասը վերականգնել է, և քննության ներկա փուլում նվազել են նախաքննությանը խոչընդոտելու ռիսկերը:

Իսկ թե ի՞նչ վնասի մասին է խոսքը, ի՞նչ է վերականգնել Ղազարյանը, գլխավոր դատախազությունից չեն մեկնաբանում՝ ասելով, որ այլ մանրամասներ չեն կարող հայտնել:
Նույն հարցը ուղղեցինք նաեւ Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանին, նա էլ իր հերթին մեզ ուղղորդեց դատախազության կողմը. «Որոշակի նախաքննության հետ կապված տեղեկություններ կան, ես Ձեզ պետք է խնդրեմ, որ դատախազությունից ճշտեք՝ ինչ են իրենք ասել, ինչ են իրենք հայտարարել, իրենք ավելի ճիշտ Ձեզ կասեն: Ես այս պահի դրությամբ որեւէ նոր բան չեմ կարող ասել, դատախազությունն, եթե նման հայտարարություն է տարածել, կխնդրեմ մեկնաբանություններն իրենցից վերցրեք»:

Անդրադառնալով հարուցված քրեական գործին՝ պաշտպանը նշեց. «Նախաքննությունը շարունակվում է, գործողություններ են իրականացվում ակտիվ, Վաչագան Ղազարյանն էլ նախաքննության հետ համագործակցում է: Եղել են առերեսումներ, հարցաքննություններ, այլ մանրամասներ չեմ կարող Ձեզ հայտնել»:

Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի հարստացման համար, այսինքն՝ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները:

Վաչագան Ղազարյանը կալանավորվել էր հունիսի 28-ին, սակայն հուլիսի 24-ին 1 մլրդ դրամ գրավը մուծելուց հետո ազատ էր արձակվել։ Դրանից հետո դատարանի որոշմամբ կրկին կալանավորվել էր, ապա գրավի դիմաց նորից ազատ արձակվել։