Իշխանությունը կհասցնի՞ ապահովել դրսի հայերի մասնակցությունը հանրաքվեին

Իշխանությունը կհասցնի՞ ապահովել դրսի հայերի մասնակցությունը հանրաքվեին

Հայտնի է, որ իշխանությունները տեւական ժամանակ է՝ սկսել են աշխատել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի շուրջ։ Կազմվել է աշխատանքային խումբ՝ պատգամավորներից ու ՀԿ սեկտորի ներկայացուցիչներից, որոնք այս թեմայով արդեն 5 հանդիպում ունեցել են՝ Ծաղկաձորում, Եղեգնաձորում եւ այլն։ «Իմ քայլից» մասնակցում են Համազասպ Դանիելյանը, որը ղեկավարում է խումբը, Արուսյակ Ջուլհակյանը, Գայանե Աբրահամյանը, «Լուսավոր Հայաստանից»՝ Կարեն Սիմոնյանը, Գեւորգ Գորգիսյանը, ԲՀԿ-ից՝ Վահե Էնֆիաջյանը, Սերգեյ Բագրատյանը։ 

Այսօր էլ միջազգային փորձագետների մասնակցությամբ քննարկում է տեղի ունենալու «Հայաստանից դուրս քվեարկություն՝ խնդիրներ եւ լուծումներ» թեմայով։ Գլխավոր դերում դարձյալ Համազասպ Դանիելյանն է։ Տպավորություն է, որ հանրաքվեից առաջ իշխանությունները մտադիր են ապահովել նաեւ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքը, որ կարողանան անցկացնել հանրաքվեի «այո»-ն։ Թերեւս մտավախություն ունեն, որ բավարար քանակի «այո» չի հավաքվելու, եւ հույսը դրել են դրսի հայերի վրա։ Նիկոլ Փաշինյանի կոչն էլ՝ գալ Հայաստան եւ մասնակցել քվեարկությանը, հենց դրան է ուղղված։

ԲՀԿ-ից Սերգեյ Բագրատյանը երեկ մեզ ասաց, որ իրենց հավաքների ժամանակ քննարկել են հիմնականում «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխության հարցը, տարբեր խմբակցություններ եւ արտախորհրդարանական ուժեր իրենց առաջարկներն են ներկայացրել, որը դեռ պետք է ստանա Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը։ Իսկ մեր նշած թեմայով քննարկում չեն ունեցել։

- Տեսակետ կա, որ այս հանրաքվեից առաջ են որոշել իշխանությունները դրսում բնակվող հայերի համար քվեարկության հնարավորություն ապահովել, որ կարողանան «այո»-ն անցկացնել։

- Դե, վարչապետի էդ կոչն ավելի շատ վերաբերում էր ՀՀ քաղաքացիություն ունեցող հայերին։ Բայց ես չեմ կարծում, որ էդպես պետք է լինի, որովհետեւ, եթե մտածում ենք, որ Հայաստանի Հանրապետության մասին են մեր օրենքները, ինչքանո՞վ է ճիշտ, որ սփյուռքում ապրող եւ Հայաստանի կենցաղով չապրող մարդը ռեալ մասնակցություն ունենա մեր ընտրություններին, հանրաքվեներին։ Եթե լինի համազգային խնդիր, ոչ թե կոնկրետ օրենքի փոփոխություն, հասկանալի կլինի դա։ Օրինակ, եթե Արցախի հետ կապված հարց լինի, դա ես համազգային խնդիր եմ դիտարկում, եւ միգուցե ճիշտ լինի, որ ամբողջ հայությունը մասնակցի։ Բայց մեր Սահմանադրության մեջ փոփոխությունները մեր ներքին կյանքին են վերաբերում։

- Դուք միտում տեսնո՞ւմ եք, որ իշխանությունները հանրաքվեից առաջ են փորձում նման բան անել, որպեսզի կարողանան իրենց «այո»-ն ապահովել։

- Չեմ կարծում։ Բացի այդ, չեն էլ հասցնի դա անցկացնել։

- Իսկ «Կուսակցությունների մասին» օրենքում ի՞նչ փոփոխություն եք նախատեսում։

- Կուսակցությունների մասին առաջարկն այն է, որ գործող օրենքով 2 հազար անդամ պետք է ունենա կուսակցությունը, որից 800-ը պիտի մասնակցի համագումարին, որ կուսակցություն գրանցեն։ Մենք փոխել ենք թվերը, առաջարկվում է, որ 500 անդամ լինի, որից 300-ը մասնակցեն համագումարին։ Բայց թվերի փոփոխություն դեռեւս նախատեսվում է, որովհետեւ մենք առաջարկում ենք ավելի իջեցնել շեմը՝ դարձնել 200 եւ 100, որովհետեւ մենք մտածում ենք, որ քաղաքակիրթ աշխարհում նախատեսված է, որ հեշտ գրանցեն կուսակցությունը։ Մյուս փոփոխությունն այն է, որ իրենք առաջարկում են, որ իրավաբանական անձինք իրավունք չունենան ֆինանսավորել կուսակցություններին, այսինքն՝ միայն ֆիզիկական անձինք իրավունք ունենան, եւ մեկ անձը՝ 5 միլիոն դրամից ոչ ավելի։ Այսինքն՝ նրանք, որոնք բիզնես-կառույցներ են, ընկերություններ են, իրավունք չունենան ֆինանսավորել, որը, մեր կարծիքով, արդյունավետ միջոց չէ, որովհետեւ էդ բիզնես-կառույցների հիմնադիրներն էլի ֆիզիկական անձինք են, որոնք կարող են դարձյալ, որպես ֆիզանձ, այդ ֆինանսավորումն իրականացնել։

- Կարո՞ղ է դա նաեւ ձեր կուսակցության դեմ է ուղղված՝ հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի բիզնեսները։

- Ենթադրվում է։ Էդպես ուղիղ տեքստով չի ասվել, բայց ենթադրվում է, որ էդպես է։