Այո, իրենք պիտի պատասխան տան․ ինչ է ակնարկում ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարը

Օրերս անդրադարձել էինք Գյումրու ավագանու ՔՊ-ական 5 անդամի լիազորությունները դադարեցնելուն։ Այս հարցն անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ է քննարկվել եւ որոշում է կայացվել այդ 5 անդամներին փոխարինել առավել վստահելի անձանցով։ ՔՊ-ն ավագանու կազմի փոփոխությունը բացատրում է վերադասավորումներով, իբրև առավել արդյունավետ գործելու նպատակով է արվել։ Մինչդեռ, պտտվող խոսակցությունների համաձայն, լիազորությունները դադարեցված ավագանիների թվում նրանք են, ովքեր ՔՊ-ականների հեղինակության հետ են խաղացել, մասնավորապես խոսքը վերաբերվում է ավագանու հեռացվող անդամներից 2-ին, որոնք անցնում են քրգործերով, հայտնի են սկանդալային պատմություններով։Նրանցից Աղասի Մաթեւոսյանը մեղադրվում է ռուս զբոսաշրջիկներին կողոպտելու մեջ` անցած փետրվարին անգամ 2-ամսյա կալանք կրեց։ Երվանդ Խանամիրյանն էլ 50-ամյա Հ․ Մ․-ին հրազենային վնասվածք հասցնելու գործով է անցնում։ Խոսքը հայտնի պատմության մասին է, երբ արհեստավորին շան բունն էին նետել, ծեծել, կրակել։ Մյուսներն էլ այնքան պասիվ են գտնվել, որ ավագանու անդամները դժվարանում են հիշել նրանց դեմքերը։
«Ցանկացած ավագանի, կարևոր չէ, թե տվյալ ավագանին որ խմբակցությունն է ներկայացնում, պիտի մեկ հանձնառություն ունենա՝ իր համար առաջնայինը պիտի լինի օրենքի գերակայությունը, ու մենք գնում ենք այդ ճանապարհով։ Եթե կլինեն մարդիկ, ովքեր այս ընթացքում, որևէ իրավիճակում, որևէ կարգավիճակում խախտել են օրենք, ապա այո, իրենք պիտի պատասխան տան, և օրենքի առաջ բոլորն են հավասար։ Մեզ համար այդ տրամաբանությունը մշտապես գործել է և գործելու է»,- ՔՊ խմբակցության ավագանու ղեկավար Քնարիկ Հարությունյանն է երեկ իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն արել ։ Թե ինչ է ակնարկում ՔՊ խմբակցության ավագանու ղեկավարը, պարզել չհաջողվեց, քանի որ մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Ուշագրավ է նաև, որ Գյումրիում տարատեսակ խոսակցություններ են պտտվում։ Լուրեր են շրջանառվում, որ Շիրակի դատախազը Գյումրու ավագանուն գրություն է ուղարկել, որպեսզի քննարկվի եւ հայց հարուցվի դեռևս տասնյակ տարի առաջ համայնքում ապօրինի հողահատկացումների ու համայնքային գույքը մասնավորեցնելու դեպքերի հետ կապված ։ Սա քննարկման լուրջ առիթ է դարձել թե ՔՊ-ականների, թե մյուս խմբակցությունների միջև, քանի որ ավագանու անդամներից շատերի համար դատախազի առաջարկն անընդունելի է համարվել։
Նշենք, որ դատախազություն հարցում ենք արել՝ պարզելու՝ նմանատիպ գրություն ավագանու անդամները ստացել են, թե ոչ ,եւ , եթե ավագանին կողմ քվեարկի, ինչ հիմքով է հայց հարուցվելու ։
Մինչ այդ հիշեցնենք, որ hraparak.am-ն այսօր ևս անդրադարձել էր ավագանու անդամների լիազորությունների դադարեցմանը՝ գրելով, որ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանին, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը լայն լիազորություններ է տվել, նա էլ որոշել է կադրային ջարդ անել Գյումրիում՝ դպրոցի պահակից սկսած, նշանակել իր ծանոթ-մտերիմներին։ Նա գյումրեցիների շրջանում ամենաընդունելի իշխանականն է, ուստի 2 ամիս առաջ նշանակվեց ՔՊ-ի Գյումրու կառույցի ղեկավար։ Սարուխանյանի մեծ «չիստկայով» է պայմանավորված անցած շաբաթ Գյումրու ավագանու 5 անդամների` մանդատները դնելու փաստը։ Նոր անդամները Սարուխանյանի մարդիկ են, հրաժարվածները՝ նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանի եւ Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի։ Մինչ այդ ՔՊ-ն նիստ է արել, երբ Սարուխանյանը հայտնել է, որ վերաձեւելու է ավագանու կազմը՝ վերեւից «դաբրո» ունի, «ռազբորկա» է սկսվել Հովհաննես Հարությունյանի եւ Սարուխանյանի միջեւ։
Ի դեպ, ավագանու կազմի փոփոխությանն անդրադարձել էր նաև Կարեն Սարուխանյանը՝ նշելով, թե այդ փոփոխությունները ներթիմային վերադասավորումներ են, որոնք միտված են Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու և ավագանու ՔՊ խմբակցության առջև դրված քաղաքական օրակարգն ի կատար ածելու համար ։
Կարծիքներ