Պատռված թմբկաթաղանթներ, ուղեղի ցնցում. հայտնի նկարչին խոշտանգել են ոստիկանությունում

Պատռված թմբկաթաղանթներ, ուղեղի ցնցում. հայտնի նկարչին խոշտանգել են ոստիկանությունում

Նկարիչ, քանդակագործ, դիզայներ, Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի Էդուարդ Վանեսքեհյանին իր տան դիմաց՝ կնոջ ու անչափահաս երեխայի աչքի առաջ ոստիկանները ձեռնաշղթաներով բերման են ենթարկել՝ 4-5 ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Քանդակագործին, որն ունի հենաշարժողական լուրջ խնդիրներ և վիրահատության էր պատրաստվում, Արաբկիրի բաժնում այնպես են ծեծի ենթարկել, որ ստացել է մարմնական ծանր վնասվածքներ:

Վանեսքեհյանի մերձավորներից մեկը «Հրապարակի» հետ զրույցում պատմեց միջադեպի մանրամասները: Վանեսքեհյանը կնոջ ու երեխայի հետ վերադառնում են իրենց տուն, մոտակայքում ռուսները ակումբ են բացել, աղմուկ է եղել և հարևանները ոստիկան են կանչել: Ոստիկանները եկել են, որպեսզի ակումբի այցելուներին հեռացնեն տարածքից: Հենց այդ ժամանակ էլ Վանեսքեհյանը տեսնում է, որ իր մեքենայի տեղը այլ մեքենա է կայանված՝ ձայնային ազդանշաններով փորձում է մեքենայի տիրոջը գտնել: Պարզվում է, որ ակումբի այցելուներից մեկինն է: Երկու անձի միջեւ թեթեւ վեճ է բռնկվում:

«Ոստիկաններն էլ, որ ուրիշ գործով էին եկել, մոտեցել են, որ իրարից բաժանեն, կինը մեջտեղ է ընկել, խփել են կնոջը, կոպիտ հրել են: Ինքն էլ զայրացած, թե այդ ո՞ւմ կնոջն ես հարվածում, հայհոյել է: Այս ամբողջը ֆիքսված է տեսախցիկով: Ոստիկաններն անմիջապես ձեռքերը ոլորել են ու տարել, բաժնում այնպես են ծեծել, որ ուղեղի ցնցում է ստացել, ականջների թմբկաթաղանթն է պայթել, երկու շաբաթ հիվանդանոցում պառկեց` բուժվեց: Մենք էլ խոշտանգման հայց տվեցինք, որպեսզի խոշտանգման հարցը փակեն, որոշեցին ավելի սրեն: Հիվանդանոցից դուրս գրվելու օրը եկել են, հիվանդ մարդուն կալանավորել, գիշերը դատավորը կալանքի որոշում է տվել` մի անտրամաբանական բացատրությամբ, թե` Ֆրանսիայի քաղաքացի է, կարող է փախչել»,-պատմեցին մեզ:Վանեսքեհյանը մարմնական լուրջ վնասվածքներ ունի, որոնք ֆիքսված են բժիժկների կողմից:

«Մեղադրանքի մեջ գրել են՝ հայհոյել է ոչ միայն ոստիկաններին, այլև ոստիկանական համակարգը և նույնիսկ ոստիկանապետին: Այսինքն, ով ոստիկանապետին հայհոյեց՝ պիտի բռնեն, ծեծեն, սպանե՞ն: Հայհոյել է, թող վարչական տուգանք գրեն, բայց իրենք վրեժ են լուծել՝ ծեծել են ու այնքան անզուսպ են ծեծել, որ մարդը հաշմանդամ է դարձել: Փաստաբանը մի ժամ հետո հասել է ու բաժնում շտապօգնություն է կանչել` ամբողջովին կապտուկների մեջ, աչքերը ուռած, ականջները պայթած, ուղեղի ցնցումով: Ձեռնաշղթաներով կապված մարդուն ծեծել են, իսկական գազաններ»,- դեպքի մանրամասները ներկայացրեց տուժածի մերձավորը:

Կապ հաստատեցինք Վանեսքեհյանի պաշտպան Վլադիմիր Հովհաննիսյանի հետ, ով հաստատեց՝ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին, ինչից հետո ձերբակալվել է: Դեպքի ժամանակ Վանեսքեհյանների մեքենայի տեղում կալանած մարդը հարբած է եղել, Վանեսքեհյանը նույնպես, սակայն նրա կինն է մեքենայի ղեկին եղել:

Ըստ իր պաշտպանյալի՝ երկու վիճող մարդկանց բաժանել փորձող ոստիկաններից մեկը բռնություն է գործադրել նկարչի կնոջ նկատմամբ, հրել է նրան, ինչից հետո իր պաշտպանյանը բորբոքվել է եւ, գործի տվյալներով` նաև հայհոյել: Դա ոստիկաններին դուր չի եկել, ձեռնաշղթա են հագցրել և բերման ենթարկել Արաբկիրի ոստիկանության բաժին.«Արաբկիրի ոստիկանության բաժնում ենթարկում են խոշտանգման` ենթադրաբար բարձրաձայն խոսելու, հայհոյելու համար»,- ասաց փաստաբանը:

Հաջորդ օրը Վանեսքեհյանն ազատ է արձակվել ու մինչև դեկտեմբերի 5-ը գտնվել է տարբեր հիվանդանոցներում` ստացիոնար բուժման մեջ: «Ստացիոնար բուժում ստանալուց հետո՝ դուրս է գրվել դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, դուրս է գրվել ոչ լավացումով, այլ դինամիկ հսկողության տակ գտնվելու վերաբերյալ ցուցումով, բուժում էր նշանակվել և այլն: Զույգ թմբկաթաղանթներն են պատռված` խոշտանգման հետևանքով, գլխուղեղի ցնցում, բազմաթիվ վնասվածքներ: Դեռ դատաբժշկական փորձագետի եզրակացությունը չկա, բայց ամենածանրը իմ կարծիքով թմբկաթաղանթների պատռվածքներն են, ուղեղի ցնցումը, գլխի շրջանում բազմաթիվ վնասվածքներ ունի: Բնականաբար այս տեղեկատվությունը ստացվում է իրավապահ մարմիններում, հաջորդ օրը առավոտյան ժամը 08.00-ին ոստիկանության աշխատողները գնում են նրա տուն, ձերբակալում, բերում Արաբկիրի քննչական բաժին, որտեղից միանգամից դատարան միջնորդություն են տանում՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ և կայացվում է որոշում կալանավորում տալու վերաբերյալ»,- ասաց Հովհաննիսյանը:

Պաշտպանը նշեց, որ Արմավիր Քրեակատարողական հիմնարկում Վանեսքեհյանի առողջական վիճակն այնքան է վատացել, որ նրան տեղափոխել են բուժկետ: Հովհաննիսյանը հավելեց՝ Վանեսքեհյանը երկքաղաքացի է՝ ունի Ֆրանսիայի և Հայաստանի քաղաքացիություն: Մեր հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ են ոստիկանների կողմից խոշտանգում կիրառելու մասով հայց ներկայացնել, պաշտպանն ասաց, որ հենց առաջին օրն են դիմել: Քանդակագործի մյուս պաշտպանը՝ Ռոլանդ Ավոյանը հեռախոսակապով 1-02 ծառայություն է ահազանգել և նույն օրը երեկոյան Երևան քաղաքի ոստիկանության վարչություն գրավոր հաղորդում է ներկայացրել խոշտանգման վերաբերյալ:

«Գործի ապացույցների, հիմնավոր կասկածի, կալանավորման հիմքերի, որոնք առավել քան արտառոց են, մասին Առաջին ատյանի դատավորի որոշումը, մեր գնահատմամբ օրինական չի, բնականաբար բողոքարկել ենք Վերաքննիչ դատարան: Օրենքով սահմանված կարգով նիստ կնշանակեն, հուսով ենք, որ մեր բողոքը կբավարարվի և խոշտանգման ենթարկված անձը, խոշտանգման զոհը կազատվի»,-ասաց Վլադիմիր Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է իր պաշտպանյալին ներկայացված մեղադրանքին. «Մեր պաշտպանյալը մեղադրվում է ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, ինչը բնականաբար մենք չենք ընդունում, չի կատարվել նման բան: Մեղադրանքը կառուցված է բացարձակապես ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների հիման վրա, ինչը անթույլատրելի է:  Առավել արտառոցն այն է, որ անցած 20 օրերի ընթացքում մեր պաշտպանյալը չի հարցաքննվել, ընդհանրապես իր դիրքորոշումը չկա և դրանով իսկ խախտվել են մի շարք կոնվենցիաների պահանջներ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, Խոշտանգումների, անմարդկային դաժան վերաբերմունքի, խտրականության այլ ձևերի ՄԱԿ-ի կոնվենցիան, որոնք մեր օրենսդրության մաս են կազմում՝ մենք միացած ենք այդ կոնվենցիաներին»,- նշեց պաշտպանը:

Փաստաբանը նշում է, որ նման նախադեպ չի հիշում, երբ խոշտանգման ենթարկված անձի դիրքորոշումը չհարցնեն, հնարավորություն չտան արտահայտվելու ու այս վիճակով տանեն կալանքի: Հովհաննիսյանը նշեց, որ Արաբկիրի քննչական բաժնում հարուցված երկու գործ կա՝ խոշտանգման դեպքի առթիվ և ոստիկանների նկատմամբ իրենց պաշտպանյալի կողմից «գործադրված» բռնության դեպքով: