Երբ դատախազը սովորում էր տարրական դպրոցում, Սերժ Սարգսյանը ղեկավարում էր պատերազմ. բանավեճ՝ դատարանում

Երբ դատախազը սովորում էր տարրական դպրոցում, Սերժ Սարգսյանը ղեկավարում էր պատերազմ. բանավեճ՝ դատարանում

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Նիստը հետաձգվեց Սերժ Սարգսյանի բացակայության պատճառաբանությամբ, մինչ այդ նիստն անցավ թեժ մթնոլորտում. բանավեճ սկսվեց Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանի եւ գործով մեղադրող Արսեն Մարտիրոսյանի միջեւ։ 

Սերժ Սարգսյանի՝ դատական նիստին չներկայանալու առնչությամբ գործով մեղադրողն իր խոսքում նշում էր «ամբաստանյալ Սարգսյան» բառակապակցությունը, ինչը պաշտպան Մակինյանին դուր չեկավ։

«Սա շատ էական նշանակություն ունի ամբաստանյալի վարքագիծը քննարկելու եւ նրա խափանման միջոցի փոխելու հարցի հանգամանքին անդրադառնալու համար»,- հայտարարեց դատախազը։

Ի պատասխան այդ հայտարարությանը՝ Մակինյանն ասաց. «Երբ դատախազը նշում է «ամբաստանյալ Սարգսյան», հիշեցնեմ, որ խոսքը Հանրապետության նախագահի մասին է եւ արժանի հարգանք է պահանջվում Հանրապետության նախագահի մասին խոսելիս շեշտադրումներ ընտրելու հարցում։ Երբ հարգելի դատախազը ուսումնառություն էր ստանում տարրական դպրոցում, ՀՀ երրորդ նախագահը ղեկավարում էր մի պատերազմ»։

Այդ ընթացքում դատախազն ընդհատեց պաշտպանին եւ սկսվեց բանավեճ երկուսի միջեւ։
Դատարանը խնդրեց չբանավիճել եւ անցնել բուն թեմային։

Նշենք, որ դատական նիստին Սերժ Սարգսյանը ներկա չէր՝ առողջական խնդրի պատճառով։

Հիշեցնենք՝ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ մեղադրանքի, մեղադրվում է մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար: