Խաղաղություն մուրալու փաշինյանական երազանքի տրամաբանական հանգրվանը

Խաղաղություն մուրալու փաշինյանական երազանքի տրամաբանական հանգրվանը

Խաղաղություն մուրալու փաշինյանական երազանքը հասավ որոշակի տրամաբանական հանգրվանի: Վրաստանի վարչապետի միջոցով Թուրքիայի նախագահ Էրդողանին թաքուն ուղղված հանդիպման խնդրանքը հրապարակայնորեն մերժվեց: Բառացիորեն չմերժվեց, սակայն դրվեց այնպիսի մի պայման, որ ստիպելու է մտածել Նիկոլին՝ համաձայնե՞լ դրան, թե՞ ոչ: Խոսքը սյունիքյան միջանցքը թշնամուն տրամադրելու մասին է: Մինչ էրդողանյան պատասխանը միջանցքի հարցի նկատմամբ Փաշինյանը դրսեւորել էր ոչ միանշանակ վերաբերմունք:

Սկզբում բացարձակ չէր արձագանքում միջանցքն ուժով կամ առանց դրա ձեռք բերելու վերաբերյալ Իլհամի սպառնալիքներին, իսկ ինչ-որ պահից սկսած՝ սկսեց անընդհատ կրկնել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ այս տարվա հունվարի 11-ի փաստաթղթերում խոսք է գնացել ընդհանրապես կոմունիկացիաների բացման եւ ոչ թե Ադրբեջանին միջանցք տրամադրելու վերաբերյալ: 
Բայց մենք տեսանք, որ Թուրքիայի նախագահը պահանջել է տրամադրել հենց միջանցքը: Այդ ամենը նշանակում է, որ Նիկոլը ժողովրդի թիկունքում բանավոր պայմանավորվածությունների ընթացքում Իլհամին խոստացել է միջանցք, իսկ հետո ընկալել է, որ դրանով վերջ է դրվելու մեր պետականության անկախությանը՝ Հայաստանն Իրանից կտրելու եւ թուրքական շրջապատման մեջ հայտնվելու միջոցով: Մնում է, իհարկե, արտաքին աշխարհի հետ կապող վրացական ճանապարհը, սակայն մեկ անգամ չէ, որ վրացական իշխանությունները հրապարակայնորեն հայտնում են ադրբեջանցիների հետ իրենց եղբայրական եւ ադրբեջանաթուրքական երկյակի հետ ռազմավարական համագործակցության մասին:

Ինչը նշանակում է, որ անհրաժեշտության դեպքում Վրաստանը ցանկանա դա, թե ոչ՝ կատարելու է արտաքին աշխարհից Հայաստանին ամբողջովին մեկուսացնելու ադրբեջանաթուրքական պահանջը: Հիշենք սպառազինության տեղափոխման նպատակով անցյալ տարի Ադրբեջանին օդային միջանցք հատկացնելու եւ նույնը Հայաստանին մերժելու պատմությունը:  
Այսպիսով, Փաշինյան Նիկոլին հաջողվեց հերթական անգամ սխալվել՝ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի աչքում դիտարկվելով որպես դավադիր: Չեմ կարող ասել, թե ինչ է հետեւելու հերթական սխալին, բայց նիկոլական «սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» թեզը շարունակվում է կյանքի կոչվել եւ ավերածություններ գործել՝ տվյալ դեպքում դիվանագիտության ոլորտում: Ինչպես միշտ՝ հերթական անգամ հիմար վիճակի մեջ դնելով դրա հեղինակին եւ խնդիրներ ստեղծելով մեր երկրի համար: 

Սակայն Նիկոլը կարող է մեկընդմիշտ փակել սխալների շղթան՝ ներկայացնելով հրաժարականի ճանապարհային քարտեզ: Առաջին փուլում այն կներառեր խորհրդարանական ընդդիմության հետ ազգային համաձայնության կառավարության ստեղծումը՝ առանցքային նախարարական պաշտոնները զիջելով ընդդիմությանը՝ երկու փոխվարչապետերից հիմնականի (տվյալ դեպքում՝ Պապիկյանի), պաշտպանության, արդարադատության եւ արտաքին գործերի: 

Դրանով ապահովելով անցումային շրջանի անցնցումայնությունը՝ մեկ-երկու տարի անց կարող էր հրաժարական ներկայացնել եւ ընտանիքով երկրից հեռանալու թույլտվություն ստանալ՝ առանց հետագա քրեական հետապնդումների: Հենց մեկ-երկու տարի անց, քանի որ հինգ տարով Նիկոլին տրված «պողպատյա» մանդատը մեկ-երկու տարի անց կվերածվի անպետք թղթի կտորի: Եվ այդ դեպքում իշխանությունից նրա հեռանալը կլինի շատ ավելի դաժան եւ իր համար հաստատ ոչ ցանկալի տարբերակով: Կարծում եմ, որ սա կարող է լինել Նիկոլի վերջին շանսը՝ պահպանելու դեմքը եւ խաղաղ հեռանալու հնարավորությունը: