Ուիլյամ Սթենլի Մերվին․ Ուշ Գարուն

Ուիլյամ Սթենլի Մերվին․ Ուշ Գարուն

Ուշ Գարուն

Տարիներ անց մեծ սենյակը մտնելով կրկին՝
օվկիանոսներից եւ բլուրների ստվերներից ու ստահոդ ձայներից հետո,
կորուստներից ու հիացումներից հետո,

սպասելուց եւ սխալներից ու մոռացումից հետո,
վերադարձա՝ կարծելով գտնել 
լոկ հարազատ մեկին,
վերջապես տեսա քեզ`
սպիտակ հագած
արդեն սպասելիս

դու, որի մասին ի սկզբանե
լսել եմ ականջներովս,
որի համար շատ անգամներ
բացել եմ դուռը՝
հավատալով, որ հեռու չես։ 

Ապրիլ

Երբ մենք հեռացած լինենք, քարը կդադարի երգել

Ապրիլը…
Ապրիլը հոսում է անունների ժամանակի միջով

Օրեր, որ պիտի գան
առանց աստղերի սակայն

Դու, որ սպասում ես՝ այնտեղ լինելով

Դու, որ ոչինչ չես կորցնում,
Չես հիշում ոչինչ։ 

Բաժանում

Բացակայությունդ անցնում է իմ միջով,
Ինչպես թելն ասեղի միջով:
Ամեն ինչ կարված է նրա գույնով։

Նետածայրը սրող մարդու երգը

Փոքրիկնե՛ր, դուք բոլորդ կքայլեք,
իսկ այն մեկը, որին թաքցնում եք,
թռչելու է։ 

Երբ հեռանում ես

Երբ հեռանում ես, ամեն տեղ քամին դեպի հյուսիս է շաչում,
Նկարիչներն աշխատում են ամբողջ օրը, բայց արեւամուտին ներկը թափվում է՝
Ի ցույց դնելով սեւ պատերը,
Ժամացույցը շարունակ զարկում է նույն ժամին,
Որը տեղ չունի տարիների մեջ։

Իսկ գիշերը՝ ծրարված մոխիրների մահճակալում,
Արթնանում եմ շնչակտուր,
Դա այն ժամն է, երբ մեռյալների մորուքն է աճում,
Հիշում եմ, որ ընկնում եմ,
Որ ես եմ պատճառը,
Եվ որ, ինչպես ծալված թեւքը միձեռքանի տղայի,
Բառերս սքողում են մեկին, որը էլ ես չեմ լինի։

Իղձ

Իմ ձեռքի աստղը
ընկնում է
Բոլոր համազգեստները գիտեն, որ անիմաստ են
Թող որ խոնարհվեմ Կարիքի առաջ,
քան թե նրա վարձկանների։

Վկա

Ուզում եմ պատմել,
թե ինչպիսին էին անտառները.

ստիպված կլինեմ խոսել
մոռացված լեզվով։

Շշուկով կանչ

Երեկոյան
լեռները տարածվում են անապատի վրա,
նավարկում հողմազուրկ թագավորությունից

լռությունը սուրում է թռչունների միջով,
սառչում են նրանց ստվերները

որտե՞ղ ես

որտե՞ղ ես, որտե՞ղ ես
ճամփա եմ ընկնում տոկուն լեռն ի վեր,
որի ստվերներն ամենուրեք են։

Թարգմանությունն անգլերենից` Մարո ՂՈՒԿԱՍՅԱՆԻ 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ