Գայանե Պողոսյան. Աստղազարդ գիշեր

Գայանե Պողոսյան. Աստղազարդ գիշեր

Ալինան ծխում էր: Ինքը միշտ էլ նեղվում էր, երբ Ալինան ծխում էր սրճարանում: Ալինան Լոռվա սարերից եկավ, դարձավ երեւանցի, իսկ ինքը՝ քաղաքի կենտրոնում ծնված-մեծացած, դեռ կասկածանքով էր նայում ծխող կանանց, ծնկից վերեւ չէր հագնում ու կրծկալի թելերն ամուր խոթում էր զգեստի տակ, որ չերեւան: Մայրն էր մեղավոր: Դու ես մեղավոր, տիկին Սեդա, քո խեղճությունն ի՜նչ բարեխղճությամբ փոխանցեցիր ինձ, ի՜նչ համառությամբ փաթաթեցիր վզիս: Էն խեղճությունը, որին դու պարկեշտություն ես ասում, բարություն ես ասում, համեստություն ես ասում... Ամեն բան ասում ես՝ բացի խեղճությունից:
- Մի խոսքով, ուր որ է՝ կամուսնալուծվի, գործերն արդեն դատարանում են: Կարեւորը՝ ծախսող է: Նվերները կես միլիոնից են սկսվում: Գիտես՝ հարցը փողը չի, ուղղակի չեմ սիրում հասարակներին...
Ալինան նոր սիրածից էր պատմում: Մի տեսք էլ չունի, որ ասես՝ երեկ փնթփնթաց մայրը: Տեսք չունի, բայց բարձր ինքնագնահատական ունի, տիկին Սեդա: Մայրը ծնված օրից ասել է՝ դու ամենալավին ես արժանի, ինքն էլ հավատացել է: Չի հարցրել՝ ինչու: Էդ ինչու-ն իմ ու քո համար է, տիկին Սեդա: Իրենք ուղղակի արժանի են ու վերջ: Ամուսինն ամենալավը չէր, գրողի ծոցն ուղարկեց, ինձ նման չկպավ, մնաց: Ամբողջ կյանքում կոպեկ հաշվելով:
- Էն մարդն անընդհատ քեզ է նայում:
- Ո՞ր մարդը,- անակնկալի եկավ, նույնիսկ շիկնեց: Զգաց, որ դեմքը տաքացավ:
- Հիմար բաներ մի խոսիր:
- Իմ արեւ, նայում է: Աջի վրա նստած է: Սիրուն, շիկարնի տղամարդ է: Թեւի ժամացույցը 10 հազար դոլար կլինի:
- Ժամացույցը ո՞նց հասցրիր տեսնել:
- Գոնե հպանցիկ նայիր: Իբր՝ պատահաբար նայեցիր:
- Վերջ տուր...
Իր ինչի՞ն է նայում: Էնքան հոգնած էր՝ ալարեց վարսավիրանոց իջնել, ուսանողական տարիների նման՝ մազերը ձգեց, ծոծրակին պոչ կապեց: Էս ծաղկավոր զգեստն իր ամենասիրածն է, փոքրիկ, կապույտ ծաղիկներով՝ աչքերի գույնի: Արեւից թեթեւ խունացել է: Աղջիկն ասաց՝ չի երեւում, որ խունացած է, պիտի ներսի կտորի հետ համեմատես, որ երեւա: Ալինան մեռավ դիետաներ անելով, բայց էլի լցվել, կլորացել է։ Ինքն ուսանող ժամանակվա նման բարակ է: Ապրես, տիկին Սեդա, էս մի լավ բանը տվեցիր ինձ: Քո կամքից անկախ: ....Որ ձեռքդ ճար լիներ, սրան էլ անպարկեշտություն կասեիր ու կխլեիր: Ո՞վ է տեսել՝ կինը 20 տարում ոչ մի կիլո չգիրանա ու մնա ուսանող ժամանակվա կազմվածքին՝ կասեիր ու կխլեիր, ոնց որ կարճ զգեստներն ու վառ շրթներկերն էիր խլում: 
- Ինչո՞ւ ես ժպտում:
- Հեչ, մամային հիշեցի:
- Ես ասում եմ՝ էն ընտիր տղամարդը քեզնից աչքը չի կտրում, դու մո՞րդ ես հիշում:
- Ալինա, ռադ արա... Ինձ համար մեկ է՝ նայում է, թե չէ...
- Վախենում ես Սաքոն մտքերդ կարդա՞:
- Ոչ մի բանից էլ չեմ վախենում:
Սաքոն: Սաքոն սկի նոր ամուսնացած ժամանակ չէր խանդում: Էնքան արագ ամուսնացան՝ կարգին չհասկացավ՝ սիրում է, թե չէ: Հետո երեխաները ծնվեցին իրար հետեւից: Երեւի սիրում էր: Որովհետեւ նշանված ժամանակ Սաքոն երկու օր չզանգեց, ինքը երկու գիշեր լաց եղավ պատշգամբում: Բայց երեխաների ծնվելուց հետ կարծես երկուսի սերն էլ ուղղությունը փոխեց, գնաց դեպի երեխաները: Սաքոն լավ հայր է, հոգի ունի տալու: Աչքը դուրս չի՝ ուրիշների նման, ամբողջ փողը տուն է բերում, քոռուփուչ չի անում: Աշխատավարձը մինչեւ վերջին կոպեկը տալիս է իրեն: Աշխատող տղա է, քարից հաց քամող՝ կասեր տիկին Սեդան: «Ինչի՞ ես անհավես, Աստծուց կրա՞կ ես ուզում»: «Չգիտեմ ինչ եմ ուզում, մամ»: «Երջանիկ կին ես. լավ ամուսին ունես, առողջ, խելացի երեխաներ»: «Եսիմ, մամ, վստա՞հ ես, որ սա է երջանկությունը»: «Մինչեւ դժոխքը չտեսնես, դրախտի գինը չես իմանա»: Մոր էս խոսքերից հետո ինքը միանգամից խելոքանում էր: Դժոխք չէր ուզում: Փառք Քեզ, Տեր աստված՝ ասում էր մտքի մեջ, շատ չհամարես, գոհ ու շնորհակալ եմ Քեզնից: Գիշերվա լռության մեջ մտնում էր որդու սենյակը: Լսում նրա համաչափ շնչառությունը, ու սրտում ինչ-որ բան խլրտում էր երանությամբ: Երջանիկ է, իհարկե, երջանիկ է: Հետո գնում էր աղջկա մոտ, շոյում նրա ոսկեգույն մազերը, համբուրում մահճակալից կախ ընկած թաթիկը: Հետո ծածկում էր ամուսնու բաց ուսն ու նրա միալար խռռոցի տակ մտնում անկողին: Ուրիշ ի՞նչ, մայրը ճիշտ էր ասում, հենց սա է երջանկությունը, որ կա՝ մտածում էր քնի ու արթնության սահմանին ճոճվելիս:
- Սա Ձեզ են ուղարկել:
Մատուցողուհին էր: Թուխ աչքերի մեջ չարաճճի ժպիտ կար, ձեռքին՝ մի սպիտակ քառածալ թուղթ:
- Ի՞նձ:
- Հա...
- Ո՞վ է ուղարկել:
- Մեր սրճարանի տերը, նստած է Ձեր աջ կողմում:
Ինքը բնազդաբար նայեց: Մինչեւ հասկացավ, արդեն նայել էր: Տղամարդը ժպտաց: Ինքն արագ թեքեց գլուխը:
- Ես չեմ ճանաչում նրան:
- Նրան բոլորն են ճանաչում, պլաստիկ վիրաբույժ Արման Սերոբյանն է:
Ինքը վերցրեց քառածալ թուղթն ու պահեց ձեռքում: Մատուցողուհին գնաց:
- Բաց, կարդա,- ասաց Ալինան:
- Ի՞նչ գործ ունեմ:
- Դեբի՞լ ես, թե՞ սարից նոր ես իջել...
Երկուսն էլ ծիծաղեցին, որովհետեւ կուրսում Ալինային սարեցի էին ասում: «Սարեցի»-ն Ալինայի մականունն էր:
- Ամոթ է, բաց կարդա, նայում է: Հո վայրենի չե՞ս:
- Տանը կկարդամ, հաշիվն ուզի, գնանք: Սաքոյի ընդմիջման ժամն է, կգա տուն, կտեսնի տանը չեմ:
- Հաշիվը...
Մատուցողուհին մոտեցավ ու ասաց.
- Վճարված է:
Հաշիվն ուզողը Ալինան էր, բայց մատուցողուհին իրե՛ն ասաց ՝ վճարված է: Ծաղկեփնջի նման՝ թուղթը կրծքի առաջ բռնած՝ դուրս եկավ սրճարանից:
- Բաց, կարդանք,- ասաց Ալինան փողոցում:
- Կզանգեմ, կկարդամ,- պատասխանեց ու վազեց դեպի 28 համարի ավտոբուսը: Մեքենան լիքն էր: Մի կերպ հասավ երկրորդ շարքի աստիճաններին ու ձողին հենված՝ կանգնեց: Թուղթը դեռ ձեռքին էր: Մեջքով տեղը պնդեց ու երբ զգաց, որ կարող է առանց բռնելու կանգնել, բացեց պայուսակն ու թուղթը խցկեց իր անձնագրի ու Սաքոյի կարդիոգրամայի արանքը: ...Արեւը կրակ էր թափում: Լավ է՝ գոնե շենքը կանգառի կողքին է: 100 դրամը մեկնեց վարորդին ու իջավ: Սաքոյի տաքսին դռանն էր: Եկել է ընդմիջման, իսկ ինքը տանը չի, խեղճն առավոտվա 6-ից քշում է: Քայլերն արագացրեց:
Սաքոն խոհանոցում նստած՝ բորշչ էր ուտում: Լցրել էր դեղին թասի մեջ, չոր լավաշ էր մանրել մեջն ու գլուխն ափսեի մեջ խցկած՝ ուտում էր:
- Էս ո՞ւր էիր:
- Ալինայի հետ մի բաժակ սուրճ խմեցինք դրսում, սպասի՝ վարունգ ու պոմիդոր կտրատեմ:
- Չէ, պատվեր ունեմ, գնում եմ:
- Հոգնած տեսք ունես:
- Առավոտվա 5-ից պախատ եմ անում:
- Իբր 6-ն ուշ է, դու էլ 5 ես ասում...
Սաքոն վերջին գդալը կուլ տվեց, լավաշով մաքրեց ափսեն ու ոտքի կանգնեց:
- Իզուր գյուղից եկանք: Դու քո մասնագիտությունը շատ էիր սիրում, տունը կար, այգին կար... երեք գյուղի անասնաբույժ էիր... եկանք, 10-րդ հարկում թառ եղանք...
- Քո ամեն ինչն է տարօրինակ... ուրիշները երազում են գյուղից Երեւան գալ, դու՝ քաղաքի աղջիկ, գյուղ ես ուզում: Ի՞նչդ է պակաս, ուտելու չունե՞ս, թե՞ խմելու, ապրի, էլի: Երեխաներն էլ կարգին կրթություն ստացան:
Հացի թաց փշուրը գնդված կախվել էր Սաքոյի ծնոտից:
- Դու ես մեղք... ծնոտդ մաքրիր:
Սաքոն ձեռքը քսեց բերանին ու մաքրելու փոխարեն թաց հացը դեմքով մեկ արեց: Հետո անձեռոցիկ վերցրեց ու սրբեց խնամքով:
- Բազմոցին տոպրակ կա, Սիրունը բերեց, ասաց՝ կարո՞ղ է կինդ առնի:
Երբ Սաքոյի ոտնաձայները մարեցին դրսում, մտավ սրահ, նստեց բազմոցին, բացեց պայուսակը: Էս սրտի զարկե՞րն ինչու արագացան: Այ քեզ բա՜ն: Զգուշորեն հանեց թուղթը, ասես ռումբ էր, պիտի պայթեր: Հետո դանդաղ բացեց: Սիրուն, մանրիկ ձեռագիր էր: Իսկական պլաստիկ վիրաբույժի ձեռագիր:
«Ես նայում էի Ձեզ ու մտածում, որ բնությունը հազվադեպ է այդպիսի կատարելություն ստեղծում: Ողորկ, սպիտակ ճակատ, անթերի մաշկ, փոքր, ուղիղ քիթ, շեղ, կապույտ աչքեր, ուռուցիկ շուրթեր: Փարթամ կուրծք» ...վախեցած փակեց նամակն ու նայեց շուրջը: Հետո նորից բացեց ու շարունակեց կարդալ. «Բարակ մեջք, սլացիկ իրան: Բայց ամենագեղեցիկը Ձեր աչքերի անմեղ արտահայտությունն է: Կանայք կան, որ տասը երեխա էլ ունենան, կուսական անմեղությունն ու պարկեշտությունը չեն կորցնում: Ես հիացած եմ Ձեզնով: Աշխարհը Ձեզ նմանների ոտքի տակ փռելն անգամ քիչ է: Շատ կուզենայի ճանաչել Ձեզ: Սա իմ հեռախոսահամարն է: Զանգեք: Հետաքրքիր է՝ ինչպիսին է Ձեր ձայնը... ես կսպասեմ Ձեր զանգին»:
Թուղթը խցկեց պայուսակն ու շշմած նայեց շուրջը: Հետո արագ մտավ ննջարան: Զարդասեղանի հայելուց նայող կնոջ դեմքին ժպիտ կար ու ինչ-որ տարօրինակ-անծանոթ արտահայտություն:
«Ողորկ ճակատ, անթերի մաշկ, ուռուցիկ շուրթեր»: Երբ նոր էին հանդիպում, Սաքոն իրեն ասում էր՝ գեղեցկուհիս, մի անգամ էլ «դիցուհի» ասաց, երբ նոր էին ամուսնացել: Խմել էր եղբոր աղջկա ծնունդին։ Երբ տուն եկան, խոհանոցում գրկեց իրեն, ասաց՝ դիցուհի, ու ամուսնանալուց հետո առաջին անգամ պաչեց օրը ցերեկով: Բայց մինչեւ ինքը դուրս եկավ լոգարանից, արդեն քնել էր՝ բազկաթոռին մեկնված:
Բացեց տոպրակը, հանեց Սիրունի բերած շորը: Փափուկ, դեղին կտոր էր, վրան՝ կանաչ գծիկներ: Հագավ, կանգնեց հայելու առաջ: Ծունկը բաց էր, կրծքի եռանկյուն ճեղքը՝ ահագին: Թափով քաշեց սեւ ռեզինը, ու շիկավուն մազերը թափվեցին ուսերին՝ բնական-անկանոն գանգրությամբ: «Մազ հո չի՛, ջրվեժ է,- մի անգամ ասաց Սաքոն անկողնում, երբ մազերը լցվեցին դեմքին,- հավաքի, էլի»: «Կապած ցավում է»,- արդարացավ ինքը: «Ուռուցիկ շուրթեր»: Աղջիկը ստիպեց ու իր 15-ամյակին կարմիր շրթներկ քսել տվեց: Վերջում ասաց. «Փոխանակ քո շուրթերը ժառանգեի, պապայի բարակ շուրթերն եմ վերցրել»: «Ես ի՞նչ անեմ, այ բալա,- ասաց ինքը,- սիրով քեզ կտամ, թե ինձնով լինի, իմ ինչի՞ն է պետք»:
Մտավ աղջկա սենյակը, ջոկեց շրթներկերից ամենակարմիրն ու քսեց՝ ամուր սեղմելով: Հետո հետ եկավ, պայուսակը բացեց, հանեց նամակը... «Բայց ամենագեղեցիկը Ձեր աչքերի անմեղ արտահայտությունն է: Կանայք կան, որ տասը երեխա էլ ունենան, կուսական անմեղությունն ու պարկեշտությունը չեն կորցնում»: Այ քեզ բան, ի՜նչ մի հուզվեց: Սկսեց մանրիկ ծիծաղել անպատեհ արցունքի վրա, որ աչքի անկյունից պոկվեց, սահեց այտն ի վար: Ձեռքը երկարեց, վերցրեց անձեռոցիկն ու լղոզելով մաքրեց շրթներկը: Հետո զանգեց Սիրունին:
- Էդ շորն ի՞նչ արժե:
- 30 հազար:
- Ի՞նչ խաբար է:
- Որակը տես:
- Չե՞ս իջնի:
- Հաստատ առնո՞ւմ ես:
- Թող Սաքոն գործից գա…
- Լավ...
... Բոլորը տանն էին: Սերիալի ժամին երեքն էլ հեռուստացույցի առաջ մեխված են լինում: Ինքը մտավ ներս ու կանգնեց դռների մոտ: Ոչ ոք չշրջվեց: Ինքը գիտեր, որ չեն շրջվի. սերիալի ամենաթունդ պահն էր: Ավելի բարձր հազաց: Սկզբում աղջիկը նայեց.
- Պահ, մամ, էս դո՞ւ ես... ինչ սիրուն ես:
Հետո տղան ասաց.
- Մի քիչ կարճ չի՞...
- Կարճ է: 
- Ի՞նչ արժե,- հարցրեց Սաքոն:
- Երեսուն հազար:
- Չենք կարող, մինչեւ 10 հազար էլի մի կերպ կձգեի:
- Երեսուն է:
Սաքոն շրջվեց: «Թանկ»-ից բացի գոնե մի ուրիշ բան էլ ասեր: ...Չէ, թիթիզություն էր իր արածը: Սաքոն հոգնած եկել, դանթում էր հեռուստացույցի առաջ, ինքը քսվել, մազերը բաց էր թողել, երեսուն հազարանոց շորը հագել ու իրեն էր ցուցադրում: ․..Քանի՞ օր պիտի աշխատեր Սաքոն, որ երեսուն հազար վաստակեր:
Գնաց ննջարան, հանեց շորը, մաքրեց շրթներկը... «Աշխարհը Ձեզ նմանների ոտքի տակ փռելն անգամ քիչ է»: ...Ինքն ի՞նչ գործ ունի աշխարհի հետ:
- Էն շորը հետ կտաս,- ասաց Սաքոն ու մտավ ծածկոցի տակ:
- Հասկացանք, վա՛յ...
- Ի՞նչ ես գոռում,- Սաքոն զարմացավ:
Իսկապես բարձր ասաց:
- Դե, մի անգամ ասիր, էլի... թանկ է, չենք ձգի, հասկացա,- ձայնն իջեցրեց:
- Անիկենց խնամիներն են եկել Ամերիկայից...
- Քնում եմ, վաղը կպատմես:
Սաքոն լռեց: Քիչ անց սկսեց բարձր խռռացնել: Ավելի ճիշտ՝ փռռացնել: Կիսաբաց բերանը լցնում էր օդով ու շրթունքները դողացնելով՝ արտաշնչում: Տեսնես պլաստիկ վիրաբույժը խռռացնո՞ւմ է: Ժպտաց էդ մտքի վրա: Սաքոյի ձայնը խանգարում էր մտածել: Հագավ խալաթը, դուրս եկավ պատշգամբ: ...Աստղերը կախվել էին քաղաքի վրա, քամին սառն օդը խփում էր դեմքին հաճելի զովությամբ, հեռվում կայծկլտում էին շենքերի լույսերը: Գուցե սրանցից մեկը հենց վիրաբույժի ննջարանի լույսն է՝ մտածեց: Պատկերացրեց նրան՝ մազերը սղլիկ հետ սանրած, մոխրագույն ակնոցով: Չգիտես ինչու՝ շագանակագույն մետաքսե գիշերային խալաթով պատկերացրեց: Ասես լսեց նրա շշունջը, ուղիղ ականջի մեջ` կանայք կան, որ տասը երեխա էլ ունենան, կուսական անմեղությունն ու պարկեշտությունը չեն կորցնում: Ես հիացած եմ Ձեզնով: Աշխարհը Ձեզ նմանների ոտքի տակ փռելն անգամ քիչ է: Շատ կուզենայի ճանաչել Ձեզ․․․
...Իսկ եթե զանգի: Եթե վաղը հագնի էդ սիրուն շորը, շրթունքներին կարմիր քսի ու գնա հանդիպման: Մի հանդիպում: Մի հատիկ: Մոլորակի պտույտից դուրս: Կասի՝ գործով եմ եկել, կասի՝ պարանոցիս խալն եմ ուզում հեռացնել: ...Հետո... Հետո շորը կտա Սիրունին:
Մտքում կրկնեց պլաստիկ վիրաբույժի հեռախոսահամարը:
 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ