Գնել Սանոսյանը ներկայացրել է նորանշանակ մարզպետին

Գնել Սանոսյանը ներկայացրել է նորանշանակ մարզպետին

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Արագածոտնի մարզի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Սերգեյ Մովսիսյանին: Այս մասին տեղեկանում ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանին կարճ ժամանակում բավական արդյունավետ աշխատանքի, մարզային խնդիրներին արագ լուծումներ տալու համար:

Ապա Սանոսյանը շնորհավորել է Սերգեյ Մովսիսյանին և հաջողություններ մաղթել: Նախարարը նշել, որ վերջինս, լինելով մարզից ընտրված պատգամավոր, ծանոթ է մարզի խնդիրներին և շատ արագ կլծվի այդ խնդիրների լուծմանը, քանի որ մարզի առաջ բավական հավակնոտ ծրագրեր են դրված:


Արդեն նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը ևս շնորհակալություն է հայտնել աշխատակազմին կարճ, բայց արդյունավետ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել նորանշանակ մարզպետին:

Սերգեյ Մովսիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել կառավարությանը մարզի կառավարումն իրեն վստահելու համար: Նորանշանակ մարզպետը նշել է, որ Ռազմիկ Պետրոսյանը բավական բարձր նշաձող է սահմանել և ինքը կանի առավելագույնը՝ կառավարության, քաղաքական թիմի և ժողովրդի սպասումներն արդարացնելու համար: