Պատասխանների փոխարեն՝ հայտարարություն Իսրայելի ԱԳՆ-ից

Պատասխանների փոխարեն՝ հայտարարություն Իսրայելի ԱԳՆ-ից

Իսրայելի ԱԳՆ-ի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմի առնչությամբ. «Իսրայելը խորապես ցավում է զոհերի եւ վիրավորների համար, որ շարունակվող հակամարտությունը պատճառում է երկու կողմերին, մենք հույս ենք հայտնում, որ հրադադարն ուժի մեջ կմտնի եւ կկանխի հետագա արյունահեղությունը: Մենք մեծապես արժեւորում ենք Հայաստանի հետ մեր կապերի շարունակումը եւ բարելավումը, եւ մեզ համար կարեւոր է տեսնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունը շարունակվելով, միջազգային հանրության ներգրավմամբ տանի կայուն հանգուցալուծման»:

Այժմ, թե ինչու այսպիսի հայտարարություն, ինչպես է այն ծնվել եւ ինչու է ուղարկվել մեզ: Ընթացիկ երկուշաբթի փորձեցի գտնել Հայաստանում Իսրայելի ներկայիս դեսպանի կոնտակտները՝ նրանից հարցազրույց խնդրելու համար: Պարզվեց` մեր ԱԳՆ-ի կայքում որպես Իսրայելի դեսպան՝ երկու տարբեր անձանց անուն է նշված եւ մի ինչ-որ աշխատող, թե չաշխատող հեռախոսահամար` ուրիշ ոչինչ: Նույնպիսի անմխիթար վիճակում էլ Իսրայելի ԱԳՆ-ի կայքի տեղեկություններն էին: 
Զանգահարեցի մեր ԱԳՆ, խնդրեցի Հայաստանում Իսրայելի դեսպանի անուն-ազգանունը եւ հեռախոսահամարը: ԱԳՆ-ի լրատվականի աշխատակիցը փորձեց հասկանալ, թե ինչ եմ խնդրում, եւ պատասխանեց. «Մենք Իսրայելում մեր դեսպանին ետ ենք կանչել»։ Ասում եմ. «Դուք ետ եք կանչել Իսրայելում Հայաստանի դեսպանին, իսկ ես հարցնում եմ Հայաստանում Իսրայելի դեսպանի կոնտակտները»: Ընկալուչի մյուս ծայրում մի քիչ էլ մտածեցին, թե` «Գիտեք, մենք Հայաստանում Իսրայելի դեսպանատուն չունենք»:

Ստիպված բացատրեցի․ «Այո, Իսրայելի դեսպանատուն Հայաստանում չկա, բայց դեսպան կա, նա ոչ ռեզիդենտ դեսպան է, նստավայրը Երուսաղեմում է: Տվեք ինձ, խնդրեմ, այդ դեսպանի անուն-ազգանունը եւ էլեկտրոնային հասցեն»: ԱԳՆ-ի լրատվականում երեւի զգացին, որ հարցերին առհասարակ չեն տիրապետում, առաջարկեցին, որ խնդրանքս գրավոր ուղարկեմ, իրենք համապատասխան ԱԳՆ բաժնին կփոխանցեն, հետո ինձ կպատասխանեն: Այժմ էլ գրավոր ուղարկեցի նույն խնդրանքս. «Խնդրում եմ ինձ տրամադրեք Հայաստանում Իսրայելի ներկա դեսպանի անուն-ազգանունը եւ էլեկտրոնային փոստի հասցեն, եթե ունեք: Նաեւ՝ եթե կարող եք, խնդրում եմ տրամադրեք Իսրայելի ԱԳՆ 2nd Eurasian Department Central Asia & Caucasus ստորաբաժանման ներկայիս ղեկավարի անունը եւ էլեկտրոնային հասցեն:

Նախապես շնորհակալություն»: Էլեկտրոնային նամակն ուղարկել եմ երկուշաբթի՝ կեսօրին, մինչեւ հիմա պատասխանում են: Սա է ՀՀ ԱԳՆ-ի դեմքը, աշխատելու ունակությունն ու պատկերը:
Հասկանալիորեն, ժամանակ չկորցնելով ՀՀ ԱԳՆ-ից պատասխանի սպասելու վրա, մի ժամ հետո գրեցի Իսրայելի ԱԳՆ, Հայաստանում Իսրայելի նախկին դեսպանին, 2-րդ Եվրասիական դեպարտամենտի նախկին տնօրենին եւ այլն, ում տվյալներն ունեի ճիշտ տասը տարի առաջ, 2010թ. իրենց հետ արած հարցազրույցներից եւ 2011-ին Իսրայել ունեցած իմ այցից: Ասացի, որ չնայած տասը տարի է անցել, հուսով եմ՝ ինձ կկարողանան հիշել, հարցազրույցի խնդրանք ունեմ, մի քանի հարց, խնդրում եմ օգնեն ինձ՝ կապ հաստատել կա՛մ Հայաստանում Իսրայելի ներկայիս դեսպանի, կա՛մ 2-րդ Եվրասիական դեպարտամենտի տնօրենի հետ, իրենց եմ դիմում, որովհետեւ ո՛չ Հայաստանի, ո՛չ Իսրայելի ԱԳՆ կայքերից տվյալները գտնել չեն կարողանում: 

Մի երկու ժամվա ընթացքում պատասխանը եկավ, որ կարող եմ հարցերն ուղարկել տնօրեն Կագանին: Հասկանալի էր՝ խոսքը 2-րդ Եվրասիական դեպարտամենտի տնօրենի մասին է: Միանգամայն գոհ եւ շնորհակալ էի, որ Եվրասիական դեպարտամենտի տնօրենն է հարցազրույց տալու, քանի որ այդ պաշտոնյան է համակարգում Իսրայելի հարաբերությունները Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ: Հաջորդ օրը հարցերս ուղարկեցի պրն Իցխակ Կարմել-Կագանին՝ շնորհակալություն հայտնելով հարցազրույց տալու համաձայնության համար եւ, անշուշտ, նախաբանում ասելով, որ ինքս միայն ուրախ կլինեի, եթե հարցազրույցն այլ ժամանակ լիներ, այլ հարցերով, հուսամ՝ ապագայում նման հնարավորություն կլինի, բայց ներկայի իմ հարցերը թելադրված են այս պահի իրականությամբ, եւ դրանք հետեւյալն են․ 

1. Պրն Կագան, կարո՞ղ եմ խնդրել, որ մի քանի բառով ներկայացնեք համաձայնագրերը, որոնք կարգավորում են իսրայելյան սպառազինության, ներառյալ բարձրտեխնոլոգիական զինատեսակների վաճառքն Ադրբեջանին: Ապա, եթե կարելի է, արդեն մի փոքր ավելի մանրամասն ասեք, թե որ դեպքերում եւ ինչ ընթացակարգով կարող է զենքի վաճառքի համաձայնագրի կատարումն առկախվել Իսրայելում, եւ կարո՞ղ է արդյոք այդպես պատահել Ադրբեջանին վաճառվող զենքի դեպքում: 
2. Սըր, Ձեր իմացությամբ ճշմարի՞տ է այն, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին վաճառված սպառազինությունը ներկա պահին օգտագործվում է Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի եւ քաղաքացիական բնակչության դեմ հարձակումներում: Իմիջիայլոց, եթե Ձեզ սա կհետաքրքրի` անցյալ շաբաթ CNN-ին տրվող հարցազրույցում նախագահ Ալիեւն ինքը հայտարարեց, որ Բաքուն օգտագործում է թուրքական, ռուսական, իսրայելական եւ այլ երկրների արտադրության զենքեր՝ «Ադրբեջանի գրավյալ հողերն ազատագրելու համար», ինչը, ըստ էության, նշանակում է` Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմելու համար: 

Հետեւաբար, արդյոք դուք ստացե՞լ եք, կամ Ձեզ անհրաժե՞շտ են ապացույցներ, որ իսրայելական զենքով Լեռնային Ղարաբաղում սպանվում են հայեր եւ ավերվում են հայկական բնակավայրեր, եւ ի՞նչ կարող է փոխել նման ապացույցը, եթե այն ձեր ձեռքում է: 
3. Մեկ օր առաջ՝ կիրակի օրը, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով երեւի թե եղել եւ մնում է ամենից հավասարակշռված, պատասխանատու եւ խոհուն գործիչը Հայաստանի քաղաքական դաշտում, հայտարարություն արեց` խստագույնս դատապարտելով Իսրայելին, բառացիորեն գրելով, թե «ապշեցուցիչ է, ինչպե՞ս կարող է ահավոր ցեղասպանության զոհ դարձած մի ազգի կառավարություն, զուտ մերկանտիլ շահերից դրդված, ակտիվորեն սատարել մի այլ ազգի նկատմամբ կիրառվող բացահայտ ցեղասպանությանը»: Ահա թե ուր ենք հասել: 
Դուք ի՞նչ կպատասխանեք նախագահ Տեր-Պետրոսյանին եւ բոլոր այն հայերին աշխարհում, ովքեր իրերի դրությունը նույնկերպ են տեսնում: 
4. Պրն Կագան, գիտեք, ես՝ ինքս, համակարծիք չեն նրանց հետ, ովքեր մտածում են, թե Իսրայելն Ադրբեջանին սատարում է հանուն դրամի: Ես կարծում եմ՝ Ադրբեջանին օժանդակելու, զինելու Իսրայելի հիմնական շահագրգռությունը (եւ այս մասին գրել եմ) Իրանի սահմանին հասնելու, այնտեղ հենման կետ, ֆորպոստ ունենալու ձգտումն է: Լեռնային Ղարաբաղի կողմից վերահսկվող Ֆիզուլիի եւ Ջեբրայիլի անմարդաբնակ շրջանները, որտեղ այս պատերազմի ամենածանր մարտերն են ընթացել, բավականին հարմար ֆորպոստ են թվում: Դուք կընդունե՞ք իմ տեսակետը, թե՞ կապացուցեք ինձ, որ սխալ եմ: 
5. Եվ մի վերջին հարց․ Դուք ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի դերը, որն Ադրբեջանին կոչ է անում շարունակել Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմը, մինչ աշխարհի երեւի թե մնացյալ բոլոր երկրները հրադադարի կոչ են անում: Ձեզ անհարմարություն չի՞ պատճառում, որ Իսրայելը Թուրքիայի կողքին է հայտնվել` օժանդակելով հակամարտող կողմին: Դուք ինչպե՞ս կձեւակերպեք Իսրայելի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի այս պատերազմի նկատմամբ, եւ վերջում․ կա՞ մի բան, որ կուզեք ասել հայությանը: 

Ազնվորեն պետք է ասեմ՝ առաջին անգամ էր իմ կյանքում պատահում, որ դիվանագետի ուղարկում էի հարցեր, որոնց պատասխաններն ինքս չգիտեի: Որպես կանոն, ես որքան հարցազրույցներ եմ վերցրել դիվանագետներից, ինքս նախապես պատկերացրել եմ, թե իմ տված որ հարցին մոտավորապես ինչ պատասխան կհնչի: Իհարկե, պատահել է, որ ասել են ավելին, քան ինքս գիտեի կամ սպասում էի, բայց հետո չեն համաձայնել որ դա տպագրեմ: Պատահել է, որ հարցազրույցի ընթացքում տամ մեկ-երկու այնպիսի հարց, որի պատասխանը ինքս չգիտեմ: Ամենավառ նման դեպքը, որ մնացել է հիշողությանս մեջ, Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպաններից մեկից` Սերժ Սմեսովից էի հարցազրույց վերցնում եւ նրան, ի թիվս մնացյալի, հարցրել էի, թե Հայաստանում քանի հոգի է ֆրանսերեն խոսում, որ Հայաստանը դառնա Ֆրանկոֆոնիայի անդամ: Այնպես էր զուգադիպել, որ նույն օրերին Սմեսովին գրավոր հարցեր էի ուղարկել, իսկ ԱՄՆ դեսպանին` Մարի Յովանովիչին, հանդիպել էի, որովհետեւ բանավոր հարցազրույց էի վերցնում: Չեմ հիշում՝ խոսակցությունն ինչպես գնաց, բայց Յովանովիչին պատմեցի, թե Սմեսովին ինչ եմ հարցրել: Ժպտաց, թե. «Շատ լավ հարց է… եւ ինչ պատասխանեցի՞ն»: Ասացի` չգիտեմ, պատասխանը դեռ չեմ ստացել: Եվ այդ դրվագը մնացել է հիշողությանս մեջ:

Բայց այսպիսի դեպք, ինչպես պրն Կագանին ուղարկած հարցերս էին, որ հինգ հարց ուղարկեմ ու ոչ մեկի պատասխանը գոնե մոտավոր չենթադրեմ, չպատկերացնեմ անգամ, թե ինչ է հնարավոր դրանց պատասխանել, առաջին անգամ էր պատահում: Հետեւաբար, առանձնապես զարմանալի չէր, որ Իսրայելի ԱԳՆ-ում էլ էին դժվարացել դրանց պատասխանել: Հարցերն ուղակելու հաջորդ օրը Իսրայելի ԱԳՆ-ի փոխխոսնակից գրություն ստացա: Շնորհակալություն էր հայտնում հարցերի համար եւ ասում էր, որ այս պահին տվյալ թեմայով չեն կարող հարցազրույց տալ: Առաջարկում էր ավելի ուշ, դեսպանի` Հայաստան այցերից մեկի ժամանակ հարցազրույց կազմակերպել: Նաեւ գրել էր, որ պաշտպանությանը եւ անվտանգությանն առնչվող հարցերով իրենք մեկնաբանություն չեն տալիս եւ ներկա պահին հետեւյալ ընդհանուր հայտարարությունը կարող են անել Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումների վերաբերյալ: 

«Իսրայելը խորապես ցավում է զոհերի եւ վիրավորների համար» եւ այլն, այս հոդվածի սկզբում մեջբերված տեքստը: Իմ պատասխանում, իհարկե, ասացի, որ ես կնախընտրեի հարցերի պատասխանները ստանալ, ոչ թե բացատրություն, թե ինչու չի կարող պատասխան լինել: Սակայն ամփոփելով՝ ցանկանում եմ ասել հետեւյալը․ իհարկե, կարելի է այնքան սուր եւ ուղիղ հարցեր ուղարկել, որոնց բարդ լինի պատասխանել, կարելի է արդարացիորեն Իսրայելից պահանջել, որ այս օրերին, պատերազմի ընթացքում դադարեցնի զենքի մատակարարումն Ադրբեջանին, բայց Իսրայելին մեղադրել, թե ինչու է Ադրբեջանին զենք վաճառում, հիմնավորված մոտեցում չէ: Բազմիցս հայտարարվել է, որ Իսրայելը նույն զենքն առաջարկել է Հայաստանին, նույնիսկ ավելի լավ պայմաններով: Ո՞ւմ մեղքն է, որ Հայաստանի իշխանություններն այն չեն գնել… Իսրայելի՞: Հազիվ թե: Եվ ոչ էլ Իսրայելի մեղքն է, որ իրենց զենքն զգալիորեն արդյունավետ է, քան ռուսականը: Զենք գնելիս պետք է մտածել: 

ՀԳ Հոդվածի հրապարակումից հետո ՀՀ ԱԳՆ-ից զանգահարեցին, զրուցեցինք: Պարզվեց, երկուշաբթի օրը իմ զրուցակիցը եղել է տեխնիկական աշխատակից: Լրատվականի աշխատակիցների  ոչ մեծ թվի համար այս օրերին ծանրաբեռնվածության այնպիսի ծավալ է ստեղծվել, որ զանգերին պատասխանելը թողնված է օժանդակող աշխատակիցներին:

Իսկ թե գրավոր ուղարկած խնդրանքիս ինչու չէին պատասխանել, պարզվում է ԱԳՆ-ում նույնպես փաստաթղթաշրջանառության Mulberry համակարգն է գործում, եւ որպեսզի իմ հարցումն այդ համակարգում երեւար, համապատասխան բաժնից էլ արձագանքեին, պետք է ոչ թե էլեկտրոնային փոստին գրեի, այլ կայքում տեղադրված հարցման ձեւը լրացնեի: Միով բանիվ՝ տեխնիկական թերություններ: