«Հրապարակ». Հայրենիքի հանդեպ անսահման սերն է ստիպում, որ վարչապետն անհամաչափ զուսպ խոսի ընդդիմադիրների հետ
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը «մեծարգո վարչապետին» հարց տվեց Հայաստանի «այդքան թշվառ ու միայնակ» կարգավիճակի մասին եւ, վկայակոչելով ընդդիմադիր գործընկերների ելույթ-հայտարարությունները, ակնհայտ քամահրանքով հեգնեց Հայաստանի «թշվառ ու միայնակ» լինելու մասին արձանագրումները: Նա թերեւս ակնկալում էր, որ Փաշինյանը մի կողմից կհայտարարի, որ երբեք այսքան լուսավոր չի եղել Հայաստանի ապագան, մյուս կողմից՝ առիթը կօգտագործի «չար ու նախանձ» ընդդիմությանը ասֆալտին ծեփելու համար։ «Մեր ընդդիմությունը շատ նեղված էր Ձեր մյունխենյան այցից, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Ձեր հայտարարությունից: Եղան մեկնաբանություններ, որ Հայաստանը երբեք այսքան թշվառ, խեղճ ու միայնակ չի եղել աշխարհում, ինչպես որ այսօր է»,- ասում էր Բադալյանը` նվաղկոտ ձայնով, եւ հարցնում՝ իսկապե՞ս ՀՀ-ն այդքան թշվառ, միայնակ է, ինչպես չի եղել երբեք, թե՞ մեր ընդդիմության համար աշխարհի քարտեզը շատ փոքր հատվածով է սահմանափակվում: Լուսինե Բադալյանն անհանգստացել էր, որ ԱԺ ընդդիմությունը հայտարարությունների ժամին խուճապ է տարածել, որը հասել է սպառնալիքների. «ՀԱՊԿ անդամ երկրները նույնիսկ այդքան նեղված չեն, ինչքան մեր ընդդիմությունը: Ընդդիմությունն այնքան հեռու գնաց, որ հասավ նրան՝ կա՛մ չի լինի Նիկոլ Փաշինյանը, կա՛մ չի լինի ՀՀ-ն ընդհանրապես: Ինչպիսի՞ն եք Դուք տեսնում ՀՀ-ի ապագան՝ մեկ տարի հետո, 10 տարի հետո, 50 տարի հետո, ո՞րն է Ձեր տեսլականը»:
Հարցն այնքան ոչ կոռեկտ էր, որ անգամ Փաշինյանը որոշեց այդ լեքսիկոնը չշարունակել եւ չփարատել ընդդիմության թողած տպավորությունը` անարձագանք թողեց հայրենիքի թշվառ լինելու մասին հարց-արձանագրումը, փոխարենը պատմական էքսկուրս արեց. «Հայաստանի Հանրապետությունը միայնակ է եղել 1996-ի դեկտեմբերից, երբ ստիպված էր վետո կիրառել ԵԱՀԿ գագաթնաժողովում: Եթե մենակ չլիներ, վետո կիրառելու անհրաժեշտություն չէր լինի: Եվ 1996-ի Լիսաբոնի գագաթնաժողովի՝ վետոյի կիրառումից հետո նախագահի հայտարարության մեջ պաշտոնապես արձանագրվել է, որ ՀՀ-ն մենակ է: Ինչ վերաբերում է միայնակ լինելուն, վատ չի լինի, որ մենք սովորենք միայնակ լինելուն: Երբ սովորենք, մենք համապատասխան հետեւություններ գուցե անենք, որովհետեւ մենք անընդհատ մի քիչ ուրիշ ռեժիմի ենք սովորել, մեզ թվացել է, թե մենք մենակ չենք, իրականում շատ դեպքերում եղել է, որ միայնակ ենք եղել»:
Երեկ մենք Լուսինե Բադալյանին մի քանի հարց ուղղեցինք:
- Տիկին Բադալյան, Ձեր հարցին պատասխանելիս Նիկոլ Փաշինյանը չանդրադարձավ «թշվառ» բնորոշմանը, ընդամենը պատմական էքսկուրս արեց։ Կարո՞ղ ենք եզրակացնել, որ ամեն ինչ իսկապես այնքան լավ չէ, եթե չասենք՝ շատ վատ է, ու Փաշինյանը որոշակիորեն համաձայնեց ընդդիմության հետ, որ մենք մենակ ենք ու թշվառ։
- Ընկալման հարց է, ես ոչ միայն ընկալել եմ, որ վարչապետը համաձայն չէ ընդդիմության հետ, այլեւ վստահ եմ, որ վարչապետը բացարձակապես համաձայն չէ, որ Հայաստանը միայնակ է եւ թշվառ, եւ կարծում եմ՝ ճիշտ հակառակը։ Ուղղակի վարչապետը, ի տարբերություն ինձ եւ մի շարք այլ պատգամավորների, հնարավորինս զուսպ է խոսում ընդդիմադիրների եւ նրանց հարցերի մասին: Եթե, իհարկե, ուշադիր հետեւեք՝ կտեսնեք։
- Մենք նույն մարդու մասին ենք, չէ՞, խոսում, ով ընդդիմադիրներին պատերին էր ծեփում, ասֆալտին փռում, չե՞ք հիշում։
- Իհարկե, հիշում ենք։ Եթե դուք ուշադիր հետեւեք, կտեսնեք, որ վերջին շրջանում անհամաչափ զուսպ է խոսում ընդդիմադիրների հետ եւ նրանց հարցերին ի պատասխան՝ ի տարբերություն մեզ։
- Իսկ գուցե զուսպ է դարձել, որովհետեւ իսկապե՞ս լավ վիճակում չենք։
- Հայրենիքի հանդեպ անսահման սերն է ստիպում, որ վարչապետն անհամաչափ զուսպ խոսի ընդդիմադիրների հետ։ Ոչ, ամեն ինչ շատ լավ է, ես պարզապես դա մեկնաբանում եմ հայրենիքի եւ Հայաստանի նկատմամբ անսահման սիրով, որ, այնուամենայնիվ, ինչքան էլ զայրացած լինես, դու հասկանում ես, որ նույն ընդդիմադիրը քո հայրենակիցն է, նա էլ ունի «յան»-ով ավարտվող ազգանուն, եւ եթե ինքն այս պահին քեզ վիրավորում է, ապա նույն համաչափությամբ պետք չէ պատասխանել։ Ես վստահ եմ, որ ինքն այդպես է մտածում։ Ինձ թվում է՝ բոլորս էլ պետք է ձգտենք հասնենք այդ կետին, իսկ այդ կետին հասնում են, ոչ թե ի սկզբանե է լինում։ Այնպես որ՝ լրիվ նորմալ է, հնարավոր է, որ ժամանակին կոպիտ էր արձագանքում, բայց հիմա այդպես չէ։
- Ընդամենը մի քանի ամիս առաջ՝ Երեւանի ավագանու ընտրությունների նախօրյակին, ընդդիմադիր մրցակիցներին Նիկոլ Փաշինյանը բորդյուր էր լիզեցնում։
- Գիտեք՝ ժամանակ առ ժամանակ կարող են լինել նաեւ պոռթկումներ, ոչ մեկս չենք կարող երաշխավորել։ Բոլորս էլ մարդ ենք եւ բոլորս էլ ինչ-որ մի կետի հասնելով, պայթում ենք, որովհետեւ ինչո՞ւ է ձեզ թվում, որ մեզ կարելի է անվերջ վիրավորել եւ նվաստացնել, որովհետեւ մենք էլ ենք մսից ու արյունից, եւ բացարձակ ոչ մի տարբերություն՝ նույն կառուցվածքն ունենք, ինչ մնացած մարդիկ, ինչպե՞ս է ստացվում, որ մեզ անընդհատ կարող են վիրավորել, ու ինչ-որ մի պահ, այո, հոգեբանորեն կարող ես պոռթկալ, չդիմանալ, բայց դա չի նշանակում, որ․․․ Ամեն դեպքում, վարչապետը ցույց է տալիս, որ եթե նույնիսկ շատ հազվադեպ պոռթկումներ էլ են լինում, ինքը կարողացել է հասնել այն կետին, որ համբերատար լսի, պատասխանի։
- Վերջե՞րս է հասել այդ կետին, այսինքն՝ վերջե՞րս է սկսել սիրել հայրենիքը։
Այս հարցից Լուլուն խիստ վրդովվեց, հարցը համարեց անարգանք «մեծարգո վարչապետի» հասցեին եւ հրաժարվեց պատասխանել այլ հարցերի, ավելին՝ սպառնաց, որ այլեւս հարցազրույց չի տալու մեզ։
Կարծիքներ