․․․Որ Ադրբեջանի «չոքերը թուլանան»

․․․Որ Ադրբեջանի «չոքերը թուլանան»

Նախկինում բերք ու բարիքով լի այգու դիմաց   չուչել էին դնում՝ խրտվիլակ, որ թռչունները նրանից վախենային ու չգային կտցեին,  խժռեին բարիքը։ Խեղջ ու կրակ մարդիկ էին, թռչուններից պաշտպանվելու իրենց իմացած ձևը դա էր։ Մեր այգում էլ էր տատս դնում, հետն էլ բողոքում՝ «էդ պնդաճակատները տրանից էլ չեն վախում, կյալիս, հա կյալիս են»։ 
Հիմա Երասխում կառուցվող հայ- ամերիկայն գործարանի տարածքում բարձրացվել են ՀՀ ու ԱՄՆ դրոշները։ ՀՀ դրոշը բարձրացվել է հավանաբար Ադրբեջանին հիշեցնելու, որ սա Հայաստանի տարածք է, հանկարծ չկտցեք, Ամերիկայի դրոշն էլ երևի հաթաթա տալու նման մի բան է՝ տեսեք, Ամերիկան էլ է մեզ հետ։ Գործարանի տնօրեն Տիրան Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասում է, որ  սա ռազմական նշանակություն չունի։ Մնում էր, որ խոսեր ռազմական նշանակությունից ։ Ասում է․ «Սրանով արձանագրում ենք, որ ստեղից տեղ չենք գնալու ու շարունակելու ենք գործարանի կառուցումը»։ Դա մի կերպ հասկացանք։ Այդ դեպքում Ամերիկայի դրոշի բարձրացումն ի՞նչ է նշանակում։ Որ ի՞նքն էլ է մեր հողում մնալու, թե՞ նրան հրահանգ տվողին  թվում է, որ Ամերիկայի դրոշը բավական է, որ «Ադրբեջանի չոքերը թուլանան»։

Վերջը ե՞րբ եք հասկանալու, որ հողը կրծքով, կռվով են պաշտպանում, ոչ թե այս կամ այն պետության դրոշով։ Ե՞րբ եք հասկանալու, որ անկախ ամեն ինչից՝ Հայաստանի տարածքում Հայաստանի դրոշը պիտի լինի։ Ադրբեջանը, որ եկել ու ձեր քթի տակ ադրբեջանական դրոշ է տեղադրել, ինչու՞ դրա համար չկռվեցիք ու չասացիք ՝ սա մեր հողն է, մենք այստեղ ենք մնալու։ Ինչու՞ մեր դրոշներն իջեցրիք ու հետ քաշվեցիք։ Հիմա ու՞մ եք համոզում, որ այդտեղ մնալը ձեզնից է կախված ու Ամերիկայի դրոշ դնելն էլ ձեր նախաձեռնությունն է։