Ամբողջ Հայաստանում այդ խնդրի առաջ են կանգնած՝ հաղթած-չհաղթած՝ մնում են անգործ

Ամբողջ Հայաստանում այդ խնդրի առաջ են կանգնած՝ հաղթած-չհաղթած՝ մնում են անգործ

Դեկտեմբերի 5-ից հետո հետընտրական «բազարները» շարունակվում են․ մի կողմից՝ 50 տոկոսից պակաս ձայն ստացած ՔՊ-ականները տեռորով ու ճնշումներով փորձում են մրցակից  ուժերին ստիպել, որ իշխանությունը զիջեն կամ միանան իրենց եւ 50 տոկոսից ավելի ձայն ապահովեն իրենց համար: Երեկ Վարդենիսում անգամ ընդդիմադիր թեկնածուի ձերբակալեցին, որը մյուս դաշնակցի հետ ընդդեմ ՔՊ-ի կոալիցիայի մասին էր հայտարարել։ Մյուս կողմից՝ ՔՊ-ի դեմ ընդվզման մեծ ալիք է բարձրացել այն համայնքապետերի կողմից, որոնք ստիպողաբար ընդգրկվել են իշխանական ցուցակներում կամ ակտիվ աշխատել են ՔՊ-ի օգտին, անգամ իրենց ղեկավարած համայնքներում ՔՊ-ին հաղթանակ են պարգեւել, բայց, մեծ հաշվով, պարտվել են մրցակիցներին եւ հիմա կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առջեւ։

Քանի որ խոշորացման արդյունքում համայնքն ունենալու է մեկ վարչական ղեկավար՝ քաղաքապետ եւ համայնքի վարչական ներկայացուցիչներ, որոնք, ըստ էության, ներկայիս համայնքապետերի լիազորություններն են իրականացնելու, ուստի այս պաշտոնը բավականին գայթակղիչ է։ ՏԻՄ օրենքով՝ վարչական շրջանի ղեկավարներն են որոշելու, թե ում նշանակեն համայնքներում ղեկավարներ՝ ներկայացուցիչներ։ Թեկնածուներին ներկայացնելու են ավագանու նիստում, եթե ավագանին հաստատի, ապա համայնքապետը կնշանակի ներկայացուցիչ։ 

ՏԻՄ կառավարման համակարգն էականորեն տարբերվում է Ազգային ժողովից, որտեղ ընդդիմությանը եւս վերահսկողական լծակներ ու պաշտոններ են շնորհվում։ Ասենք, խորհրդարանի փոխխոսնակի, մշտական հանձնաժողովների ղեկավարների եւ այլ պաշտոններ օրենսդիրը նախատեսել է տալ ընդդիմությանը՝ անկախ նրա ունեցած մանդատների քանակից։ Իսկ ՏԻՄ-երում, նույնիսկ եթե որեւէ ուժ 40 տոկոսից ավելի ձայն է հավաքել եւ դարձել  ընդդիմություն, միեւնույն է, օրենքը որեւէ լծակ, լիազորություն, պաշտոն չի նախատեսում, եւ միայն վարչական շրջանի ղեկավարի հայեցողությամբ, կոմպրոմիսի արդյունքում է հնարավոր ընդդիմությանը պաշտոնների նշանակել։

Ի դեպ, նման «քաշված» համայնքապետերի պակաս չի զգացվում․ նախկինների օրինակով իշխանությունը ՔՊ-ացնելով համայնքապետերի ինստիտուտը՝ շատերին է պարտադրել աշխատել իր օգտին։ Ոմանք ընտրություններից հետո իրենց մարզային ղեկավարներին, մասնավորապես մարզպետներին են բողոքել եւ պահանջել տեր կանգնել իրենց, չթողնել, որ անգործ մնան, ոմանք էլ ինքնուրույն փորձում են հարաբերություններ հարթել նորընտիր ղեկավարների հետ, ամեն ինչ անում են, որ մնան իրենց պաշտոններում։ Սակայն այստեղ էլ համայնքի ղեկավարներն են կանգնելու փաստի առջեւ, որովհետեւ ընդառաջել հակառակորդ՝ իրենց դեմ աշխատած գյուղապետերին՝ կնշանակի «քցել» յուրայիններին, որոնք այդ համայնքներում ակտիվ աշխատանքներ են տարել եւ պաշտոններ զբաղեցնելու ակնկալիքներ ունեն։

Երեկ Արարատի մարզի Մասիսի շրջանից տեղեկություններ հասան, որ մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը եւ հաղթած թեկնածու Դավիթ Համբարձումյանը պայմանավորվածություններ են ձեռք բերել, մարզպետը խնդրել է յուրային մի քանի համայնքապետի ձեռք չտալ, թողնել, որ շարունակեն իրենց աշխատանքը։ Նրանց թվում է Դարակերտի համայնքապետ Ղուկաս Սիմոնյանը, որի համայնքում ՔՊ-ն 603 ձայն է ստացել, իսկ «Համբարձումյան դաշինքը»՝ 306։

Սիմոնյանը թեեւ չհաստատեց նման պայմանավորվածության մասին լուրը, բայց ասաց, որ կառավարությունը հարցում է արել, մարզային իշխանությունները փոխանցել են բոլոր այն համայնքապետերի ցանկը, որոնք ՔՊ-ի համար իրենց համայնքներում «խոշոր հաշվով» հաղթանակ են տարել, բայց այսօր կանգնել են փաստի առաջ։ «Մեր մասով հարցում արել են, որպեսզի ոտատակ չգնանք, հիմա մնում է պատասխանը ստանանք»,- ասաց Սիմոնյանը։ Մեր հարցին՝ կառավարությունն ունի՞ լծակ՝ իրենց պաշտոններում պահելու, պատասխանեց «Դե, իր լծակներով մեկին մի բան ասի, եթե ոչ, ապա խոշորացված համայնքի ղեկավարն ում նշանակի՝ նշանակի»։ Ապա հղում անելով օրենքին՝ ավելացրեց․ «Խոշորացված համայնքի ղեկավարն է որոշելու՝ մենք կմնա՞նք, թե՞ ոչ, ամեն բան իր ցանկությունից է կախված»։ Իսկ Դավիթ Համբարձումյանը կցանկանա՞ Ձեզ խնայել։ «Այ, դա չեմ կարող ասել, իր անձնական կարծիքն է։ Բայց էդ դեպքում էլ իր թիմը կասի՝ մենք չարչարվեցինք, դու իրե՞ն ես թողնում․ բարդ է»։

Սիմոնյանն ասաց, որ դա միայն իր խնդիրը չէ․ «Ամբողջ Հայաստանում այդ խնդրի առաջ են կանգնած․ հաղթած-չհաղթած՝ մնում են անգործ, հիմա նայեք՝ մեր համայնքում պարտվել է, բայց ուրիշ համայնքում՝ հաղթել, երկուսն էլ մնում են անգործ։ Մի անորոշ վիճակի մեջ են բոլորը հայտնվել, չգիտեն՝ ոնց է լինելու»։ Մեր դիտարկմանը, որ ՔՊ-ն, փաստորեն, հայտնվել է իր փորած փոսում, Սիմոնյանն ասաց․ «Իրանք իրանց փորած փոսն ընկան, մեզ էլ կործանեցին»։