Աշոցքի համայնքապետ է ընտրվել ՔՊ անդամը, 2-րդ տեղում է ՀՀԿ-ականը

Աշոցքի համայնքապետ է ընտրվել ՔՊ անդամը, 2-րդ տեղում է ՀՀԿ-ականը

Շիրակի մարզի խոշորացված Աշոցք համայնքում նախնական տվյալներով համայնքապետ է ընտրվել ՔՊ-ական, համայնքապետի ԺՊ Կարեն Մանուկյանը։ Հավաքել է մոտ 1300 ձայն։

Ի դեպ, նա  Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի կադրն է, որին համայնքապետի ԺՊ նշանակեց հենց նա։ 

Այս անգամ Աշոցքում ընտրություններն այնքան թեժ էին, որ համայնքապետի պաշտոնի համար պայքարում էին 7 թեկնածու, և ուշագրավ է՝ 2-րդ տեղում է ՀՀԿ անդամ Արթուր Ալոյանը։ Սկզբում նա հաղթում էր որոշ տեղամասերում, սակայն վերջնահաշվարկում Կարեն Մանկույանն առաջ անցավ։

Ի դեպ, Կարեն Մարուկյանի հետ կապված Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը (որի մորաքրոջ տղան իր թեկնածությունը նույնպես առաջադրել էր Աշոցքի համայնաքապետի պաշտոնի համար), ֆեյսբուքյան իր էջում ընտրություններից առաջ գրառում էր կատարել՝

«Զվարճալի պատմություններ Աշոցք համայնքի ղեկավարի ընտրություններից: Շարունակ մտածում էի չխառնվել, բայց քանի որ կրկեսը եկել հասել է մեր դուռը, ու հետո ասելու են՝ բա գիտեիր՝ կասեիր էլի, հիմա պատմեմ: Անցած աշնանը, հեղափոխությունից հետո, երբ այն մի կերպ հասավ Աշոցք, հանրապետական համայնքապետը հրաժարական տվեց, ապա Կարեն Մանուկյանին նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը նոյեմբերին նշանակեց համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Այս ընտրություններում առաջադրվել է 7 թեկնածու, մեկը գործող պաշտոնակատարը, մյուսը նախկին համայնքապետը, եւ ուրիշներ: Ոչ մեկին ՔՊ կուսակցությունը պաշտպանելու հայտարարություն չի արել:

Կարեն Մանուկյանը պաշտոնակատարի իր կարգավիճակը հավանաբար չչարաշահելու կամ չարաշահելու մեջ չմեղադրվելու համար, 2019 թ. հունվարի 31-ին ինքն իրեն չվճարվող արձակուրդ է ուղարկել փետրվարի 5-15-ը՝ քարոզարշավի ընթացքում: Նույն կարգադրությամբ համայնքի ղեկավարի պարտականությունները դրել է իր տեղակալ Կարեն Աբրեյանի վրա: Հիմա պարզվում է, մարդը բոլորովին էլ արձակուրդում չի եղել, իր քարոզարշավը զուգադրել է համայնքի ղեկավարի պարտականությունները կատարելու հետ: Կից ներկայացնում եմ մի քանի քաղվածք ashotsq.am կայքից, որտեղ շատ տհաճ կերպով երեւում է, որ Կարեն Մանուկյանը արձակուրդային 11 օրերի ընթացքում արդեն 9 որոշում է ընդունել եւ հրապարակել: Առաջինը ամսի 5-ին, իսկ ամենաթարմը՝ երեկ՝ ամսի 15-ին:

Ընդունած որոշումներից մեկով արձակուրդում գտնվող թեկնածուն որոշել է Սիզավետ գյուղում ինքնակամ զբաղեցրած 0,02498 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 68 քառակուսի մետր արտաքին մակերեսով խանութի շենքը ճանաչել օրինական, այն համարել Աշոցք համայնքի սեփականություն, ապա՝ նույն հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված, այն ընդգրկել հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի կազմում, այնուհետեւ՝ նախապատվության իրավունքով՝ ուղղակի վաճառքով, այն տրամադրելու առաջարկ անել տվյալ կառույցը իրականացրած քաղաքացի Սասուն Հենրիկի Քոթանջյանին: Հաճելի է չէ՞, անօրինական կառուցը օրինականացնել, հողի կարգավիճակը փոխել եւ ծախել անօրինական կառուցապատողին:

Կարելի է ասել՝ հա ի՞նչ, մարդուն լավություն է անում, բայց հետաքրքիր է՝ չէր կարելի՞ այդ որոշումը մինչեւ թեկնածու առաջադրվելը, կամ մինչեւ քարոզարշավը ընդունել, կամ թողնել հաջորդ հայմանքապետին, կամ, եթե ինքը կընտրվեր, ամսի 18-ին առավոտ կանուխ ընդուներ: Սա այն դեպքն էլ չէ, որ ինչպես ասում էր Սերժիկը «փաստաթղթերով ամեն ինչ կարգին է»: Պարզվում է կարգին չէ, չէր կարող արձակուրդում եղող մարդը ի պաշտոնե որոշումներ ընդունել: Տեսնես ինչու է Կարեն Մանուկյանը այդպես սրտանց կամեցել էդ լավությունը անել Սիզավետի ապօրինի կառուցապատողին: Կարող է՞ դեմը ընտրություններ են եղել: Տեսնես ի՞նչ էին ասում այս լավությանը սերժաբարո ժամանակներում: Իհարկե պատմությունը իսկապես զվարճալի կլներ եւ ոչ թե այսպես տխուր, եթե այն Սոմալիում եղած լիներ: Սա մեր նոր Հայաստանում է տեղի ունենում:

Ի՞նչ կարելի է անել: Արդար կլինի, որ Կարեն Մանուկյանը հրաժարվի ընտրություններին մասնակցելուց, ճիշտ է մնացել է հազիվ մեկ օր ընտրություններին, եւ քվեաթերթիկները տպված են, բայց դիրքի չարաշահման մասին հրապարակային հայտարարությունն ու այդ հիմքով հրաժարումը արդար կլինի նոր Հայաստանի համար, թող մարդիկ իմանան եւ ընտրությունը կատարեն մնացած 6 թեկնածուներից: Մյուս տարբերակը ավելի վատն է, մյուս 6 թեկնածուները կարող են հրաժարվել ընտրություններին մասնակցելուց, թողնելով Կարեն Մանուկյանին միայնակ, որից ինքը հավանաբար գոհ ու երջանիկ կլինի: Անկախ նրանից, թե իշխանություններն ինչպես կվերաբերվեն էս ապօրինությանը, անկախ ընտրությունների ելքից, կարող եմ արձանագրել, որ Կարեն Մանուկյանը իր վրա հրավիրեց իմ համակ ուշադրությունը: Ես էլ պարտավոր եմ հրավիրել իշխանությունների եւ իրավապահների ուշադրությունը:

ՀԳ. Տեղեկացնեմ, որ թեկնածուներից մեկը, ինչպես ավելի վաղ ասել էի, մորաքրոջս որդին է: Սակայն այս հրապարակումը կապ չունի այդ հանգամանքի հետ, մենք երկու քրոջ որդիներ էինք դեռ սովետի ժամանակներից, ու Կարեն Մանուկյանի այս քաջագործությունը հուսամ չի կատարվել այն կանխավարկածով, որ այս մասին ես հրապարակային հայտարարություն անեմ եւ հրավիրեմ իրավապահների ուշադրությունը իր վրա»։