Հայկ Ղալումյանն Իջեւանը կշարունակի կառավարել որպես հավերժ ԺՊ

Հայկ Ղալումյանն Իջեւանը կշարունակի կառավարել որպես հավերժ ԺՊ

Իջեւանի նախկին քաղաքապետ Վարդան Ղալումյանին 2019-ի սեպտեմբերի 6-ին առաջադրված մեղադրանքից ու հրաժարականից հետո այդ բաղձալի աթոռը զբաղեցրեց Նիկոլ Փաշինյանի քավորը եւ մանկության ընկերը՝ Հայկ Ղալումյանը, որը մի քանի առիթով ասել է, որ նախկին քաղաքապետն իրենց ազգականն է։ 2019-ի սեպտեմբերից Հայկ Ղալումյանն Իջեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Թվում էր՝ դեռ մեկ տարի առաջ պետք է վարչապետի հայրենի քաղաքում ընտրություններ կազմակերպվեին, եւ իջեւանցիները քաղաքապետ ընտրեին, սակայն իշխանությունը, հասկանալով, որ Ղալումյանն ընտրվելու շանսեր չունի, մեկ տարի է՝ ձգձգում է ընտրությունները։ Այս ընթացքում ծրագրում էին համայնքը խոշորացնել, որպեսզի մոտակա գյուղերի համայնքապետերի աջակցությամբ գլուխ բերեն այդ գործը։ Հետո օրենքում փոփոխություն կատարեցին՝ օգտվելով համաճարակի խառնաշփոթից, եւ քաղաքներում ընտրություններն էլ դարձրին համամասնական, այսինքն՝ Իջեւանում ընտրությունը կատարվելու է կուսակցական ցուցակներով, այլ ոչ թե անհատ թեկնածուների միջեւ։

Հաշվի առնելով, որ ընտրությունները նշանակված են 2020-ի հոկտեմբերին, ստացվում է, որ նա 1 տարի 2 ամիս պաշտոնավարում է, սակայն՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Հիշեցնենք, որ, նախնական սցենարով, Իջեւանի ընտրությունները պետք է կայանային 2019 թվականի դեկտեմբերին՝ ՏԻՄ ընտրությունների մասին ԿԸՀ սահմանած ժամանակացույցի առաջին ժամկետում, սակայն արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում չկայացվեց, ընտրությունների համար սահմանված հաջորդ ժամկետը եւս անցավ, ու դարձյալ Իջեւանում ընտրություններ չեղան, հետո եկան կորոնավիրուսային ժամանակները։
Իջեւանում ընտրությունները ձգձգելուն մեծապես նպաստեց նաեւ անցած տարվա ամռանն այստեղ տեղի ունեցած անտառային պատերազմը, որի արդյունքում ծեծի ու բռնությունների ենթարկված իջեւանցիների շրջանում իշխանության վարկանիշը խիստ իջել էր, իսկ կորոնավիրուսի համավարակի ժամանակ էլ Հայաստանի որեւէ իշխանության, հաստատ, վարկանիշի բարձրացում չի սպառնում։

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանին «Հրապարակը» հարց ուղղեց՝ նորմա՞լ է, որ որեւէ համայնքում մարդիկ տարիներով ԺՊ-ներ լինեն (ի դեպ, Փաշինյանի վարչապետության օրոք պետական այլ մարմիններում եւս, ներառյալ՝ նախկին ԱԱԾ-ն ու ոստիկանությունը, մի քանի տասնյակ ԺՊ-ներ կային եւ կան, որոնք անորոշության մեջ են)։ Պարոն Երիցյանը յուրաքանչյուր հարցից հետո ասում էր, որ հարցն ընդհանրական է, ու, ակնհայտորեն, հակված չէր պատասխանելու։ Սկզբում ասաց, որ ամեն համայնք իր առանձնահատկությունն ունի, կոնկրետ դեպքերին կարող է արձագանքել, իսկ երբ կոնկրետ հարց հնչեցրինք, եւ կամ Իջեւանի անունը լսեց, խուճապահար հայտարարեց, որ արձակուրդում է եւ նպատակահարմար չի համարում հեռախոսով պատասխանել մեր հարցերին։ Իջեւանի մասով միայն փորձեց իշխանությունների քաղաքականությունը հիմնավորել․ «Կոնկրետ Իջեւանը․․․ այս կորոնավիրուսի հետ կապված է այս խնդիրը, ընտրություններն արտակարգ դրության ժամանակ օրենքով արգելված են»։

Հաշվի առնելով իշխանությունների այն հայտարարությունները, որ կորոնավիրուսը մինչեւ հաջորդ տարվա մարտ, գուցե՝ ավելի երկար, մեզ հետ է լինելու, այսինքն՝ իշխանությունը գնալու է արտակարգ դրությունը երկարաձգելուն, ապա կարելի է ենթադրել, որ քավոր Հայկ Ղալումյանը մինչեւ 2021 թվականը կշարունակի Իջեւանում պաշտոնավարել որպես ԺՊ։ Ե՛վ քավորը կշարունակի փաստացի լինել Իջեւանի քաղաքապետը, ե՛ւ վարկանիշի խնդիրը կլուծվի, նաեւ արտակարգ դրությունը կերկարաձգվի՝ որպես հավաքների ազատությունը սահմանափակելու ամենագործուն եւ բացարձակ արգելք։ Իսկ բուն քաղաքապետի եւ քաղաքապետի ԺՊ-ի իրավասությունները, հիշեցնենք, ոչնչով իրարից չեն տարբերվում։