Ինչու է աղմկում իմ հարեւան Շմավոնը

Ինչու է աղմկում իմ հարեւան Շմավոնը

Փաշինյանի Հայաստանում ամեն ինչ չէ, որ համապատասխանում է ժողվարչապետի սահմանած չափորոշիչներին ու չափանիշներին: Մի տեղ ասֆալտ են անում, գիշերն անձրեւ է գալիս, առավոտյան տեսնում են` ասֆալտը չկա… Մի ուրիշ տեղ կախիչ են տեղադրում, քաշում ես՝ իսկույն պոկվում է… Բասկետբոլի գնդակը նետում ես օղակի մեջ` չի անցնում, որովհետեւ կա՛մ օղակն է փոքր, կա՛մ գնդակն է մեծ… Եվ այսպես շարունակ: Լիքը պրոբլեմ կա, որ մեզ՝ Փաշինյանի հայաստանցիներիս, չի սազում: Իսկ ի՞նչ ասեմ թափանցիկ ապակիներով զուգարանների մասին…

Օրերս այս պրոբլեմներին ավելացավ եւս մեկը՝ իմ հարեւան Շմավոնի թոշակի հարցը: Ինչքան թուղթ ուներ՝ հավաքել, բերել էր մեր տուն, թե` դու լրագրող ես, մի բան արա, որ թոշակս ճիշտ հաշվարկեն: Այ Շմավոն ջան, ասում եմ, դրա համար համապատասխան ատյաններ կան, թաղապետարանում հատուկ բաժին կա, սոցապնախարարություն կա, արխիվ կա, բան կա, ես ի՞նչ անեմ, նրանք պարտավոր են քո բոլոր բողոքները լսել եւ լուծում տալ քո խնդիրներին: Ես նույնիսկ իրավունք չունեմ միջամտելու ՀՀ քաղաքացու եւ ՀՀ-ի փոխհարաբերություններին: Դրա համար դատարան կա, արդարադատություն կա…

- Չես ուզում հարեւանիդ օգնած լինել, էլի… Գոնե մի հատ նայիր թղթերս՝ աշխատանքային գրքույկս, տեղեկանքներս… Դաժե միլիցա Մերուժից թուղթ ունեմ, որ իր հոր պաշտոնավարության շրջանում դատվածություն չեմ ունեցել:
- Միլիցա Մերուժն ո՞վ է, Շմավոն, նա ի՞նչ կապ ունի թոշակի անցնելուդ հետ:
- Վայ, քո տունը շինվի, դա՞ էլ չգիտես: Միլիցա Մերուժը ողորմածիկ միլիցա Սերոժի տղեն ա: Կիրովականում ժամանակին բոլորը դողում էին միլիցա Սերոժից: Շոֆեռ կա՞ր, որ նրա փետի տակով անցած չլիներ… Էդ Մերուժը հիմա ինձ թուղթ է տվել, որ ոչ մի խախտում չեմ արել շոֆեռ ժամանակներս:
- Լավ, քո խնդիրն ի՞նչ է, Շմավոն, որ բոլոր թղթերն ունես, բայց թոշակդ սխալ են հաշվարկել: Սոցապի կամ թաղապետարանի կնանիքի հետ անձնական հարցեր չունե՞ս, պատահաբար:
- Չէ,- ծիծաղում է,- ի՞նչ անձնական հարց, պարզապես զայրացած եմ. Հայաստանի կառավարությունը գաղափար չունի Հայաստանի մասին:
- Էդ ի՞նչ ես ասում, Շմավոն, ինչպե՞ս կարող է Նիկոլը գաղափար չունենալ Հայաստանի մասին: Մի հատ քեզ հավաքիր եւ ուրիշ տեղ նման բաներ չասես: Մեր կառավարությունը նույնիսկ գիտի, թե որ գյուղում բացօթյա զուգարան կա, որ գյուղում՝ ՀԴՄ չտպող կրպակ…
- Այդպիսի բաներ կարող ա եւ գիտեն, բայց որ Սովետի ժամանակ Կիրովականում «Կիրշին տրեստ» է եղել, այդ տրեստը 2-րդ շինվարչություն է ունեցել` չգիտեն:
- Չի կարող պատահել, Շմավոն:
- Պատահել է… Ես իրենց ասում եմ՝ եղել է նման կազմակերպություն, ես մոտ մեկ տարի աշխատել եմ այնտեղ, աշխատավարձ եմ ստացել, վերջապես, իսկ իրենք ասում են՝ չէ, չենք գտնում:
- Փաստորեն, քո կռիվն այդ մեկ տարվա ստաժի համար է, այո՞: Դա ի՞նչ պետք է տա քեզ, ամսական հազար դրա՞մ:
- Հարցը հազար դրամը չէ, այլ՝ իմ կենսագրությունը: Նրանք ինձ ուզում են համոզել, որ այդ տարի «Կիրշին տրեստ» չի եղել, 2-րդ շինվարչություն չի եղել, Կտրիճ Ռաֆո անունով պռարաբ (աշխղեկ) չի եղել, բրիգադիր Վաղո չի եղել, ուստա Վալոդ չի եղել, ուստա Գուգո չի եղել, Սանո ու Սամո չեն եղել, ես չեմ եղել…
- Դե լավ, մի հուզվիր, կգտնեն, հսկա տրեստը հո ասեղ չի՞, որ կորչի: Վաղուց լուծարված հիմնարկներ են, այդքան աշխատող են ունեցել: Արխիվը պահպանված կլինի, կգտնեն, քո անունն էլ կգտնեն, Շմավոն ջան: Դրա համար իսկի չարժե, որ հոդված գրենք թերթում, աղմուկ բարձրացնենք, կառավարությունն էլ մտածի, որ, աչքներս չորս արած, իրենց մախինացիաներին ենք հետեւում:
- Ասում ես` կգտնե՞ն:
- Իհարկե, կգտնեն: Այդ նույն պրոբլեմը ես էլ ունեի՝ շատ արագ գտան:
- Հա՞:
- Հա… Ուրեմն ինձ էլ ուզում էին համոզել, որ ես «Դպրություն» թերթում չեմ աշխատել: Արխիվից ասում էին՝ «տենց մարդ չկա»: Ու էդ պահին, Շմավոն ջան, շներին կապիր՝ Էդոյին բաց թող… Էն օրը դրեցի դրանց, որ արդեն ուզում էին դիմում գրել, գործից դուրս գալ: Իսկապես վրդովեցուցիչ էր: Փաստորեն, «Դպրություն» թերթում մինչեւ Արմինե Օհանյանի՝ գլխավոր խմբագիր դառնալը Էդիկ Անդրեասյան անունով մարդ չի աշխատել, բուհերի բաժնի վարիչ Էդիկ Անդրեասյան չի եղել, պատասխանատու քարտուղար Էդիկ Անդրեասյան չի եղել… Ոնց որ քեզ՝ ինձ էլ էին ասում՝ չենք գտնում:
- Բա ո՞նց գտան:
-Դու դալշե լսիր… Ուրեմն, թարսի նման, ճիշտ այդ տարիներին «Դպրություն» թերթում է աշխատել նաեւ Նիկոլը՝ Նիկոլ Փաշինյանը, որին ես Կոկո էի ասում: Դա նվաստացուցիչ մականուն չէր, Շմավոն ջան, ուրիշ բան չմտածես: Մենք բոլոր դեղնակտուցներին էինք այդպես դիմում՝ Կոկո, տար, Կոկո, բեր, Կոկո, գնա ռեպորտաժ արա… Ես հիշեցի այդ մասին ու արխիվին ասացի՝ Նիկոլի կենսագրությունը որ փորփրեք, «Դպրություն» թերթն էլ կգտնեք, իմ անունն էլ: Եվ պատկերացրու, Շմավոն, երկու օրում գտան ու զանգեցին, թե` պարոն Անդրեասյան, ներողություն ենք խնդրում… Բա՞: Քոնն էլ կգտնեն, Շմավոն ջան, մի օր կգտնեն: Քո պրոբլեմն էն ա, որ Նիկոլը կամ մի որեւէ հայտնի ՔՊ-շնիկ ձեր բրիգադում չի աշխատել:
- Փաստորեն, դրանից հետո թոշակդ ավելացավ:
- Իհարկե: Վերահաշվարկեցին, ավելացրին «Դպրություն» թերթում Նիկոլի հետ աշխատածս տարիներն ու մի բան էլ ավելի տվեցին:
- Այսի՞նքն…
- Այսինքն էն, որ Նիկոլի հետ աշխատելը համահավասարեցված է թունավոր արտադրամասերում աշխատելուն, եւ մեկ տարին հաշվարկվում է երկու տարի:
- Յա՜ա՜ա՜…
- Բա՞…