Ի՞նչ է ստացվում

Ի՞նչ է ստացվում

Կրեմլի անպաշտոն խոսնակի համարում ունեցող «Ռոսբալտը» վերլուծական է հրապարակել, որ հատվածաբար արտատարածել է ադրբեջանական լրատվամիջոցը:

Հեղինակը վարչապետ Փաշինյանին կշտամբում է, որ РБК-ին հարցազրույցում չի կարեւորել ապրիյան պատերազմը դադարեցնելու գործում ՌԴ նախագահ Պուտինի առանձնահատուկ դերակատարությունը: Սա ենթատեքստով նույնն է, ինչ ալիեւյան քարոզչությունն է ասում. «Հայաստանը պետք է երախտապարտ լինի, որ Ռուսաստանը կանգնեցրել է ադրբեջանական բանակի առաջխաղացումը»: Թե ինչու՞ է «Ռոսբալտն» այս նուրբ թեմային անդրադարձել ապրիլյան քառօրյայի մասին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դիտարկումներից հետո եւ ԱԺ քննիչ հանձնաժողովի Եզրակացության հրապարակումից առաջ՝ այլ թեմա է:

Փաստենք, որ վերոբերյալը վարչապետ Փաշինյանի հասցեին ամենամեղմ քննադատությունն է եւ նկատենք, որ հրապարակումը կառուցված է այն կաղապարով, որ Հայաստանում հետապնդման են ենթարկվում բացառապես ռուսամետ գործիչները՝ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը եւ Արթուր Վանեցյանը: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին «Ռոսբալտը» չի հիշել: Ասես նրա դեմ քրեական գործ հարուցված չէ: Այս հանգամանքը նույնպես ենթադրությունների տեղիք է տալիս: Բայց «Ռոսբալտի» հրապարակման «մեխն» այն է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունը չի ընդունում ԼՂ կարգավորման գործընթացում Ռուսաստանի բացառիկ դերը եւ «չի շտապում պայմանավորվել ադրբեջանցիների հետ»: Ընդ որում, անթաքույց ասվում է, որ նախկինում Ռուսաստանի միջնորդությամբ ստանձնած պարտավորությունները ենթակա են կատարման:

Հնչում է վերջնագրի պես, ինչը վերլուծականի հեղինակը չի էլ թաքցնում՝ ուրվապատկերելով «նավակի ճոճք, տարածաշրջանային քաոս»: Գրեթե՝ ապոկալիպսիս, եթե Հայաստանի իշխանությունը «հետեւություններ չանի եւ վերջնականապես չկորցնի հավատն իր հայտարարությունների անկեղծության նկատմամբ՝ դրանից բխող հետեւանքներով հանդերձ»: Եւ ի՞նչ: Ստացվում է, որ Հայաստանի ներքաղաքական վերադասավորումների նպատակը ԼՂ հարցով Ռուսաստանի միջնորդությամբ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների անպայման կատարման նախապատրաստու՞մն է: Այսինքն, կամ ներկա իշխանությունը պետք է ընդունի «տարածքներ՝ խաղաղության դիմաց» հայեցակարգը եւ Լավրովի ճանապարհային քարտեզով առաջ շարժվի, կամ նրան կհեռացնե՞ն: Մի կողմ թողնենք Ադրբեջանի նկատմամբ Մոսկվայի չափազանցված վստահությունը: Դա Ռուսաստանի խնդիրն է: Մի՞թե Հայաստանում կան քաղաքական ուժեր, խմբեր եւ անհատներ, որ պատրաստ են «Լավրովի պլանն» ընդունելու եւ այն կատարելու «պարտավորագրի» գնով գալ իշխանության: Իսկ եթե «Ռոսբալտը» կամ ադրբեջանական լրատվամիջոցը նենգափոխում է, ապա ընդդիմադիրներն ինչու՞ չեն արձագանքում, չեն հերքում եւ հայ հանրությանը չեն վստահեցնում, որ Արցախի հարցում զիջումների դիմաց իշխանություն չեն ուզում: