Տղաներ և սիրելի աղջիկներ, ձեր չափը ճանաչեք

Տղաներ և սիրելի աղջիկներ, ձեր չափը ճանաչեք

Որքան էլ այսօրվա իշխանությանը դուր չի գալիս, եւ նա սվիններով է ընդունում, երբ իրենց համեմատում են նախկինների հետ, բայց նրանք ամեն օր գնում են այն նույն ճանապարհով, որով նախկիններն էին գնում։ ԱԺ այս տարվա մեկնարկային քառօրյան եւս բացառություն չէր։

Նախօրեին Արման Բաբաջանյան-ԲՀԿ-ականներ բախումն իմքայլականները կրկին պատրվակ դարձրին՝ հերթական անգամ «ասֆալտին փռելու» ընդդիմադիր գործընկերներին։ Նախկինների փորձված մեթոդով քաղաքական օպոնենտների դեմ աղմկոտ հարձակում սկսելով՝ փորձեցին խլացնել Հայաստանի մի շարք մարզերում մսավաճառների ու ֆերմերների բողոքի ակցիաները, որոնք ուղեկցվում էին ճանապարհներ փակելով։ Իսկ երեկ խորհրդարանական մեծամասնությունը, օգտվելով իր թվաքանակի առավելությունից, արժեզրկեց թե՛ երկրի մայր օրենքը, թե՛ խորհրդարանական ընդդիմության ինստիտուտը։ 

Ինչպես հայտնի է, «Լուսավոր Հայաստանը» նախաձեռնել էր Երեւանի քաղաքապետարանին նվիրաբերված աղբատարների՝ «ԿամԱԶ»-ների հարցով քննիչ հանձնաժողով ստեղծել: Դեռեւս տարեվերջին հանձնաժողովը ստեղծվել էր իրավունքի ուժով, քանի որ ընդդիմադիր երկու խմբակցություններին հաջողվել էր հանձնաժողով ձեւավորելու համար պահանջվող ստորագրությունները հավաքել։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ բարձր ամբիոնից հայտարարել էր, որ հանձնաժողովը ստեղծվել է։

Հիմա, երբ պետք է հաստատվի հանձնաժողովի կազմը, իմքայլականները հասկացել են, որ չի կարող նման մարմին ձեւավորվել, քանի որ դա հակասում է Սահմանադրությանը, եւ ԱԺ-ն չի կարող մտնել ՏԻՄ դաշտ ու զբաղվել այդ խնդիրներով։ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի մակարդակով, իմքայլականները փորձում էին հիմնավորել, թե Սահմանադրությունը սահմանում է, որ քննիչ հանձնաժողով կարող են ստեղծել ԱԺ իրավասության մեջ մտնող եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի հետ կապված, այս նախագծում ներկայացրած որեւէ հարց ԱԺ իրավասության մեջ չի մտնում։ Սա՝ այն պարագայում, երբ ԱԺ իրավաբանական վարչությունը դրական եզրակացություն է տվել նախագծին, իշխող ֆրակցիան էլ ընդունել է հանձնաժողովի գոյության փաստը։

Այսինքն, կա՛մ «Իմ քայլում» օրենք իմացողներ չկան, եւ նրանց հետին թվով հուշել են այդ մասին, երբ հանձնաժողովն արդեն ձեւավորվել էր, կա՛մ էլ այլ պատճառներով երեկ տապալեցին հանձնաժողովի կազմի ձեւավորումը՝ չմասնակցելով հարցի քվեարկությանը։ Քանի որ հանձնաժողովի կազմը չհաստատվեց, որտեղ, ի դեպ, իշխանականները մեծամասնություն էին լինելու, հանձնաժողովն ինքնըստինքյան դադարեց գոյություն ունենալուց։ Նշենք, որ իրավունքի ուժով քննիչ հանձնաժողով ստեղծվելու հնարավորությունն օրենսդրությամբ սահմանվել էր որպես ընդդիմության վերահսկողական գործունեության արդյունավետ միջոց, իսկ հանձնաժողովի կազմի ձեւավորումը սոսկ տեխնիկական բնույթ ունեցող հարց է:

Ժողովրդավարության ջատագով, ընդդիմության դերը խոսքով կարեւորող իշխանությունը տեխնիկական միջոցներով խափանեց խորհրդարանական ընդդիմության աշխատանքը։
Հանձնաժողովի կազմի քվեարկությունը տապալելուց հետո ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե ինքն ուղղակի ապշած է, որ երկրի երկրորդ պաշտոնյան կարող է իր խոսքին այդքան անլուրջ մոտեցում ունենալ։ Մարուքյանը նկատի ուներ Արարատ Միրզոյանին, ով դեկտեմբերի 5-ին հայտարարել է, որ ստեղծվել է քննիչ հանձնաժողով, սակայն այսօր փաստացի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին նախագիծը չընդունվեց։ «Պատկերացնո՞ւմ եք՝ մարդիկ վախենում են ստեղծել մի հանձնաժողով, որտեղ իրենք մեծամասնություն են։ Նման հանձնաժողով ստեղծելուց իշխանությունը վախենում է, որովհետեւ կան կոռուպցիոն գործարքների վերաբերյալ կասկածներ, եւ դրանք փոխանակ փարատեն, իրենք այդ կասկածներն արմատավորում են»,-ընդգծեց Էդմոն Մարուքյանը։

Ընդդիմադիր ֆրակցիայի ղեկավարը տպավորություն ունի, որ մարդիկ էյֆորիայից գլուխները կորցրել են եւ չեն գիտակցում, թե ինչ են անում․ «Ուզում եմ սթափության կոչ անել՝ տղաներ եւ սիրելի աղջիկներ, գլուխներդ մի կորցրեք, էսօր կաք՝ վաղը չկաք: Ձեզ նորմալ պահեք: Ձեր ունեցած վստահությունը բացարձակ չի, եւ դա չի նշանակում, որ կարող եք ձեր չափը չճանաչեք»։
Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցին անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն է վերլուծություն արել եւ եզրակացրել, որ չի կարող տվյալ հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ձեւավորվել,  եւ որ այդ իրավասությունն ավագանունն է։ Փաշինյանն ասաց, որ ավագանու վերլուծությունն իրեն են տրամադրել, ինքն էլ խորհրդակցել է պատկան մարմինների հետ, ու կայացվել է քաղաքական որոշում։ Վարչապետը նաեւ գաղտնիք բացեց, որ երբ ՔՊ վարչության նիստում քննարկել են հարցը, իրենք այնքան էլ համաձայն չեն եղել, բայց, այդուհանդերձ, նախընտրել են իրավական ճանապարհը։