Բողոքի բազմահազարանոց ցույցեր Բեյրութում, պահանջում են պատժել ողբերգական պայթյունի մեղավորներին․ լրացվող

Բողոքի բազմահազարանոց ցույցեր Բեյրութում, պահանջում են պատժել ողբերգական պայթյունի մեղավորներին․ լրացվող

Օգոստոսի ութին հազարավոր մարդիկ դուրս են եկել Բեյրութի փողոցներ՝ պահանջելով պատժել օգոստոսի չորսին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի մեղավորներին։ Բողոքի ցույցը կրում է «Դատաստանի օր անվանումը։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Ցույցի ժամանակ հնչել են իշխող վարչակազմը տապալելու եւ հեղափոխական կարգախոսներ։ CNN-ը հաղորդում է, որ ցույցի ժամանակ տեղադրվեց խորհրդանշական կախաղան, ի նշան զգուշացման այն քաղաքական գործիչների համար, որոնց հանցավոր անփութության եւ անտաբերության պատճառով տեղի է ունեցել ողբերգական պայթյունը չորս օր առաջ։

«Կախաղան կամ հրաժարական» գրված է եղել ցուցապաստառների վրա։ Associated Press-ն էլ գրում է, որ կախաղանը, ըստ ցուցարարների, նրանց համար է, ովքեր իշխանության ղեկին են գտնվում վերջին երեսուն տարիներին։ Կախաղանին տեղ են գտել Միշել Աունի, Հասան Նասրալլահի լուսանկարները։ Առաջինը Լիբանանի նախագահն է, մյուսը՝ «Հըզբոլլահի» ղեկավարը։ Սիմվոլիկ կախաղանը դրվել է Նահատակների հրապարակում, ճիշտ այն նույն տեղում, որտեղ 100 տարի առաջ, Օսմանյան կայսրության ժամանակ իշխանությունները կախաղան էին բարձրացրել մի քանի ապստամբների։

21,00

Ցուցարարները ներխուժել են Լիբանանի ԱԳ նախարարության շենք, գրոհում են Էկոնոմիկայի նախարարության շենքը։ Այս մասին հայտնում է RT-ն։ ԱԳ նախարարության շենքը գտնվում է Աշրաֆիա շրջանում։ Ցուցարարները ունեն «Բեյրութը ապառազմականացված քաղաք է» եւ «Բեյրութը հեղափոխության մայրաքաղաքն է» ցուցապաստառներ։ Ցույցի ընթացքում տուժածների թիվը հասել է 130-ի։ Ոստիկանները կիրառում են արցունքաբեր գազ։

21,03

Լիբանանի վարչապետ Հասան Դիյաբը հայտարարել է, ընթացող բազմահազարանոց ցույցերի ֆոնին, որ անհրաժեշտ է անցկացնել արտահերթ պառլամենտական ընտրություններ՝ ճգնաժամից դուրս գալու համար։ Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն։

21,11
Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարել է, որ օգոստոսի չորսին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունը տեղի է ունեցել Լիբանանում տիրող կոռուպցիայի պատճառով։ Այս մասին հայտնում է AL-Mayadeen-ը։ «Պայթյունը, որը ցնցեց նավահանգիստը, տեղի ունեցավ կոռուպցիայի պատճառով»,- հայտարարել է վարչապետ Դիաբը։

21,14
Լիբանանյան Կարմիր խաչը տեղեկացնում է, որ Բեյրութում ընթացող բողոքի բազմահազարանոց ցույցերի հետեւանքով տուժածների թիվը գերազանցել է 170-ը։ Ավելի վաղ, հաղորդվում էր, որ տուժել է 150  մարդ։