Առողջապահության նախարարը մի անգամ թող գա սահմանամերձ գյուղ, նոր որոշում կայացնի

Առողջապահության նախարարը մի անգամ թող գա սահմանամերձ գյուղ, նոր որոշում կայացնի

Գիշերօթիկները եւ խնամքի հաստատությունները լուծարելուց հետո իշխանությունն անցել է ծննդատներին։ Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ կառավարությունը որոշել է լուծարել հանրապետության մի շարք բնակավայրերում գործող ծննդատները։ Խոսքն այն բուժհաստատությունների մասին է, որոնք ունեն վերազինման խնդիր եւ տարվա ընթացքում չեն ընդունում 150 եւ ավելի ծնունդ, իսկ տեղի բնակչությունը պետք է օգտվի մարզկենտրոնների ծննդատներից։ 

Փակվող ծննդատների թվում են Մարալիկի, Աչաջրի, Արտենիի, Արծվաբերդի, Եղվարդի, Ծաղկահովիտի, Քաջարանի, Ջերմուկի եւ այլ բաժանմունքներ: Մի քանի համայնքներում տարին մեկնարկեց բողոքի ակցիաներով։ Կառավարության որոշման դեմ ընդվզում են ոչ միայն տեղի բնակիչներն ու բուժանձնակազմը, այլեւ ոլորտի մասնագետները։ Մարդիկ սա համարում են ազգային անվտանգության հարց։ Ոմանք էլ կարծում են, որ իշխանությունը, որը նպատակ է հայտարարում 30 տարում բնակչությունը հասցնել 5 միլիոնի, առնվազն չպիտի գնար այդ քայլին։ Չէ որ եթե իր նախարարների աշխատավարձերը եռապատկելու հնարավորություն ունի եւ հայտարարում է, որ պետությունը փողի խնդիր չունի, պիտի վերազիներ ծննդատները եւ պահեր դրանք՝ անգամ վնասներ կրելու գնով։ Թիրախում հայտնված բուժհաստատությունների տնօրենները դեռ հույս ունեն, որ նախարարությունը հետ կկանգնի այս որոշումից, մի քանիսը գրություն են ուղարկել, բացատրել իրենց ծննդատների առանձնահատկությունը՝ խնդրելով շարունակել պետական ֆինանսավորումը։ 

Աչաջրի ԲԿ տնօրեն Կորյուն Վարդապետյանն ուղղակի ապշած է՝ ինչպե՞ս կարելի է չզրուցել իրենց հետ, չայցելել ծննդատուն, բայց սահմանամերձ գյուղերին սպասարկող ծննդատունը փակելու որոշում կայացնել։ Երեկ էլ Վարդապետյանը ծնունդ է ընդունել՝ բարեգործությամբ, ասաց, որ ծնարանից է խոսում մեզ հետ։ Աչաջուրն անցած տարի 70 ծնունդ է ունեցել, եւ Վարդապետյանն անընդունելի է համարում նման մոտեցումը․ «Թող բաժանեն Հայաստանի Հանրապետության 2 միլիոն 900 քանի հազար բնակչությունը, ծննդաբերող կանանց տարիքը թող բաժանեն ծննդատների թվին եւ վերլուծություն անեն, թող այդ թիվը բաժանեն բոլոր ծննդատների գինեկոլոգների, ծնունդ ընդունող բժիշկների վրա ու նոր ասեն, թե մի բժշկին քանի ծնունդ է հասնում տարեկան, ու մի բժիշկը քանի ծնունդ պետք է ունենա տարեկան, որ իր որակները պահպանի»։

Բժիշկ Վարդապետյանն անձամբ նման հաշվարկ չի արել, բայց կանխատեսում է, թե ինչ կստացվի․ «Ես աշխատում եմ եւ աշխատելու եմ, հինգը լինի, թե տասը, ինձ համար կարեւոր չէ, եթե ես պետության համար բեռ չեմ դառնում, հիմնարկը պետության վրա բեռ չի դառնում՝ ծննդօգնությունով պայմանավորված, այսինքն՝ միեւնույն է, որտեղ էլ ծննդաբերեն, այդ գումարը հատկացնելու է պետությունը, ապա ինչի՞ մասին է խոսքը։ Լավ, ուրիշ բան չասեմ, սահմանամերձ գյուղի ծննդատունը փակո՞ւմ են»։ Իր կարծիքով՝ որն է կառավարության հիմնավորումը կոնկրետ Աչաջրի փակվելու հարցում․ «Իրենց հիմնավորումն այն է, որ մտահոգված են շատ, որ իմ մասնագիտական ունակությունները պահպանեմ։ Ես կարող է տարեկան 500 ծնունդ ընդունեմ, բայց որակներս չպահպանեմ, դա ի՞նչ մոտեցում է»։

Վարդապետյանն արձանագրում է․ «Եթե ամբողջ հանրապետությունում անեսթեզիոլոգի խնդիր ունենք, տարածաշրջանում մեր ամեն մի հիվանդանոցում 1 անեսթեզիոլոգ ունենք, 4 մեծ հիվանդանոց կա, դե թող ապահովեն 4 անեսթեզիոլոգով, 4 նեոնատալոգով, թող կենտրոնանան այդ հարցերի վրա։ Քանի հիվանդանոց են փակում, էդ բժիշկներին ո՞ւր են տեղափոխում։ Այդ բժիշկների ընտանիքների մասին մտածո՞ւմ են, նրանք ընտանիք ունեն, երեխաներ, որոնք դպրոց են հաճախում, ինչո՞ւ են ճնշում այդ ընտանիքներին, իմ երեխան 4-րդ դասարան է, լավ, ասեք՝ ես ո՞ւր գնամ, իմ երեխային որտե՞ղ տանեմ, ինչքա՞ն ժամանակում հարմարվի նոր միջավայրին»։ Վարդապետյանը տարակուսում է՝ նույնիսկ  նախորդ իշխանությունն անսաց իր հորդորներին՝ հրաժարվեց ծննդատունը լուծարելու ծրագրից․ «Դեռ 2018 թվականից է այդ հարցը դրվել, միակ նախարարը, որ եկել է այս հիվանդանոց, եղել է Լեւոն Ալթունյանը, էդ մարդը գնացել, իր որոշումից հետ է կանգնել։ Կառավարության, նախարարության այսօրվա աշխատողներից մեկը մտե՞լ է, գոնե բանակցել, լսել, քննարկել մեզ հետ հարցը։ Չի մտել»։ Աչաջրում կադրերի խնդիր ունեն, բայց մինչ օրս, գոնե Վարդապետյանի տնօրինման 5 տարիներին դժբախտ դեպքեր չեն գրանցվել․ «Ի վերջո, եթե նման բան լինի, մենք ենք ամբողջ կյանքում կրելու այդ պատասխանատվությունը։ Մտե՞լ է սահմանամերձ գյուղ առողջապահության նախարարը, հրավիրում ենք՝ մեծ սիրով, թող գա, ծանոթանա»։

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Հակոբյանն էլ ասաց, որ չնայած ե՛ւ վերազինման խնդիր ունեն, ե՛ւ ծնունդների թիվը պակաս է տարեկան 150-ից, միեւնույն է, ինքը կողմ չէ ծննդատունը լուծարելուն. «Ես էլ, գյուղապետն էլ գրություն ենք ուղարկել, որ ճիշտ է՝ մեր ծնունդները քիչ են՝ 60 ծնունդ տարեկան, բայց քանի որ մեզ մոտ բնակլիմայական պայմանները շատ խիստ են, Արագածի տակ ենք ապրում, ձմեռը խիստ է լինում, որ բացառությամբ մեր ծննդատունը թողնեն։ Հիմա տեսնենք, թե ինչ կորոշեն։ Դեռեւս պատասխան չենք ստացել»։ Այստեղ կադրերի՝ անեսթեզիոլոգի, մանկաբարձ-գինեկոլոգի, վիրահատող բժշկի խնդիր ունեն, սակայն. «Այս ընթացքում որեւէ խնդիր չի եղել, Աստված մի արասցե, որ լինի»։ Հակոբյանը կարծում է, որ պետությունը կարող է լրացնել կադրերի հարցը, այն փակելու փոխարեն։ 

Արտենիի ԲԿ տնօրեն Վարուժան Հակոբյանը՝ որպես մասնագետ, համաձայն է, որ ծննդբուժօգնության որակն էականորեն բարձրացվի, բայց հարցը պետք է համապարփակ դիտարկել։  «Մենք խնդիր ունենք որակյալ բուժապահովման հարցում, որը լուրջ մտորումների տեղ է տալիս։ Ես փորձված կազմակերպիչ եմ, ակնկալում եմ, որ տարին տարվա վրա բնակչության բուժապահովումը պետք է լավանա, ավելի որակյալ դառնա։ Մեր ծննդատունն ամենապարզագույն ծննդատունն է, քանի որ ծնունդներն ավելի են բարդանում, մենք ունենք ծնունդների նվազեցում, չենք կարող ռիսկի գնալ միայն նրա համար, որ ծնունդների թիվը ծննդատանը շատ լինի։ Ես համաձայն եմ, որ բուժօգնությունը պետք է ավելի որակյալ լինի, ավելի հագեցված կլինիկաներում ծննդօգնությունը կազմակերպվի։ Բայց գյուղական համայնքներում մարդիկ ձգտում են բուժօգնությունը տեղում ստանալ, նրանք այդ հոգեբանությամբ են ապրում, շատ հարցեր կան՝ գնալ-գալ, ծախսեր, շատերը սոցիալական անապահով պայմաններում են ապրում։ Բացի դա, աշխատատեղի խնդիր կա, պետությունը նաեւ պետք է կարեւորի մեկ աշխատատեղի խնդիրը, ի վերջո, այն մի տուն է պահում, յոլա տանում։ Այս պարագայում պետք է քննարկումներ անցկացվեն»։ 

Իրենց մոտ շենքային պայմաններն են բոլորովին վերջերս բարելավվել, Լինսի հիմնադրամի միջոցով նոր սարքավորումներ ձեռք բերել, դիմել են նախարարություն՝ դրանց լիցենզավորման համար, բայց անհայտ պատճառներով պատասխան չեն ստացել։ 

Գառնիի ծննդատունը փակվել է 2 տարի առաջ՝ ծնունդների թվի պատճառով, ԲԿ տնօրինությունը դիմել է կրկին ֆինանսավորելու հարցով, բայց բացասական պատասխան է ստացել։ ԲԿ տնօրեն Քրիստինե Սարգսյանը տարակուսած է նման մոտեցումից․ մի կողմից ասում են՝ մարզերի համաչափ զարգացում, մյուս կողմից՝ ամեն բան կենտրոնացնում են Երեւանում․ «Գառնին քանի որ մոտ է մասիվին, ասում են՝ թող գնան այդ հիվանդանոց, բայց չեմ կարծում, թե դա լավագույն լուծումն է»։