Ինստիտուտն է ափսոս

Ինստիտուտն է ափսոս

Ասում են՝ մեր հասարակությունը չափից դուրս քաղաքականացված է։ Իսկապես՝ մեր տատիկ-պապիկներից մինչեւ տաքսիստներ ու մանկավարժներ բոլորը քաղաքականությունից են խոսում, քննարկում պետության գործերն ու իրենց տեսակետը հայտնում։ Այս իմաստով իրավացի է Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է, որ 2 միլիոն վարչապետ ու նախագահ կա մեր երկրում։ Այնպես, ինչպես ժամանակին Ուլյանով Լենինն էր ասում, որ յուրաքանչյուր խոհարար կարող է երկիր կառավարել։

Բայց որպեսզի մեր շարքային քաղաքացիները չխառնվեն մեծ քաղաքականության մեջ եւ իրենց տեսակետը չարտահայտեն ամեն քայլափոխին, պետք է այնպիսի քաղաքական գործիչներ ու պաշտոնյաներ ունենանք, որոնք, նախ՝ գրագիտության, խելքի ու պատրաստվածության օրինակ ծառայեն բոլորի համար։ Ապա յուրաքանչյուր քաղաքացի պետք է տեսնի, որ պետական այրերն իրեն գերազանցում են, ուստի նրանց չի կարելի խելք ու խրատ սովորեցնել, նրանց պետք է վստահել ու թույլ տալ, որ աշխատեն։ Իսկ երբ նախարարի պաշտոնը զբաղեցնում է մի կիսագրագետ պատանի, որի խոսքի մեջ յուրաքանչյուր տաքսիստ վրիպումներ է հայտնաբերում, չի կարող հասարակությունը հարգել այդ նախարարին եւ նրան խորհուրդներ չտալ, խելք չսովորեցնել։

Դա անգամ մարդասիրական քայլ է նրա հանդեպ՝ օգնելու, աջակցելու փորձ։ Չի կարելի պետական պաշտոնը վարկաբեկել կիսագրագետ ու անպատրաստ մարդկանց այնտեղ կարգելով։ Չի կարելի պատգամավորի մանդատն անարգել՝ 10-րդ դասարանի կրթությամբ «կռազի շոֆերներին» կամ բուհը նոր ավարտած պատանիներին պատգամավոր դարձնելով։ Ինստիտուտն է ափսոս։ Հասարակությունը պետք է հարգի իր էլիտային, վստահ լինի, որ իր միջի լավագույններն են հասնում պաշտոնական բարձունքների։ Եվ պաշտոնը կամ մանդատը պրիզ չէ, որ տաս կարճ դիստանցիայի քայլարշավում հաղթածներին։