Վավերագրական ֆիլմ՝ Պարգեւ սրբազանի մասին․ «Սպիտակ խաչի պաշտպանը»

Վավերագրական ֆիլմ՝ Պարգեւ սրբազանի մասին․ «Սպիտակ խաչի պաշտպանը»

Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվում։ Նախագծի հեղինակը եւ ռեժիսորը Մանանա Հակոբյանն է, ֆիլմի գեղարվեստական ղեկավարը՝ Էդգար Այվազյանը։ «Ֆիլմի գաղափարը մի քանի տարի քննարկվում էր, սակայն ավելի հասունացավ, երբ 2019թ. մեր թիմի նախաձեռնությամբ սփյուռքի անվանի հայ գործիչները ժամանեցին Արցախ՝ տոնելու Արցախի թեմի վերակազմավորման երեսնամյակը: Այդ ժամանակ ֆիլմի գաղափարը ներկայացվեց Պարգեւ սրբազանին, ով ոչ միանգամից, բայց որոշ ժամանակ անց համաձայնեց նկարահանվել երկար սպասված ֆիլմում: Սա մեզ համար մեծ պատիվ էր, քանի որ մինչ այս, ֆիլմ նկարելու բազում առաջարկներ են եղել Սրբազանին, սակայն մեզ բախտ վիճակվեց ստանձնել այդ կարեւորագույն գործի կյանքի կոչման առաքելությունը»,- պատմում է Էդգար Այվազյանը:

«Սպիտակ խաչի պաշտպանը» փաստավավերագրական ֆիլմն Արցախի հերոս Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, նրա  անցած ուղու, ձեռքբերումների, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերազարթոնքի եւ հոգեւոր արժեքների պահպանման գործում նրա հսկայական ծառայության մասին է, որի նկարահանման աշխատանքները սկսվել են 2020թ․ գարնանը եւ շարունակվում են մինչ այժմ:

«Հոգեւոր առաջնորդի անմնացորդ նվիրումն իր ազգին, նրա  ունեցած մեծ դերակատարումն արցախյան ազատագրական պատերազմներում լինելու են ֆիլմի գլխավոր ասելիքը: Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն իր հոգեւոր դասի մեջ սերմանել է այն կարեւորագույն գաղափարը, որ հայոց բանակում հոգեւորականի մեծագույն ձեռքբերումը զինվորի կողքին լինելն է, Աստծո խոսքով նրանց հոգիները կերտելու առաքելությունը, զինվորի հետ հավասար զենքը ձեռքին հայրենի հողը թշնամու ոտնձգությունից պաշտպանելը»: 

Լեգենդի մասին ֆիլմում խոսում են տարբեր մարդիկ եւ պատմում հերոսական պատմություններ․ «Սրբազանի մասին պատմողներն այնքան շատ են, որ մենք անգամ չէինք հասցնում կազմել նկարահանման գրաֆիկ եւ ուղղություն, սակայն ամեն բան կատարվել է պատվով: Նկարահանմանը մասնակցել են ինչպես կենդանի լեգենդներ եւ հերոսներ, ովքեր երեսուն տարիների ընթացքում ճանապարհ են անցել Պարգեւ սրբազանի հետ, այնպես էլ աշխարհի տարբեր անկյուններից մշակույթի, հասարակական եւ քաղաքական դաշտի պատվավոր ներկայացուցիչներ: 
Ֆիլմում տեղ են գտել նաեւ փաստավավերագրական դրվագներ եւ կարեւորագույն իրադարձություններ»:

Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Արցախում, մասնավորապես՝ Շուշիում, Գանձասարում, Դադիվանքում, Ստեփանակերտում, Երեւանում, Գյումրիում, Փարիզում, Լոս Անջելեսում: Արցախյան վերջին պատերազմը խանգարեց, բայց չընդհատեց նկարահանումները․ «Սրբազանն այս ծանրագույն օրերին հույսի, ապրելու եւ ապրեցնելու խորհրդանիշն էր: Նա վիրավոր զինվորի, տունն ու տեղը կորցրած հայրենակիցների կողքին էր: Մենք պարտավոր ենք ֆիլմը հանձնել աշխարհի դատին, քանի որ այն նաեւ պատմամշակութային կարեւորագույն արժեքներ է ներկայացնում, եւ, ինչպես նշում է Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, մենք պետք է ուժեղ լինենք եւ արարենք ամուր հավատքով, իսկ ֆիլմն ամբողջովին հավատքով հաղթանակներ կերտելու մասին է»:

Ֆիլմն արդեն մոնտաժային փուլում է եւ հանդիսատեսի դատին կհանձնվի 2021թ․ գարնանը, որի պրեմիերան տեղի կունենա Ստեփանակերտում, Երեւանում, Փարիզում եւ Լոս Անջելեսում: