Քանդման աշխատանքները համաձայնեցված չեն եղել քաղաքապետարանի հետ

Քանդման աշխատանքները համաձայնեցված չեն եղել քաղաքապետարանի հետ

Երեկ կեսօրին «Հայաստանի փոքրիկ երգիչները» հերթական անգամ ահազանգեցին, որ Արամի 23 պատմամշակութային հուշարձանը վտանգված է, տարածք շինտեխնիկա է մտցվել, եւ կատարվում են քանդման աշխատանքներ։ Տեղում արդեն շենքի պահակը մեզ ասաց, որ շինարարներից պահանջել է ներկայացնել քանդման թույլտվությունը, որից հետո ահազանգել է պատկան մարմիններին՝ ոստիկանություն, նախարարություն։ «Ասացին՝ մենք հիմա կից շենքը քանդում ենք, բայց ձեր պատը պետք է ամրակայենք, առանց հաշվի առնելու, որ էդ մասը քանդելով՝ կարող է մեր շենքի տանիքն էլ հետը տանեն։ Ասում են՝ մենք թույլտվություն ունենք, որ էդ երկու բնակարանը պետք է քանդենք, բայց թույլտվության թղթերը ցույց չի տալիս»,- ասաց հերթապահություն իրականացնող շենքի պահակը, ում ահազանգից հետո տարածք էին շտապել թե՛ նախարարության եւ թե՛ քաղաքապետարանի ներկայացուցիչները։

Արդյունքում, որոշ ժամանակ անց Արամի 23 հասցեին կից շինության ապօրինի քանդման աշխատանքները կասեցվել էին։ Քաղաքապետարանի քաղաքաշինության, հողի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Արամ Այվազյանը, ով տեղում ծանոթանում էր իրավիճակին, ասաց, որ աշխատանքները կասեցված են, իսկ թե ինչքանով է վստահ, որ դրանք վաղը նորից չեն վերսկսվելու, ապա վստահ չէ, միայն ընդգծեց, որ քանդման աշխատանքները համաձայնեցված չեն եղել քաղաքապետարանի հետ, եւ չկա շինարարության թույլտվություն։

Հատկանշական է, որ օրեր առաջ ԿԳՄՍ նախարարությունը հաստատեց Արամի 23-ի՝ որպես մշակութային հուշարձան հանդիսացող շենքի՝ իտալացի ճարտարապետի ներկայացրած ամրացման սխեման, Երեւանի քաղաքապետարանն էլ տվեց շինարարության թույլտվությունը: Այդ մասին Երեւանի ավագանու նիստում հայտարարել էր գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, ով վստահեցրել էր, որ վաղն արդեն նախագիծը՝ ստորագրված, շինարարների ձեռքում կլինի։ Մեսչյանը նաեւ ընդգծել էր, որ կառույցը պետք է ամրացվի, որից հետո կիրականացվեն ստորգետնյա ավտոկայանատեղիի շինարարական աշխատանքները, որի միջոցով կստեղծվի հենապատը, որը կպահի, ու կառույցը չի փլուզվի: Հիշեցնենք, որ Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը փլուզվեց դեռ հունվարի 11-ին, եւ չնայած տրված խոստումներին ու հաստատված որոշմանը, առայսօր ոչինչ չի ձեռնարկվել պատն ամրակայելու ուղղությամբ։