Թքեմ ձեր երեսին. Պողոս

Թքեմ ձեր երեսին. Պողոս

Բայց երեխաներն ինչքան արագ են մեծանում: Դեռ երեկ խոսում էինք Նիկոլ Փաշինյանի «հոր» մասին, իսկ այսօր արդեն Փաշինյանն է «հայր» դարձել: Այն էլ ինչ հայր: Արման ջան, քանի դեռ քո Նիկոլ «հայրը» կա, դու ծծովի կոնֆետ կունենաս…

 ՀՀ ԱԺ-ում մի յաման ընդդիմադիր կուսակցություն կա՝ «Լուսավոր Հայաստանը», որն իր կլասիկ առաջնորդով դեռ մինչեւ ԱԺ մտնելն է դատապարտված եղել կլասիկ էշություններ անելու: Ի մասնավորի՝ այս կուսակցությանը բախտ էր վիճակվելու Նիկոլ Փաշինյանի հարսանիքին փայտ ու ջուր կրել: Սրանց լուսավոր առաջնորդը գիտեր այդ մասին, բայց ընտրողներին չէր տեղեկացրել եւ այդ խաբեությամբ էլ հայտնվեց ԱԺ-ում: Մինչ օրս էլ Էդմոն Մարուքյանը, այդպես են մեծարում ԼՀ-ի կլասիկ առաջնորդին, ոչ մի հաշվետվություն չի ներկայացրել այն մասին, թե 2018թ. նոյեմբեր-դեկտեմբերին ով էր ֆինանսավորում իրենց թանկ քարոզարշավը: Ինչեւէ, այնպես ստացվեց, որ Էդմոն Մարուքյանի եւ Արման Բաբաջանյանի ճանապարհները հատվեցին, ու վերջինս ԼՀ ցուցակով ընկավ խորհրդարան: Կարող էր, իհարկե, Արման Բաբաջանյանն իր «հոր»՝ Նիկոլի ցուցակից օգտվել, բայց դա մի կողմից պարզունակ քայլ կլիներ, իսկ մյուս կողմից ստվեր կնետեր այն օրերի իմքայլական անաղարտ թեկնածուների վրա: Այլ խոսքով՝ Արման Բաբաջանյանի անցյալը թույլ չտվեց նրան ընդգրկվել քայլարածների ցանկում:
«Լուսավոր Հայաստանում» Արման Բաբաջանյանը մեկ տարի էլ չդիմացավ: Նրա սիրտը ծծովի կոնֆետ էր ուզում եւ վերջ: Ու բեմադրվեց Մարուքյանենց «տնից» Արմանին հանելու հայտնի տեսարանը: Նա պետք է «անկախ» պատգամավոր դառնար եւ այդ կարգավիճակում լծվեր Փաշինյանի եւ նրա կառավարության անհեթեթ ձեռնարկների սպասարկման գործին: Էդմոն Մարուքյանը մի քիչ չեմուչում արեց, մանդատը հետ ուզեց, հայտարարեց, որ Արմանը, մեծամասնական թեկնածու լինելով, ընդամենը մի քանի քվե է ստացել, չգիտեմ էլի ինչեր արեց, բայց Արմանը, երկու ոտքը մեկ կոշիկի մեջ դրած, Փաշինյանի կոնֆետն էր ուզում եւ վերջ: Երբ ամեն ինչ ավարտվել էր, իսկ ԼՀ-ում էլ հաշտվել էին ծանր կորստի հետ, ԱԺ-ն ձեռնամուխ եղավ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկության գործընթացին: Հրաշալի առիթ էր ստեղծվել Արմանին փախցրած «Իմ քայլ»-ից վրեժ լուծելու համար, բայց ԼՀ կլասիկ առաջնորդը (ես նրա կլասիկ ջանին մեռնեմ) գնաց բոլորովին այլ ճանապարհով եւ, ի հեճուկս իր բոլոր ընտրողների, լծվեց «Իմ քայլի» անհեռանկար օյինբազությունը կյանքի կոչելու գործին: Կարճ ասած՝ ինքն էլ միացավ Նիկոլի «որդիների» բանակին ու ընկավ Հրայր Թովմասյանի հետեւից:

Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու հենց առաջին փորձից հետո «Իմ քայլը», ԼՀ-ն ու անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը մնացին բորդյուրին: ՍԴ-ն նույնիսկ քննության չառավ նրանց «հիմնավոր» դիմումը: Եվ բոլոլան սկսվեց: Օդում կախվեց Հրայր Թովմասյանից ազատվելու «պլան Բ»-ն, որի ինչ լինելը միառժամանակ ոչ ոք չգիտեր: Առաջ չանցնելով՝ նշենք, որ նույնիսկ մինչեւ «պլան Ա»-ն գործողության մեջ դնելն արդեն իսկ այլեւայլ պլաններ էին փորձարկվել Հրայր Թովմասյանին հեռացնելու, ավելի ստույգ՝ վախեցնելու համար, որպեսզի նա ինքնակամ հրաժարական տա: Բայց Հրայր Թովմասյանի բախտը բերել էր այնքանով, որ դա պետք է անեին ավելի լուրջ մարդիկ, քան ԱԺ իմքայլական մանկապարտեզի սաներն են: Այդ լուրջ մարդիկ, քանի որ լուրջ էին իսկապես, գերադասեցին հրաժարական տալ, բայց չկատարել հակաօրինական եւ հակահիգիենիկ այդ քստմնելի գործը: Մենք այդ կարգին մարդկանց լավ ենք ճանաչում եւ լրացուցիչ անգամ նրանց անունները չենք տա այստեղ:
Գանք «պլան Բ»-ին, որն իրագործելու համար ՀՔԾ-ն քրեական գործ հարուցեց Հրայր Թովմասյանի դեմ: Գործ տվողն էլ հայտնի դարձավ: Չեք հավատա՝ դա Փաշինյանի կոնֆետի սիրահար Արման Բաբաջանյանն է: Բայց որտեղի՞ց այս Պողոսն իմանար, որ հենց իր բողոքով քրգործ հարուցելու օրն իր սիրասուն «հայրիկը» ԱԱԾ-ն քշելու էր Թովմասյանի ընտանիքի վրա, ԱԱԾ հարցաքննության էին տարվելու Թովմասյանի դուստրերը, շոու էին իրականացնելու Թովմասյանի հայրական տանը՝ հաշվի չառնելով առողջական լուրջ խնդիրներ ունեցող նրա 75-ամյա հոր հնարավոր ապրումները: Ավելորդ է ասելը, որ այդ տեսարաններից Արման Բաբաջանյանի լեղին ջուր կտրեց: Եվ նա, ուշքի գալով, մի «պաշտոնական» նամակ գրեց ՀՀ ԱԺ թիվ մեկ պողոս Արարատ Միրզոյանին, թե բա՝ Արո, ջան, արի կլինի՝ Թովմասյանի գործը թողնենք իր ընթացքով գնա, իսկ մենք առաջ նայենք, ավելի կարեւոր գործեր կան, Ղարաբաղի հարց կա, վտանգներ կան, բան կա… Ահաբեկե՞լ են, արդյոք, Արման Բաբաջանյանին Թովմասյանի դեմ գործ տալու պատճառով, թե՞ ախորժակն է փակվել կոնֆետից, չեմ կարող ասել, հնարավոր է, որ Արման Բաբաջանյանն ինքնուրույն է գլխի ընկել, որ Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, որի կենտրոնում անսպասելիորեն հայտնվել է ինքը: Իսկ այժմ դու հուշիր, սիրելի ընթերցող, ո՞րն է սրիկայի վերջին հանգրվանը… Այո, դու ճիշտ ես՝ հայրենասիրությունը… Թե բա՝ Արո ջան, Ղարաբաղի հարց ունենք, վտանգներ կան, արի Թովմասյանի գործը թողնենք, առաջ նայենք: Այ, էս բոյի սրիկայություն՝ սիրասուն «հայրիկի» հանդեպ, որն իր կյանքի նպատակն է հռչակել Թովմասյանի հեռացումն ու Քոչարյանի կալանքը հանելու ՍԴ պահանջի չեղարկումը:

Բոլոր ժողովուրդների կյանքում էլ տեղի են ունենում դեպքեր ու իրադարձություններ, որոնք, ինչքան էլ աննշան, այնուամենայնիվ, հայտնվում են այդ ժողովրդի պատմության մեջ: ՀՀ դատարանների դեմ գրոհը, չվնգստացող ՍԴ-ի եւ Հրայր Թովմասյանի նկատմամբ հալածանքների այս շարանը եւ էլի շատ ու շատ բաներ, անտարակույս, մտնելու են հայոց պատմության դասագրքեր, որպեսզի հետագա սերունդներն իմանան, թե ինչ չի կարելի անել հրաշքով անկախացած երկրում, որը, ի թիվս պատմականորեն ձեւավորված օբյեկտիվ մարտահրավերների, ստացել է նաեւ մի այնպիսի արհեստածին մարտահրավեր, ինչպիսին «թավշյա հեղափոխություն» հորջորջվող համաժողովրդական վակխանալիան է: Ու պատկերացրեք, որ այս «իրադարձությունների» գլխավոր հերոսների թվում նշվելու են նաեւ Արման Բաբաջանյանի ու նրա նմանների անունները, որոնք հերոսաբար պայքարեցին Հայաստան պետության ոչնչացման համար, բայց բռնվեցին կեղծ մատնության գործի վրա ու դարձան առաջ նայող «հայրենասերներ»:

ՀԳ. Հոդվածը պատրաստ էր, երբ զանգեց Պողոսն ու խնդրեց իր անունից երեք բառ ավելացնել՝ «թքեմ ձեր երեսին»… Սպասիր, Պողոս, այդպես չի կարելի, հոդվածի տակ ես եմ ստորագրելու, չիմանա՞մ՝ ում երեսին ենք թքում… Դու «արխեին» գրի, իրանք գիտեն… Տու, տու, տու…